կարևոր
400 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-06 14:22
Հասարակություն

ՔՊ-ն չի հանդարտվել, չի մարսել Գյումրիում եղածը, էս ամենը դրա հետևանքն է․ Մարտուն Գրիգորյան

Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ  Կարեն Բադալյանը դիմում էր գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ. քննարկում ունեցել ենք մենք. Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, աշխատանքի անցնելու վերաբերյալ և խնդրել, որ մենք՝ որպես թիմ, ըմբռնումով մոտենանք, նորմալ ընկալենք իր քայլը»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ Կարեն Բադալյանը երկու օր անց փոշմանել է,  նոր դիմում է ներկայացրեց, որով առաջարկել է անտեսել մանդատը դնելու իր դիմումը, միաժամանակ նշել է, որ ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից:

«Բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել, նույնիսկ համոզել եմ, որ ընդհանուր պայքար է, մանդատը վայր դնելը այս պահին ճիշտ չէ,  բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ: Ի վերջո, մենք մտել ենք իր դրության մեջ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, հարգել ենք որոշումը: Գրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օրն արձանագրություն է կազմել և ուղարկել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ու այդ պահից նա արդեն համարվում էր մանդատ չունեցող անձ: Դրանից հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է և դիմել է մանդատը հետ վերցնելու համար, որի իրավասությունները քաղաքապետը չունի՝ արձանագրություն հետ վերցնելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն»,-ասաց նա:

Մարտուն Գրիգորյանը նշեց, որ մինչև օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, խմբակցության անդամները չեն կարողացել կապվել նրա հետ,

Հարցին՝ ՔՊ-ի և իշխանության դերակատարում ինքն այստեղ տեսնո՞ւմ է, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Իմ գնահատմամբ, այս պահի դրությամբ, այո կա խնդիր, նա ինձ հետ անձամբ խոսելուց հետո համոզել է, որ դուրս գա, հիմա ես կարող եմ վերլուծություն անել այս ամեն ինչից, որ ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսել Գյումրիում եղածը, և այս ամենը ես կարծում եմ դրա հետևանք է: Սա կարելի է համարել առաջին քայլը. Եթե մենք չկարողանանք այս ամեն ինչը պահել, իմ գնահատմամբ սա ժամանակի վրա խաղալ է, քանի որ դիմել են դատարան»: