կարևոր
727 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-06 15:57
Հասարակություն

Ցեղասպանագետ Արա Քեթիբյանից արժեքավոր նվեր Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին

Ցեղասպանագետ Արա Քեթիբյանից արժեքավոր նվեր Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի գրադարանը համալրվեց ցեղասպանագետ, հետազոտող և արխիվագետ Արա Քեթիբյանի կազմած արժեքավոր ժողովածուներով։

Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը։

Աղբյուրի համաձայն՝ 13 մեծադիր և ստվարածավալ հատորներում Ա․ Քեթիբյանը զետեղել է ամերիկյան մամուլում հրատարակված  հազարավոր նյութեր (“The New York Times”, “The Washington Post”, “The Boston Daily Globe”, “The Cristian Science Monitor”), որոնք պահպանվում են ԱՄՆ-ի արխիվներում:

Դրանք հիմնականում վերաբերում են Հայոց ցեղասպանության տարբեր շրջաններին՝ 1894-1896 թթ․ համիդյան կոտորածներ, 1909 թ․ Ադանայի ջարդեր, հայերի նկատմամբ կովկասյան թաթարների բռնությունների բազմաթիվ վկայություններ, Ցեղասպանության շրջանի հայ որբեր, բռնի կրոնափոխություն և այլն: Հարուստ է նաև հույների և ասորիների ցեղասպանություններին վերաբերող նյութերի ցանկը:

1894-1930 թթ․ ժամանակաշրջանն ընդգրկող նյութերի ծավալով և համակողմանիությամբ սա իր տեսակի մեջ եզակի աշխատանքն է: Այն կարևոր սկզբնաղբյուր և տեղեկատու է ցեղասպանագետների, պատմաբանների և այլ հետազոտողների համար:

Արա Քեթիբյանը հայագիտություն է ուսանել Սբ. Ղազարի Մխիթարյան միաբանության վարժարանում, ապա Հռոմում փիլիսոփայություն է ուսումնասիրել «Pontificia Università Gregoriana» համալսարանում։ Որպես խմբագիր աշխատել է Բեյրութի «Արարատ» օրաթերթում, ապա դասավանդել հայոց լեզու և հայոց պատմություն՝ Կիպրոսի Մելքոնեան վարժարանում։

Տիգրան Չանդոյան

www.akunq.net