Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում գերմանաբնակ ռիզեցի համշենահայ մտավորական Ալիս Կոստանյանի (Ալիյե Ալթ) հետ։
Ալիս Կոստանյանը կենտրոնի աշխատակիցների և հյուրերի հետ մտերմիկ զրույցում ներկայացրեց Ռիզեի համշենահայության ինքնության ներկայիս խնդիրները։ Ելակետ ընդունելով սեփական ընտանիքի պատմությունը՝ բանախոսը պատմեց ինքնության վերադարձի գործընթացում համշենահայերի ունեցած ապրումների և հանդիպած հոգեբանական ու սոցիալական խնդիրների մասին։
Նշենք, որ տասնամյակներ առաջ Գերմանիայում բնակություն հաստատած Ալիս Կոստանյանը հաճախ է այցելում Ռիզե՝ իր ազգականների մոտ և մոտիկից տեղյակ է համշենահայության այդ հատվածին։
Նա շեշտեց, որ ներկա պայմաններում ոչ մի ռիզեցի համշենահայ այլևս չի փորձում պնդել, թե համշենցիները ծագում են օղուզ թյուրքերից։ Թեև նրանց մեծամասնությունը չի ընդունում նաև իր հայկական արմատները, սակայն այլևս իրեն որպես թուրք էլ չի բնորոշում։ Նրանց որակման համաձայն՝ իրենք ոչ հայ են, ոչ էլ թուրք, այլ ուղղակի՝ համշենցի։
Նա նաև հայտնեց, որ իր ազգականները մի մզկիթ են բացել իրենց բնակավայրում և այն՝ գերդաստանի անունով կոչել Կոստանօղլու մզկիթ։ Ուշագրավ է նաև Ալիս Կոստանյանի ներկայացրած այն պատմությունը, ըստ որի՝ երբ իր հայրը 59 տարեկանում վախճանվում է, իսկ հորական տատը այդ ժամանակ դեռ ողջ է լինում, պնդում է, որ իր զավակը թաղվի դագաղով, այլ ոչ՝ ուղղակի սավանի մեջ փաթաթված, որը հատուկ է միայն մուսուլմաններին։
Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։
Մելինե Անումյան
Akunq.net