Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը սույն թվականի ապրիլի 20-ին, ժամը 18։30-ին կազմակերպում է հանդիպում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում 20 տարուց ավել գործունեություն ծավալող Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության թուրք և քուրդ անդամների հետ։
Նշենք, որ այս կազմակերպությունը իր հիմնադիր նախագահի՝ Ալի Էրթեմի մահից հետո ևս շարունակում է իր գործունեությունը։ Միության գերագույն նպատակն է պայքարել Օսմանյան պետությունում և Թուրքիայի Հանրապետությունում կատարված ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման համար։
1998 թ․ սկսած գրեթե ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Հայաստան այցելող Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության (Soykırım Karşıtları Derneği / Verein der Völkermordgegner) թուրք և քուրդ անդամներն այս տարի Երևան կժամանեն 6 հոգանոց պատվիրակությամբ և առաջին պաշտոնական հանդիպումը կունենան հենց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ սույն կազմակերպությունը ակտիվ գործունեություն է ծավալում Ֆրանկֆուրտում, Գերմանիայի այլ քաղաքներում և ուրիշ երկրներում։ Այսպես, միությունը երբեմն հանդես է գալիս տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ դասախոսություն-սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և այլ հետաքրքիր ձեռնարկներ, որոնք բոլորն էլ նվիրված են Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հետևանքների վերացմանը։ Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ ակցիաներ է իրականացնում Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի կամ Գերմանիայում Թուրքիայի այլ ներկայացուցչությունների մոտ՝ հիշեցնելով այդ երկրին իր գործած մեծ ոճիրների մասին։
Նման մեծ ակցիա կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, 2015 թ․ ապրիլին Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Մասնավորապես, կազմակերպության անդամները, ապրիլի 24-ին նահատակված հայ մտավորականների լուսանկարները բռնած, բողոքի ակցիա իրականացրեցին Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց (Այդ մասին մանրամասն տես՝ https://akunq.net/am/?p=44334)։
Միության հիմնադիր նախագահը՝ Ալի Էրթեմը, վերջին անգամ Հայաստան էր այցելել 2019 թ․ գարնանը։ Կարծես թե իր մոտալուտ վախճանի մասին կանխազգացում ունենալով՝ նա և միության մյուս անդամներն այդ անգամ Երևան էին բերել նաև իրենց զավակներին՝ ցանկանալով ցեղասպանությունների և մարդկայնության դեմ գործված մյուս հանցագործությունների դեմ պայքարի ջահը փոխանցել գալիք սերնդին։
2021 թ․ անժամանակ վախճանված Ալի Էրթեմի մահից հետո սա կլինի առաջին այցը՝ միության անդամների կողմից։ Նախատեսվող այցի վերաբերյալ կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ նշվում է․ «Համավարակի պատճառով վերջին 3 տարին չէինք կարողացել մասնակցել Երևանում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին։ Մեր ավանդույթների համաձայն՝ այս տարի ևս 2023 թ․ ապրիլի 24-ին ծաղկեպսակ կզետեղենք Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ 1915 թ․ Ցեղասպանության զոհերին հիշատակելու համար։ Միաժամանակ, սույն այցի ընթացքում մեզ համար կարևոր կլինի նաև Արցախի շրջանում ապրող հայ ժողովրդին մեր համերաշխությունն արտահայտելու առումով։ Դատապարտում ենք Ադրբեջան պետության և նրա դաշնակից Թուրքիայի՝ արցախահայության ու Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը և պահանջում, որ նրանք անմիջապես իրենց ձեռքերը քաշեն այդ տարածքներից։ Միություն ընդդեմ Ցեղասպանության»։
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպվող հանդիպման մուտքն ազատ է․ հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Ամսաթիվ՝ 2023 թվականի ապրիլի 20։
Ժամ՝ 18։30։
Հասցե՝ Գյուլբենկյան 38 (ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն, 5-րդ հարկ)
Akunq.net