կարևոր
5197 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-25 17:37
Քաղաքական

Սիրիահայ մտավորական Ավո Գաթրջյանի գրքերը ներկայացվեցին Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

Սիրիահայ մտավորական Ավո Գաթրջյանի գրքերը ներկայացվեցին Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում իր հեղինակած աշխատությունները ներկայացրեց սիրիահայ մտավորական, բազմաթիվ հոդվածների, գրքերի և երգերի հեղինակ Ավո Գաթրջյանը։

Akunq.net-ի փոխանցմամբ՝ միջոցառման սկզբում բանախոսին ներկայացրեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, հայագետ Հայկազուն Ալվրցյանը, ով գնահատանքի խոսքեր ասելով Ավո Գաթրջյանի գրքերի վերաբերյալ՝ նաև հույս հայտնեց, որ նա կշարունակի իր բեղուն աշխատանքը։

Գլխավոր բանախոս Ավո Գաթրջյանն իր ելույթն սկսեց շնորհակալական խոսքով՝ ընդգծելով, որ առաջին անգամ է, որ Հայաստանում մեկ ձեռնարկի շրջանակներում ներկայացվում են իր բոլոր գրքերը։

 Բանախոսն իր հեղինակած աշխատությունները պայմանականորեն բաժանեց 3 հիմնական ոլորտների՝ բառարանագիտություն, հայոց պատմություն և Հայոց ցեղասպանություն։ Նա նկատի առնելով, որ հայոց լեզուն ընդհանրապես ընկալունակ է օտար բառերի և օտարաբանությունների հանդեպ, 2008 թ․ որոշել է հրատարակել «Բառագիտութիւն եւ օտարաբանութիւն» ուսումնասիրությունը, որը ներառում է ուղիղ 1000 օտար բառեր ու բառակապակցություններ՝ իրենց բացատրություններով:

2009 թ. Հալեպում լույս է տեսել Ավո Գաթրջյանի «ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ ԵՒ ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԲԱՌԱՐԱՆ» խորագրով գիրքը: Այս բառարանում ընդգրկված են անցյալի և ժամանակակից արևելահայերենի եւ արևմտահայերենի մեջ օգտագործվող հապավումներ ու համառոտագրություններ՝ իրենց վերծանությամբ: Այս աշխատությունը շուրջ 20 տարվա տքնաջան աշխատանքի արդյունք է։ Այն ուղղված է ուսանողներին, գիտնականներին, լրագրողներին և ընթերցողների լայն շրջանակի։

Այնուհետև սիրիահայ մտավորականն անդրադարձավ հայոց պատմության ոլորտին պատկանող իր աշխատություններին։ Այս բնագավառում իր կողմից հեղինակած առաջին գիրքը «ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԻՋԵՒԱ՞Ն, ԹԷ՞ ԽԵՂԱԹԻՒՐՈՒԱԾ «NAXÇIVAN» –ն է, որ տպագրվել է 2006 թ․, Հալեպում։ 95 էջից բաղկացած սույն պատկերազարդ գիրքկը կազմված է 10 հետևյալ բաժիններից․

«- Ստալինեան կամայականութեամբ համայնավարութեան գործած աւերը,

– Խաբուսիկ դաշնագրերով զոհաբերուած Նախիջեւանը,

– Կարգ մը գլխաւոր բնօրրաններ,

– Ականաւոր դէմքեր,

– Մեծածաւալ խեղաթիւրում,

– Մշակութային ժառանգութեան ոչնչացում,

– Հայկական պետականութեան ծրագիրներուն համար հիմնական կէտ,

– «Նախիջեւան» (երգ),

– Օգտագործուած աղբիւրներ,

– Բովանդակութիւն»։

Ըստ հեղինակի՝ գրքի նպատակն է ամփոփ ձեւով ներկայացնել, որ Նախիջևանը հայկական հող է ու Հայ դատի անքակտելի մի օղակը: Այս աշխատությունն անմիջականորեն առնչվում է Նախիջևանի բռնագրավման, հայաթափման և այստեղի հուշակոթողների սրբապղծման հարցերին: Աշխատության մեջ համառոտ կերպով ուրվագծված են պատմական Նախիջևանի գավառները, գյուղաքաղաքները ու գյուղերը՝ իրենց եկեղեցիներով, վանքերով, դպրոցներով, գրչատներով, բերդերով, կամուրջներով, ջրամբարներով, գերեզմանատներով ու խաչքարերով: Գիրքը պարունակում է նաև ժողովրդագրական տեղեկություններ: Աշխատության խնդիրներից է բացահայտել Նախիջևանի կարգավիճակը՝ ստալինյան կամայականությամբ համայնավարության գործած ավերը, ինչպես նաեւ խաբուսիկ դաշնագրերով զոհաբերված իրողությունը: Բանախոսը հավելեց, որ գրքի վերջում զետեղված են նաև մի ձայնասկավառակ և քարտեզ։ Ձայնասկավառակում ներկայացված է «Նախիջևան» երգը, որի հեղինակը ևս Ավո Գաթրջյանն է։

2010 թ․, դարձյալ Հալեպում Ավո Գաթրջյանի հեղինակությամբ հրատարակվել է «Հ. Յ. Դաշնակցականներու խորհուրդներ եւ պատգամներ» աշխատությունը։ 270 էջանոց այս գիրքը նվիրված է ՀՅԴ կուսակցության 120-ամյակին։

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ է լույս տեսել Ավո Գաթրջյանի հաջորդ գիրքը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԵՐՏՄԱՆ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ» վերնագրով։ Հեղինակը, որպես աղբյուր, օգտվել է սփյուռքահայ եւ հայրենի 44 հեղինակների մոտ 100 գրքերից, ինչպես նաև՝ ՀՅ Դաշնակցության հարուստ մամուլից` «Ազդակ», «Ալիք», «Դրօշակ», «Ազդակ-Շաբաթօրեակ» («Դրօշակ»), «Կայծեր», «Հայրենիք» ամսագիր, «Վէմ»-ի համարներ և այլն:

 Հեղինակի՝ Հայոց ցեղասպանության թեմայով առաջին գիրքը գրի է առնվել Սիրիայում, պատերազմի տարիներին, հրթիռակոծության տակ։ Խոսքը «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՆ ՆԱՀԱՏԱԿՈՒԱԾ ԵՒ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ» գրքի մասին է, որը մի փորձ է` ուրվագծելու Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր իշխանությունների օրոք հայ մարզիկների, ինչպես նաեւ մարզական ակումբների, միությունների, ընկերությունների հոլովույթը, սկսած` նախացեղասպանության շրջանից՝ հասնելով մինչեւ Մեծ եղեռն` մարզիկների նահատակությունը կամ նրանց մահը գաղթի ճանապարհին և աքսորավայրերում: Սույն աշխատությունը լույս է ընծայվել 2015 թ., Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով, 2 լեզուներով՝ հայերեն եւ արաբերեն:

69 էջանոց այս գիրքը բաղկացած է 3 մասից՝ Ներածական, Հայ Մարզական եղեռնը եւ Վերջաբան: Այս աշխատությունն ուղղված է հատկապես օտարերկրացիներին, մասնավորապես՝ արաբ ընթերցողներին։ Այն մատնանշում է, որ Մեծ եղեռնի հետևանքով տուժել է ոչ միայն հայությունը, այլ նաև՝ համայն մարդկությունը, քանի որ հայտնի բժիշկների և այլ արժանավոր մասնագետների կողքին, սպանվել են նաև բազմաթիվ մարզիկներ։

Հայոց ցեղասպանության թեմայով նրա հեղինակած վերջին գիրքը 622 էջանոց ստվարածավալ աշխատությունն է, որը նվիրված է Մեծ եղեռնի ազդեցությանը երգերի և երաժշտության վրա։ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ԵՐԳ-ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ» վերնագրով այս գրքի գլուխները հեղինակի կողմից վերնագրվել են որպես «արարներ»։ Ինչպես նշեց բանախոսը, Ցեղասպանությանը նվիրված երգերի թիվն անսահման է։ Հեղինակն անդրադարձել է այդ թեմայով մինչ օրս բազմաթիվ լեզուներով գրված երգերին ու երաժշտական ստեղծագործություններին։ Նա շեշտեց, որ այդ թեմայով երգերում ամենահաճախ օգտագորված բառերն են՝ նահատակ, Դեր Զոր, ցեղասպանություն, վրեժ, ողբ և այլն։

Ավո Գաթրջյանն այս գիրքը հեղինակելու նպատակով հանդիպել է նման երգերի հեղինակների հետ և ստիպված է եղել հաճախ ճանապարհորդել տարբեր երկրներ՝ դրանք ժողովելու նպատակով։ Սույն գիրքը շուրջ 10 տարվա անխոնջ աշխատանքի արդյունք է։ Նա հայտնեց, որ Մեծ եղեռնի թեմայով ստեղծվել է նաև մոտ 50 դասական երաժշտական գործ։

Ելույթի վերջում բանախոսը նշեց․ «Մեր ուսումնասիրութեան ընդմէջէն կը պարզաբանենք, որ Հայոց ցեղասպանութեան արծարծումը վաւերագրական եւ փաստավաւերագրական ժապաւէններու միջոցով եւ անոնց ընդմէջէն երգ-երաժշտութեան օգտագործումն ու դերակատարութիւնը, իրենց մեծ դերը ունին թէ՛ իբրեւ յիշողութիւն ու ազդեցութիւն՝ հայ նոր սերունդին վրայ, թէ՛ իբրեւ քարոզչութիւն՝ միջազգային ընտանիքին ծանօթացնելու նպատակով, քանի որ անոնք մեծապէս նպաստեցին Հայ դատին եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման՝ կազմակերպելով քարոզչութիւն, արթընցնելով օտարներու հետաքրքրութիւնը, ներգրաւելով անոնց կարծիքը, մղելով զանոնք դէպի Հայոց ցեղասպանութեան ինքնութիւնը եւ ճանաչումը»:

Միջոցառման ավարտին ելույթներ ունեցան նաև ձեռնարկին ներկա գտնվող՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը և Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, որոնք մեծապես արժևորեցին Ավո Գաթրջյանի գիտական և հասարակական գործունեությունը։ Նորա Արիսյանը ներկաներին հիշեցրեց, որ Սիրիայում գիրք տպագրելն ընդհանրապես և նման բովանդակությամբ գրքեր հրատարակելը մասնավորապես դյուրին գործ չէ․ հարկ է ստանալ պետական հաստատությունների արտոնությունը, և Ավո Գաթրջյանը համբերատարությամբ ու հետևողականությամբ կարողացել է համապատասխան կառույցներից նման թույլտվություն ստանալ։

Միջոցառումն ավարտվեց ներկաների կողմից հեղինակին ուղղված գնահատանքի խոսքերով և նրա գրքերի արժևորմամբ։

Մելինե Անումյան

Akunq.net