Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) անվտանգության և երկրպագուների հարցերով կոմիտեն հերթական նիստն է անցկացրել, որի ժամանակ խոսվել է Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպման պատահարների մասին: ՌՖՄ-ի պաշտոնական կայքը նշում է, որ ընդունող կողմի ոչ պրոֆեսիոնալ գործողությունների պատճառով 100-ից ավելի ռուս ֆուտբոլասերներ չէին կարողացել մուտք գործել մարզադաշտ։
«Ռուս երկրպագուների` մարզադաշտ մուտք գործելու կազմակերպումը, ընդունող կողմի ձեռնարկած անվտանգության միջոցառումները, այդ թվում` զննումը, կրում էին ոչ հիմնավորված, չմտածված բնույթ և չէին համապատասխանում ՈՒԵՖԱ-ի անվտանգության կանոնակարգին»,- ասել է ՌՖՄ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ալեքսեյ Տարասենկոն։
«Ռուս երկրպագուների հետ տեղի ունեցած պատահարի հանգամանքները ուսումնասիրելուց հետո Կոմիտեի կողմից որոշում է ընդունվել ՌՖՄ-ի անունից պատրաստել և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ուղարկել համապատասխան գրություն»,- նշել է ՌՖՄ անվտանգության կոմիտեի քարտուղար Վիկտոր Օզերովը։
«Ինչ վերաբերում է այն ռուս երկրպագուներին, ովքեր ծեծկռտուք էին սարքել ինքնաթիռում՝ Երևան ուղևորվելիս, ապա նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Մենք նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություն ունենք և անում ենք հնարավոր ամեն բան, որ ապագայում նրանք ձեռք չբերեն ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների տոմսեր»,- ասել է Տարասենկոն;
Այս առիթով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ավելի վաղ ասել էր. «Հայաստան-Ռուսաստան խաղում ապօրինի ոչինչ չի եղել: Ռուս երկրպագուներն ուզում էին տեղավորվել այն տրիբունայում, որը նախատեսված էր հայ երկրպագուների համար, ուստի մենք նրանց բաց չենք թողել: Ռուսներին հատկացվել էր 1300 տոմս, և բոլոր այդ տեղերը հանդիպումից առաջ զբաղեցված էին: Պարզապես հայ ֆուտբոլասերներից ոմանք իրենց տոմսերը վերավաճառել են: ՌՖՄ-ի ղեկավարները գիտեն, որ մենք գործել ենք օրենքի շրջանակներում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ զանգահարել էինք Մոսկվա` ռուս երկրպագուներից մեկին, ով ներկա էր խաղին և ընկերացել էր «Երկիրի» թղթակցի հետ: Նա պնդել էր, որ իրենց տրիբունան լեփ-լեցուն էր, և եթե այդքան մարդ դուրսն է մնացել, ապա որտե՞ղ պետք է տեղավորվեին ներս մտնելու դեպքում: