Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ՝ ապրիլի 20-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում հյուրընկալվեցին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում արդեն 25 տարի անընդմեջ գործող Միություն ընդդեմ Ցեղասպանության (Soykırım Karşıtları Derneği) կազմակերպության անդամները։
Գրեթե ամեն տարի ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցելող սույն կազմակերպությունն այս անգամ Երևան է ժամանել 7 հոգանոց պատվիրակությամբ։
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի կազմակերպությամբ տեղի ունեցած միջոցառմանը ելույթով հանդես եկան Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության անդամներ Սելայ Էրթեմը, Էրան Գյունդյուզը, Գյուլսեն Այթանը, ինչպես նաև՝ համշենահայ հոգեբան և սոցիոլոգ Ալիյե Ալթը (Ալիս Կոստանյան)։
Սելայ Էրթեմը ներկաներին ողջունելուց հետո մանրամասներ ներկայացրեց իրենց կազմակերպության գործունեության վերաբերյալ։ Նա մասնավորապես նշեց, որ վերջին 3 տարում շատ բացասական զարգացումներ են գրանցվել մեր տարածաշրջանում, և որ իրենց կազմակերպության անդամները խիստ ազդվել են հատկապես արցախյան վերջին պատերազմից և ցավում են 5000 հայ զոհերի համար։ Տիկին Սելայ Էրթեմը նաև հավելեց, թե այս ընթացքում Թուրքիան վերստին ցույց է տվել իր իրական դեմքը՝ թուրք հասարակությանը սխալ պատկերացում և տեղեկություններ տալով այդ պատերազմի վերաբերյալ։ Նա նշեց․ «Մեզ նաև շատ է վշտացնում Լաչինի (Բերձոր) միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից։ Կարծում ենք, որ Թուրքիայում իրենց ժողովրդավար համարող շրջանակներից չի լսվում այն բողոքի ձայնը, որ նրանք պարտավոր էին բարձրացնել այդ շրջափակման դեմ»։
Տիկին Էրթեմը հիշեցրեց, որ իր լուսահոգի ամուսինը՝ Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության հիմնադիր և նախագահ Ալի Էրթեմը, 44-օրյա պատերազմի ժամանակ փորձել է այդ հասարակական կարծիքը ձևավորել՝ թուրքախոս հանրությանը ներկայացնելով, թե իրականում ինչ է կատարվում Արցախում․ «Նրա մահից հետո մենք հասկացանք, որ պետք է շարունակենք նրա գործը, սակայն նկատեցինք նաև, որ դժվարանում ենք այդչափ ուժ գտնել մեր մեջ, որչափ որ նա էր ցուցաբերում»։ Սելայ Էրթեմը նաև շեշտեց, որ Թուրքիայի պատմության ընթացքում գործված ոճրագործությունների հետ թուրք հասարակության առերեսումը շատ կարևոր է, և որ հենց այդ հարցի անտեսումն է խոչընդոտում թուրք հասարակության զարգացումը։ Նա նաև ասաց․ «Քանի որ այդ առերեսումը շատ կարևոր է, մենք չենք հրաժարվելու մեր պայքարից և շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները»։
Ապա միության անդամներից ելույթ ունեցավ Էրան Գյունդյուզը, ով ևս ընդգծեց իրենց կազմակերպության գործունեության շարունակման անհրաժեշտությունը, հատկապես այն ժողովուրդների վերաբերյալ կատարվող աշխատանքները, որոնք ենթարկվել են ցեղասպանության՝ հայեր, հույներ և ասորիներ։
Այնուհետև իրեն ներկայացրեց միության անդամներից Գյուլսեն Այթանը։ Նա մասնավորապես հայտնեց, որ սովորում է Գերմանիայի Բժշկական համալսարանի երկրորդ կուրսում։ Ծագումով Տրապիզոնից է, սակայն ծնվել և մեծացել է Բեռլինում։ Նա հավելեց, որ 2018 թ․ ի վեր ընդգրկված է գերմանացի ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանի «Թող Ցեղասպանությունը ճանաչվի» հասարակական կազմակերպության մեջ։ Սույն կազմակերպությունը աշխատանքներ է ծավալում ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ։ Նրա կարծիքով՝ թուրք հասարակության կողմից ցեղասպանությունների ուրացումն առավելապես հոգեբանական է։ Իրենց կազմակերպությունը տարբեր միջոցառումներ է կազմակերպում Թուրքիայի իրականացրած ոճրագործությունների թեմաներով։
Ապա ելույթ ունեցավ համշենահայ գիտնական Ալիյե Ալթը (Ալիս Կոստանյանը)։ Նա նշեց, որ իր կարծիքով՝ թուրք հասարակությունը շատ է ուշացել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հարցում։ Տիկին Ալիս Կոստանյանն ասաց, որ ծնվել է Թուրքիայում, ապա 1973 թ․ տեղափոխվել Գերմանիա։ Մինչև 42 տարեկան իրեն թուրք մուսուլման էր համարում, մինչև իսկ թուրք ազգայնամոլ էր, սակայն արդեն 42-43 տարեկանում համալսարանում ծանոթացել է հայ ընկերների հետ և հասկացել, որ համշենցիներն իրականում հայկական ծագում ունեն։ Այդ գործընթացն իր համար անցնցում չի անցել․ հոգին խռովահույզ է եղել։ Հոգեբանական առումով բարդ շրջան է անցկացրել։ Առաջին անգամ Հայաստան է եկել 1999 թ․, Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության նախագահ Ալի Էրթեմի շնորհիվ, նրա հետ միասին։
Ալիս Կոստանյանն անդրադառնալով առաջին անգամ Հայաստան այցի ժամանակ իր ունեցած տպավորություններին՝ նշեց․ «Երբ ինքնաթիռից իջանք, անձնագիրս ստուգող պաշտոնյան ինձ հարցրեց այցիս նպատակի մասին, և ես ակամա պատասխանեցի․ «Ես եկել եմ իմ հայրենիք»։ Մինչ այդ նման բան չէի մտածել, ինձ համար էլ էր անակնկալ այդ խոսքս։ Այդ տարեթվից սկսած՝ ես ինքս ինձ հետ կռիվ եմ մղում՝ համշենական ինքնությանս առնչությամբ։ Որոշ ժամանակով, գիտակցաբար հետաձգեցի այդ թեմայով ուսումնասիրությունս և սկսեցի այլ թեմաների մեջ խորանալ։ Սակայն այս տարիների ընթացքում իմ կատարած դիտարկումները ցույց են տալիս, որ հիմնական հոգեբանական խնդիրը համշենցիների շրջանում վախն է։ Այսպես, օրինակ, դեռևս 15 օր առաջ եմ վերադարձել Թուրքիայից։ Ավագ եղբայրս էր վախճանվել։ Բնականաբար ցանկանում էի գնալ՝ վերջին հրաժեշտս տալու։ Սակայն նկատեցի, որ զարմիկս, ով աշխատում է Թուրքիայի խորհրդարանում, առանձնապես ոգևորված չէր իմ այցելության գաղափարից։ Մինչև իսկ փորձում էր ինձ համոզել, որ չգնայի։ Ես նրան ուղղակիորեն հարցրեցի, թե արդյոք իմ այցը կարող է իրեն վնասել։ Երբ նա բացասական պատասխան տվեց, ես մասնակցեցի եղբորս թաղմանը»։ Ալիս Կոստանյանը հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով համշենցիների ինքնության և ազգային ինքնագիտակցության թեմայով հարցին՝ ընդգծեց, որ իր կարծիքով՝ հայկական ինքնության գիտակցումն արդեն ծնվել է Ռիզեում՝ բուն Համշենում։
Վերջում հյուրերը պատասխանեցին ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության հետագա ծրագրերին և անելիքներին։
Մելինե Անումյան
Akunq.net