Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով Գյումրու ՏԻՄ ընտրություններում սատարում էր «Բալասանյան» դաշինքին, այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նշեց, թե ընտրախախտումների մասին ահազանգեր եթե եղել են, ապա դրանք չեն ազդել արդյունքների վրա:
«Ես նմանատիպ ինֆորմացիա չունեմ, ամբողջ օրը հետևել եմ, չկա այն ընտրախախտումը, որ լուրջ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի այն հայտարարությանը, թե պատրաստվում են բողոքարկել ընտրությունների արդյունքները, որովհետեւ հիմքեր կան, նա նշեց` թող բողոքարկեն, եթե հիմքեր տեսնում են:
Հարցին, թե ինչո՞ւ որոշեց սատարել «Բալասանյան» դաշինքին, պատգամավորը պատասխանեց. «Ինձ համար կարեւոր է եղել է կատարված աշխատանքը եւ կատարվելիք աշխատանքը, իսկ քարոզարշավի ընթացքում դաշինքը ներկայացրել է իր կատարած եւ կատարելիք աշխատանքները»:
Գրիգորյանի խոսքով` դեռեւս հստակեցված չէ իր մանդատի հարցը: Խորհրդարանական ընտրություններին ինքը առաջադրվելու է, իսկ թե ո՞ր կուսակցության համամասնական ցուցակով, չի կարող այս պահին ասել:
Անդրադառնալով ընդդիմադիր կուսակցությունների պարտությանը Գյումրիում` պատգամավորը նշեց. «Բոլորը պետք է հետեւություններ անեն: Այն, որ ասում են` Գյումրին ընդդիմադիր քաղաք է, եւ ով մտքին դնի, կմտնի Գյումրի եւ ձայներ կտանի, թող ինքնախաբեությամբ չզբաղվի: Գյումրեցիները կուշտ են, հոգնել են, զզվել են կեղծ ընդդիմադիր շոուներից, մեր քաղաքին պետք է աշխատանք»: