|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հալեպի հայ համայնքը հազիվ էր ավարտին հասցրել Սուրբծննդյան արարողությունները, երբ ուժեղ պայթյունի ձայն լսվեց Նոր Գյուղի մոտակայքում, որից հետո փոխադարձ հրաձգություն և ռմբակոծումներ սկսվեցին քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժեր» կոալիցիայի ուժերի և սիրիական բանակի միջև»,- Yerkir.am-ին հայտնեցին Հալեպի «Գանձասար» պարբերականից։
Ըստ մեր աղբյուրի՝ բախումները նախ սկսվել են Հալեպի հյուսիսարևելյան շրջանի Շեյհան խաչմերուկի մոտ, ապա տարածվել և փոխադարձ հրաձգության են վերածվել քրդաբնակ Շեյխ-Մաքսուդ, Աշրաֆիե շրջաններում։
Բախումների կենտրոնը, ըստ պարբերականի, գտնվում է հայաբնակ թաղամասերի մերձակայքում, և, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, հայկական թաղամասերի վրա այդ բախումները նույնպես ազդեցություն են ունեցել։
«Երբ բախումները թեժացան, Հալեպի Ազգային Առաջնորդարանը չեղարկեց հունվարի 9-ի՝ Մեռելոցի հիշատակի Պատարագը և հորդորեց հայ համանքի ներկայացուցիչներին դուրս չգալ բնակարաններից։ Նահանգապետարանը հունվարի 7-ը բոլոր վարժարաններում և հաստատություններում արձակուրդ հայտարարեց՝ բացառաությամբ հիվանդանոցների և ծառայողական կառույցների։ Հայաբնակ թաղամասերը նյութական որոշակի վնասներ են կրել։ Կեսգիշերին բախումները հանդարտվել են, առավոտյան որոշ կետերում կրկին կրակոցների ձայներ են լսվել։ Այժմ քաղաքում զգուշավոր հանդարտություն է տիրում»,- Yerkir.am-ին հայտնեցին «Գանձասար» պարբերականից։
Հիշեցնենք, որ «Գանձասար»-ը նախորդիվ նույնպես ներկայացրել էր իրավիճակը` հայտնելով նաև բախումների պատճառների և դերակատար ուժերի մասին որոշ մանրամասներ։