կարևոր
619 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-08 17:54
Հասարակություն

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի հարցազրույցը ցեղասպանագետ Արա Քեթիբեանի հետ

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի հարցազրույցը ցեղասպանագետ Արա Քեթիբեանի հետ

Պարոն Քեթիբեան, խնդրեմ մի քիչ պատմեք Ձեր մասին։

Ծնվել եմ Լիբանանի Տրիպոլի քաղաքում, որը հայերով քիչ է բնակեցված, Լիբանանի և Սիրիայի սահմանի մոտ է։ Լիբանանի մի շարք քաղաքներում ապրելուց հետո հաստատվել ենք Բեյրութում։ Փոքր հասակից աշակերտել եմ Մխիթարյան վարժարանում, իսկ 11 տարեկանից արդեն գնացել եմ Վենետիկ՝ Սուրբ Ղազար, այնտեղ կրթություն ստանալու։ Վենետիկում վաղ հասակից մեզ սովորեցնում էին ուսումնասիրություններ անել, թեզեր գրել հայագիտական տարբեր ոլորտներից, և այդ տարիներից եմ սովորել հետազոտություններ կատարել։ Դրանից հետո ուսումնասիրել եմ դասական լեզուներ՝ հին հունարեն և լատիներեն, ու փիլիսոփայության դասընթացների հետևել Հռոմի Գրիգորյան համալսարանում։ Ապա փոխադրվել եմ Լիբանան և աշխատել «Արարատ» թերթի խմբագրության կազմում, հետո մեկ տարի հայոց պատմությու և հայոց լեզու եմ դասավանդել Կիպրոսի Մելգոնեան կրթական հաստատությունում։ Ապա տեղափոխվել եմ Ավստրալիա, որտեղ փոխել եմ մասնագիտական ուղությունս և մասնագիտացել հաշվապահության մեջ։ Աշխատել եմ փողերի լվացման դեմ պետական կառույցներում, ապա՝ այդ ուղղությամբ մասնավոր ընկերություն հիմնել։ 2018 թ․ սկզբներին փոխադրվել եմ Հայաստան։

Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ցեղասպանագիտական հետազոտություններով։  

Ցեղասպանության մասին ուսումնասիրություններն սկսել եմ 2007 թ․։ Այդ տարվա սկզբին այցելեցի Սուրբ Ղազար կղզի, որտեղ ավարտելուց ի վեր, 1975-ից հետո, չէի եղել, և երկու ամիս մնացի այնտեղ ու շփվեցի վանականների հետ։ Հայր Վահան Օհանյանը մի փորձ էր արել հավաքելու մեկ գրքի մեջ ՛՛New York Times՛՛-ի մի քանի տարիների նյութերը, որը սակայն շատ անհաջող էր ստացվել։ Գիտական աշխատանքը, հետևի ցանկերը մասնագիտական առումով հաջող չէին կատարվել, թերի էին։ Նա ինձ խնդրեց այդ գործում օգտակար լինել, և այդ ժամանակից սկսեցի աշխատել այդ ուղղությամբ, իսկ հետո արդեն ճյուղավորվեցի տարբեր ոլորտների մեջ՝ որբերի մասին, բռնի կրոնափոխության և այլ թեմաներով։

Պարոն Քեթիբեան, արդեն 14 հատոր եք հրատարակել, կխնդրեմ ներկայացնեք, թե ո՞ր թերթերն են ընտրվել, և ցեղասպանագիտական ո՞ր ոլորտներին առնչվող նյութեր են պարունակում դրանք։

Հրատարակվել են երկու սկզբունքով․ մի մասն ընդհանուր մատենաշար է՝ նախատեսված է 10 հատորով հրատարակվելու, որից 7-ն արդեն լույս է տեսել․ սրանք վեց առավել համբավավոր օրաթերթեր են, որոնք մինչև հիմա լույս են տեսնում՝ The New York Times, The Boston Daily Globe, The Washington Post, The Cristian Science Monitor, The Chicago Tribune, The Los Angeles Times: Արդեն հրատարակության համար պատրաստ են երկու հատորով The Chicago Tribune և մեկ հատորով The Los Angeles Times օրաթերթերի նյութերը։

Այս տասհատորյա մատենաշարից բացի՝ ոլորտների բաժանված հատորներ էլ են լույս տեսել, որոնք, սակայն, միայն այս վեց օրաթերթերից չէ, որ քաղված են, այլ ընդհանուր՝ փոքր, միջին, մեծ թերթերից հանված նյութեր են պարունակում։ Սակայն մինչ այդ բացատրեմ թե ինչու հենց ամերիկյան մամուլ, թե ինչու է շատ կարևոր ամերիկյան մամուլը։

Առաջին հանգամանքն այն է, որ անկախությունից ի վեր ամերիկացի հասարակությունը, շարքային ամերիկացին սնվում էր օրաթերթով, և մեկ ամերիկացին մեկից ավել օրաթերթ էր կարդում։ 500-600 բնակիչ ունեցող փոքր գյուղերում պետք է անպայման օրաթերթ տպեին, և եթե դրա միջոցները չգտնվեին, մոտակա քաղաքներից անպայման պետք է բերեին օրաթերթերը, որ ժողովուրդը կարդար։ Ամերիկացի շարքային քաղաքացին շատ բծախնդիր էր, նա պետք է ստանար իր տեղական, ազգային և միջազգային լուրերը, և նրանք ճնշում  էին բանեցնում խմբագիրների վրա, որ որակյալ տեղեկություններ տրամադրվեն իրենց։ Նույնիսկ ԱՄՆ հիմնադիր հայրերից Թոմաս Ջեֆերսոնը մի խոսք ունի՝ «Նախընտրում եմ ունենալ մամուլ առանց պետության, քան պետություն առանց մամուլի»։ Այսինքն նա ավելի առաջնահերթ էր համարում մամուլը, քան կառավարությունը։ 20-րդ դարասկզբին, երբ տեղի էր ունենում Ցեղասպանությունը, աշխարհում տպագրվող մամուլի կեսը, եթե ոչ ավելին, լույս էր տեսնում ԱՄՆ-ում։

Երկրորդ հանգամանքը, որը ևս կարևոր է, ամերիկացիները վաղուց, 1915 թ․ գրեթե մեկ դար առաջ ներկայություն ունեին Օսմանյան Կայսրությունում, մանավանդ հայկական նահանգներում, շատ միսիոներներ կային, հարյուրավոր, որ տասնյակ կենտրոններ, դպրոցներ, հիվանդանոցներ ունեին, նույնիսկ համիդյան կոտորածներից հետո որբանոցներ էին հիմնել։ Այսինքն կային ամերիկացի հարյուրավոր ականատեսներ, և լուրերը, որոնք հասնում էին ամերիկյան թերթերին և տպվում էին, շատ հաճախ որպես աղբյուր ունենալով միսիոներներին, ովքեր լուրերը հասցնում էին իրենց հյուպատոսարաններ, սրանք էլ ուղարկում էին դեսպանատուն՝ Կ․ Պոլիս, որն էլ ուղարկում էր Ամերիկա։ Ամերիկյան մամուլը Օսմանյան Կայսրությունում ուժեղ ցանց ուներ, մանավանդ 1894-96 թթ․ համիդյան ջարդերի ժամանակ, որին ամերիկյան մամուլը շատ լայն արձագանք է տվել։ Այդ տարիներից ի վեր ամերիկյան հանրությունը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել Հայկական հարցով, հայ ժողովրդով։

Երրորդ հանգամանքն այն է, որ ամերիկյան միսիոներները աշխատում էին հայերի մեջ, և այն, ինչ տեղի էր ունենում հայերի հետ, ամերիկյան հանրության աչքում սպառնալիք էր նաև իրենց միսիոներների և նրանց ընտանիքների նկատմամբ։ Արևմտյան Հայաստանում առաքելություն իրականացնող միսիոներների մեծ մասը պատկանում էր հայտնի և ազդեցիկ միսիոներական ընտանիքների, նրանցից շատերը հաստատվել էին Օսմանյան Կայսրությունում, այնտեղ զավակներ, թոռներ ունեին, օսմանյան քաղաքացիներ էին, վարժ տիրապետում էին թուրքերեն, հայերեն և օսմանահպատակ այլ ժողովուրդների լեզուներին։ Նրանք Ամերիկայում ունեին ընտանեկան, քաղաքական, հասարակական լայն կապեր, որովհետև, ինչպես արդեն նշեցի, ազդեցիկ միսիոներական ընտանիքներ էին, և նրանց խոսքը կշիռ ուներ։ Այս լրատվություները ամերիկյան մամուլում տպագրվելով հասարակական մեծ արձագանք էին առաջացնում, և սա է պատճառը, որ Ցեղասպանությունից հետո ամերիկյան հասարակությունը այսքան մեծ օգնություն հանգանակեց հօգուտ հայ ժողովրդի։

Խնդրեմ հակիրճ ներկայացրեք թեմատիկ հատորները։

Սկսեմ կրոնափոխության թեմատիկ հատորից։ Ինչպես հայտնի է, Օսմանյան Կայսրությունում բռնի կրոնափոխությունը «գյավուրների» վրա իշխելու, տիրապետելու շատ ընդունված միջոց էր, և այդ հոգեբանության արտահայտությունն էր նաև (ինչը այսօր ևս տեսնում ենք Ադրբեջանի պարագայում) եկեղեցիների վերածումը մզկիթների․ սա իսլամական այն գաղափարախոսության դրսևորումն էր, ըստ որի իսլամադավանը պիտի տիրապետի ոչ հավատացյալի, նրա գույքի, հավատքի վրա և այլն, այնպես որ դավանափոխությունը զարմանալի բան չէր Օսմանյան Կայսրությունում, հնուց էր գործադրվում։ Բեռլինի դաշնագրի ստորագրումից հետո սկսվեց հայերի գլխացավանքը, քանի որ Օսմանյան Կայսրության վրա բարեփոխումներ իրականացնելու պարտականություն դրվեց հայկական նահանգներում, և սուլթանը որոշեց այդ հարցը լուծել ջարդերով հայերի թվաքանակը նվազեցնելու հաշվին, և այդ թե՛ համիդյան ջարդերին, թե՛ Ադանայի կոտորածներին և թե՛ Մեծ Եղեռնին զուգահեռ միշտ ընթացել է նաև կրոնափոխությունը։ Դա Ցեղասպանության երեք գործիքներից մեկն էր․ առաջինը զանգվածային սպանություններ էին, ապա՝ տեղահանությունները, և երրորդը՝ կրոնափոխությունը։ Ըստ էության սպանելն ու տեղահանությունը նույնն էին, քանի որ առողջապահական նկատառումներից ելնելով մեծ քաղաքներում զանգվածային սպանությունները գործնական չէին, և ժողովրդին տեղահանելով, սպանում էին աքսորի ճանապարհների վրա կամ տարագրության վերջնակետում՝ անապատներում։ Իսկ նրանք, ովքեր ինչ որ կերպ խուսափել էին մահից և տարագրությունից, բռնի կերպով կրոնափոխ էին արվում։ Նպատակը հայ ինքնության ամբողջական վերացումն էր։ Հատորում ներկայացված են Կ․ Պոլսից տրված կրոնափոխության հրամանագրերը։ Եղել են դեպքեր, երբ հայերը իրենց ընտանիքները մահից փրկելու համար ներկայացել են կրոնափոխության, ջարդարարները պնդել են, որ 100 հոգուց պակաս չեն ընդունում կրոնափոխության․ սա պատրվակ էր, որ եթե հայերը չկարողանային պահանջված թվով մարդկանց հավաքել կրոնափոխության համար՝ սպանեին նրանց։

Բռնի կրոնափոխությունը ուներ իր ենթատեսակները․ առաջինը հենց բռնի կրոնափոխությունն էր, ապա՝ բռնի ամուսնությունը իսլամադավանի հետ և վերջում՝ հայ երեխաների բռնի փոխանցումը մուսուլման ընտանքի կամ որբանոցներում իրականացված կրոնափոխությունը։ Վերջինիս մասին ավելի մեծածավալ նյութեր են հավաքված հայ որբերին վերաբերող թեմատիկ հատորում, որը ներառում է 1894-1930 թթ․, երբ մերձավորարևելյան ամերիկյան որբանոցները փակվեցին, քանի որ երեխաները արդեն մեծացել էին, և մանկատների կարիքն այլևս չկար։

Հրատարակվել են նաև ասորիների և հույների ցեղասպանություններին վերաբերվող թեմատիկ հատորեր։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ կազմել այս հատորերը․ պատճառներ շատ կան, և առաջին պատճառն այն է, որ մենք բախտակից ժողովուրդներ ենք։ Օրինակ համիդյան կոտորածների ժամանակ շատ ասորիներ էլ են սպանվել, Ադանայի ջարդերի ընթացքում շատ ասորի և հույն քրիստոնյաներ են կոտորվել։ Երկրորդ պատճառն այն է, որ ըստ ցեղասպանության դեմ թուրքական թեզի, հայերի նկատմամբ նման վերաբերմունքը պայմանավորված էր հայերի դավաճանական վարքագծով և օսմանյան տերության համար վտանգավոր լինելով, մասնավորապես ռուսական բանակի կազմում կռվող հայերի մեծ թվով պայմանավորված, ինչպես նաև Վանի ինքնապաշտպանությունը որպես ապստամբություն ներկայացնելով։ Այս կեղծ թեզը մինչև հիմա կարող եք հանդիպել դպրոցներում, ամենուր։ Այսպես, եթե հայերը ապստամբ ու դավաճան էին, ինչու կոտորեցիք մյուս ժողովուրդներին՝ հույներին ու ասորիներին։ Սա է այս հատորների նպատակը։ Եվ շատ կարևոր է որ սփյուռքում այս կեղծ թեզի դեմ աշխատենք հույների և ասորիների հետ միասին, մեկ ճակատով, ինչը վերջին շրջանում տեսնում ենք։ Օրինակ երկու տարի առաջ Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչեց, որ ցեղասպանությունը իրականացվել է հայերի, հույների և ասորիների նկատմամբ։

Ոչ հույները, ոչ ասորիները նման ծավալի և բնույթի ուսումնասիրություն չունեին, և այս աշխատանքը ես իմ կողմից, հայ ժողովրդի կողմից նվիրել եմ հույն և ասորի ժողովրդին, ինչ համար նրանք հայտնել են իրենց երախտագիտությունը։ Հույների ցեղասպանության հատորի նախաբանում Սալոնիկի և Նիկոսիայի համալսարանների հույն պրոֆեսորներ գրել են այդ մասին։

Հույների ցեղասպանության հարցում մի խնդիր կա․ նրանք չունեն մեկ ընդհանրական օր հույների ցեղասպանության ոգեկոչման համար։ Ապրիլի 6-ը նշվում է որպես Արևելյան Թրակիայի հույների ցեղասպանության որ, մայիսի 19-ը՝ Պոնտոսի հույների ցեղասպանություն համար, և սեպտեմբերի 14-ը՝ Զմյուռնիայի հույների ցեղասպանության համար։ Այս հատորը, որը պատրաստել եմ, կոչվում է «Օսմանյան հույների ցեղասպանությունը», և նպատակ ունի այս երեք ամսաթվերը միավորելու։ Դժբախտաբար իրենք հույները, անգամ կառավարության մակարդակով, միաբանված չեն այս հարցում, և որոշ գործիչներ, երբ Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրինակն են բերում, նշում են, որ հայերը չեն անջատում իրարից ցեղասպանության տարբեր իրադարձությունները, չեն ասում Վանի կոտորածներ կամ Կեսարիայի կոտորածներ, այլ մեկ միասնական են ընկալում այդ ողբերգությունը։

Ասորիները ցավոք պետականություն չունեն, և դա իրենց գլխավոր խնդիրն է, քանի որ միջազգային հարթակներում ներկայացուցչություն չունեն, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց շահերը, և դա ևս ասորիների ցեղասպանությանը նվիրված թեմատիկ հատորը պատրաստելուս պատճառներից մեկն է։

Հրատարակվել են նաև երկու հատոր ազերիական, կովկասյան թաթարների իրականացրած վայրագությունների մասին, որոնք ներառում են 1905-1920 թթ․ ժամանակահատվածը, և պարունակում են հայ-թաթարական բախումների, Բաքվի կոտորածների, Նախիջևանի, Շուշիի ջարդերի մասին ամերիկյան մամուլում հրատարակած նյութեր։ Այստեղ տեղ են գտել քրդերի հրահրումների, թուրքերի միջամտությունների մասին փաստական նյութեր։

Պարոն Քեթիբեան, ապագայում ի՞նչ ծրագրեր եք իրականցնելու, նոր հատորներ պատրաստվու՞մ են հրատարակության։

Ինչպես արդեն նշեցի, ընդհանուր մատենաշարով լույս է տեսնելու երեք հատոր, և առաջարկ եմ ստացել պատրաստել համիդյան ջարդերի մասին թեմատիկ հատորը։

Շնորհակալ ենք այս անգնահատելի աշխատանքի և հարցազրույցի համար։

 Ես էլ եմ շնորհակալ։

Զրուցեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net