կարևոր
538 դիտում, 8 ժամ առաջ - 2025-01-24 13:05
Քաղաքական

Հայաստան. դեպի Արևմուտք դրեյֆը կսրի էներգետիկ անվտանգության խնդիրները

Հայաստան. դեպի Արևմուտք դրեյֆը կսրի էներգետիկ անվտանգության խնդիրները

Նշումներ ամերիկյան «Հայաստանի էներգետիկայի զարգացման մինչեւ 2036 թ-ի ծրագրի» լուսանցքում։

ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին Երեւանի աղմկահարույց որոշումը, ինչպես նաեւ հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հայ-ամերիկյան խարտիան այս կամ այն կերպ շոշափում է Հայաստանի տնտեսական անվտանգության հարցերը, մի երկրի, որի արտաքին առեւտրաշրջանառության եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների կառուցվածքում ռուսական ուղղությունն ավանդաբար զբաղեցնում է «առյուծի բաժինը»։

Լինելով ԵԱՏՄ անդամ երկիր՝ Հայաստանը շարունակում է օգտվել արտոնությունների համալիրից, որը թույլ է տալիս «ջրի երեսին» պահել ազգային տնտեսությունը՝ դրանից բխող բոլոր սոցիալական եւ քաղաքական դիվիդենտներով։ Ակնհայտ է՝ նշված դիվանագիտական նախաձեռնությունների իրականացման դեպքում ԵԱՏՄ-ի հետ ապաինտեգրման գործընթացը, ինչպես նաեւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ խորքային խնդիրները երկար սպասեցնել չեն տա։ Ըստ էության, այդ մասին արդեն ուղիղ տեքստով հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով ԵՄ-ի հետ ինտեգրում սկսելու Երեւանի որոշումը գնահատել է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջին քայլ։ Ինչը միանգամայն բնական է՝ հաշվի առնելով այս երկու ինտեգրացիոն կառույցների օրգանական անհամատեղելիությունը։ Եվ այս իմաստով Երեւանի պաշտոնական օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի բացակայության մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը որեւէ կերպ չի շտկում իրավիճակը: Ավելին, նման հայտարարություններն ի ցույց են դնում Երեւանի արտաքին տնտեսական քաղաքականությունը կառուցելիս խիստ անհամակարգված մոտեցումը եւ, եթե անկեղծ, ստեղծված իրավիճակի ողջ անհեթեթությունը։ Եթե հետեւենք այս տրամաբանությանը, ապա փաստացի ԵԱՏՄ-ն, եւ մասնավորապես Մոսկվան, կաջակցեն Հայաստանի տնտեսությանը, որը բռնել է ԵՄ-ի հետ ինտեգրման ճանապարհը։ Այս անգամ անկարելի կլինի տնտեսության դիվերսիֆիկացման մասին բարձրագոչ խոսքերով առաջ շարժվել, քանի որ դիվերսիֆիկացիան ձվերի բաշխումն է տարբեր զամբյուղներում, այլ ոչ թե բոլոր ձվերի տեղափոխումը մի զամբյուղից մյուսը։

Հատկանշական է՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ կարմիր թելի պես անցնում են Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցերը։ Հայկական էներգետիկայի հետագա զարգացման վերաբերյալ Բրյուսելի եւ Վաշինգտոնի դիրքորոշումն առավել համակարգված հասկանալու համար անդրադառնանք Հանրապետության էներգետիկ անվտանգության վերաբերյալ եվրաատլանտյան նպատակադրման էությունն արտացոլող երկու փաստաթղթերի՝ 2017 թ-ին ստորագրված Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին եւ USAID կազմակերպության կողմից պատրաստված եւ 2019 թ-ին ներկայացված «Հայաստանի կառավարությանը Հայաստանի էներգետիկայի զարգացման մինչեւ 2036 թ-ի ծրագիրը» (նորացված մինչեւ 2050 թ-ի պլանը պատրաստվել է 2022 թ-ի վերջին)։

ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրողներից մեկը «Եվրոատոմ» կազմակերպությունն է, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով հայկական (Մեծամորի) ԱԷԿ-ի ռազմավարական նշանակությունը ոչ միայն էներգետիկ, այլեւ ընդհանրապես Հայաստանի ազգային անվտանգության համար: Մասնավորապես, «էներգետիկ համագործակցություն՝ ներառյալ միջուկային անվտանգությունը» համաձայնագրի երկրորդ գլխում նշվում է՝ պայմանագրի կողմերի միջեւ համագործակցությունը ենթադրում է «Հայկական ԱԷԿ-ի փակում եւ անվտանգ շահագործումից հանում եւ ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի շուտափույթ ընդունում՝ հաշվի առնելով այն նոր հզորություններով փոխարինելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության եւ կայուն զարգացման ապահովման համար»: Թե ինչ նոր հզորություններով փոխարինելու մասին է խոսքը, համաձայնագրում չի հստակեցվում։ Հաշվի առնելով այսպես կոչված կանաչ գործարքի հանրահռչակումը «Եվրոպական գործընկերություն» ծրագրի շրջանակներում, ամենայն հավանականությամբ, խոսքը էներգիայի վերականգնվող աղբյուրների հզորությունների ավելացման մասին է: Ի դեպ, Հայաստանի կառավարության ներկայացուցիչները վերջին տարիներին իրենք բազմիցս եւ հպարտությամբ հայտարարել են՝ հանրապետությունում արեւային էներգետիկայի հզորությունները գերազանցում են Հայկական ԱԷԿ-ի հզորությանը։ Իսկ եթե խոսքը հայկական ԱԷԿ-ը նոր ատոմային օբյեկտով փոխարինելու մասին է, ապա այստեղ տեղին է հիշել 2009ին ԵՄ պահանջով Լիտվայում կանգնեցված Ինգալինի ԱԷԿ-ի մասին՝ նոր կայան կառուցելու խոստումներով։ Առածն ասում է՝ սայլը տեղից չի շարժվել։ Լիտվան այսօր էլեկտրաէներգիայի զուտ ներմուծող է (ինչն էլ ավելի է սրվել՝ կապված ԲՌԷԼԼ-ի էլեկտրաէներգետիկ օղակի փլուզման հետ կապված (50 հերց հոսանքի միասնական հաճախականությամբ Բելառուսի,Ռուսաստանի, Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի էներգետիկ համակարգերի աշխատանքի համաժամանակյա ռեժիմ): Կարծում եմ՝ այդ զուգահեռը միանգամայն կոռեկտ է։

Անդրադառնանք ամերիկյան ծրագրին։ Մի խոսքով՝ դրանում հիմնական շեշտը դրվում է կանաչ էներգիայի զարգացման վրա։ Ճիշտ է՝ պլանը գրելիս կանաչ էներգիան հիմնականում հասկացվում էր որպես վերականգնվող, մինչդեռ մի քանի տարի անց աշխարհում (ներառյալ Արեւմուտքում) սկսվեց կանաչ փոխարժեքի վերաիմաստավորման գործընթացը: Մասնավորապես, 2022ի սկզբին ԵՄ-ն ընդունեց տաքսոնոմիայի մասին օրենքը, որը ատոմային եւ գազային էներգիան սահմանեց որպես կանաչ աղբյուրներ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա էներգաարտադրության «մաքրության» ընկալման մակարդակը մեծապես պայմանավորված է այն բանով, թե որ կուսակցությունն է իշխանության՝ «կանաչ» դեմոկրատները, թե «շագանակագույն» հանրապետականները։ Այսօր, Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուն պես, կարելի է ակնկալել ամերիկյան նավթագազային համալիրի զարգացման նոր ալիք՝ հեղուկացված բնական գազի  արտադրողներին եւ թերթաքար արդյունահանողներին մի շարք արտոնությունների տրամադրմամբ:

Թերեւս ծրագրի առանցքային թեզը հանգում է այն բանին, որ վերականգնվող էներգիայի հզորությունների զարգացումը մարտահրավեր է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը՝ հաշվի առնելով հանրապետության կախվածությունը ռուսական բնական գազի մատակարարումներից, որի գինը, ըստ USAID-ի փորձագետների, միայն աճելու է (299 դոլար մինչեւ 2027ը): Ճիշտ է՝ արդեն նորացված պլանում նշվում է, որ մինչեւ 2033ը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար գազի գինը կմնա նույն մակարդակի վրա (165 ԱՄՆ դոլար)՝ հաշվի առնելով Մոսկվայի եւ Երեւանի միջեւ 10 տարվա համաձայնեցված գինը։ Ընդհանուր առմամբ՝ պլանն անուղղակիորեն մատնանշում է ռուսական «գազային լուծը» դեն նետելու և վրացական էներգահամակարգի միջոցով եվրոպական էներգետիկ տարածքին ինտեգրումը սկսելու անհրաժեշտությունը։ Հատկանշական է՝ մատնանշված փաստաթղթերում գրեթե չի խոսվում հարավային հարեւանի եւ, ըստ էության, Հայաստանի երկրորդ կարեւոր էներգետիկ գործընկերոջ՝ Իրանի հետ էներգետիկ կապերի զարգացման մասին, ինչը միանգամայն տեղավորվում է ամերիկյան արտաքին քաղաքական կոնյունկտուրայի մեջ, սակայն ոչ մի կերպ չի համապատասխանում բուն Հայաստանի օրգանական շահերին։ Դրա հետ մեկտեղ ներկայացված փաստաթղթի ամենանշանակալի կողմը շարունակում է մնալ հայկական ատոմային էներգետիկայի հետագա զարգացման հարցը՝ բնականաբար, շեշտը դնելով մեծ հզորության ԱԷԿ - ից հրաժարվելու անհրաժեշտության վրա («Ռոսատոմի» առաջարկը)՝ այն փոխարինելով ամերիկյան նմուշի փոքր մոդուլային ռեակտորով: Ընդհանուր առմամբ, երկու փաստաթղթերն էլ ցույց են տալիս Հայաստանում Եվրոպական եւ ամերիկյան էներգետիկ քաղաքականության ընդհանուր ուրվագծերը: Բավական է հպանցիկ հայացք նետել՝ քիչ թե շատ օբյեկտիվորեն գնահատելու համար, թե ինչ է սպասվում հայկական էներգետիկային ԵՄ-ի հետ ինտեգրման եւ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ծրագրերի իրագործվելու դեպքում։

Առանձնաբար տարանջատենք ռիսկերը։

«Խաղաղ ատոմը»՝ աշխարհաքաղաքական ինտրիգների կիզակետում

Նախ, ազգային ատոմային էներգետիկայի զարգացման «արեւմտյան մոդելի» ընդունումն անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանում մեծ հզորության ատոմային էներգաբլոկի փլուզմանը՝ այն փոխարինելով մինչեւ 150 ՄՎտ հզորությամբ մոդուլային ռեակտորով։ Դա, իր հերթին, լուրջ ռիսկեր կստեղծի Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման համար, քանի որ մոդուլային ռեակտորինն ուղղված կլինի բացառապես ներքին սպառմանը։ Մյուս կողմից, ավելի վաղ արդեն գրել էինք (տես՝ 20240704fondsk  - «Հայաստան «Խաղաղ ատոմն»՝ աշխարհաքաղաքական ինտրիգների կիզակետում» հոդվածը-ԳՄ), ԱՄՆ-ն նման օբյեկտների շահագործման փորձ չունի, հետեւաբար ամերիկյան մոդելի ապրիորի ընդունումը Հայաստանը դարձնում է փորձի յուրատեսակ դաշտ: Այսպես թե այնպես, ռազմավարական գործընկերության մասին ստորագրված խարտիան ենթադրում է «համաձայնագիր 123» - ի կիրառում (ԱՄՆ ատոմային էներգիայի մասին օրենքի համապատասխան հոդվածի անվանմամբ), որը սահմանում է «խաղաղ ատոմի» համատեղ զարգացման սկզբունքները: Ի դեպ, կարեւոր է հասկանալ, որ այս ամենն առայժմ միայն դեկլարատիվ բնույթ ունի, իսկ խարտիայի իրականացումն ինքնին կախված է աշխարհաքաղաքական առաջնահերթություններից, որոնք առաջիկայում կնշի ԱՄՆ 47-րդ նախագահը։

Երկրորդ՝ մեծ հարցականի տակ կարող են հայտնվել «Հյուսիս – Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի (Իրան – Հայաստան – Վրաստան – Ռուսաստան) առանց այն էլ թույլ առաջ ընթացող նախագծի հեռանկարները, որը կոչված է սինխրոնիզացնել այդ չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ նրանց միջեւ փոխադարձ փոխհոսքերի ապահովմամբ։ Բացի ամեն ինչից, այս միջանցքը Հայաստանի համար էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման հիանալի հնարավորություն է։ Այն պայմաններում, երբ Իրանը լրացուցիչ մատակարարումների կարիք ունի իր հյուսիսային նահանգների համար՝ Հայաստանի համար չափազանց կարեւոր է այսօր ձեռնամուխ լինել իր արտահանման ռազմավարության իրականացմանը (վերջապես կառուցելով Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը), մրցակցելով իրանական շուկայի մյուս մատակարարների՝ Թուրքմենստանի եւ աստիճանաբար արտահանումն ավելացնող Ադրբեջանի հետ։ Մյուս կողմից, լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը մասնակցում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձեւավորմանը, որին միացումը հնարավոր է «Հյուսիս-Հարավ» միջանցքով։

Երրորդ՝ Ռուսաստանից բնական գազի մատակարարումների խափանումները եւ, հնարավոր է, դադարեցումը անխուսափելիորեն կհանգեցնի Հանրապետության էներգետիկ եւ սոցիալ-տնտեսական կոլապսի։ Այսօր Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս գազատարով Ռուսաստանը Հայաստան է արտահանում տարեկան մինչեւ 2,3 մլրդ խմ գազ, եւ միայն աննշան մատակարարումները (մինչեւ 400-450 մլն խմ) իրականացվում են Իրան – Հայաստան գազատարով։ Վերեւում նշվեց՝ Ռուսաստանը Հայաստանին բնական գազ է մատակարարում 165 դոլարով։ Ավելի ցախր գին կիրառվում է միայն Բելառուսի համար (128 դոլար ԱՄՆ դոլար) եւ Ղրղզստան (133 ԱՄՆ դոլար): Կարեւոր է նաեւ հասկանալ՝ այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում մինչեւ 42%-ը զբաղեցնում են բնական գազով աշխատող ՋԷԿ-երը: Հետեւաբար, մատակարարումների դադարեցումը (կամ շուկայական գներով մատակարարումների իրականացումը) կհանգեցնի նաեւ երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի ճգնաժամի։

Չորրորդ, սկսած 2013ից, «Գազպրոմ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ողջ գազատրանսպորտային համակարգի միանձնյա սեփականատերը (ներառյալ «Իրան-Հայաստան» գազատարի հայկական հատվածը), իսկ նրա «դուստր»՝ «Գազպրոմ Արմենիան» Հանրապետության միակ գազատրանսպորտային օպերատորն է: Հետեւաբար, Մոսկվայի հետ էներգետիկ կապերի խզումը կարող է բացասաբար ազդել ինչպես ռուսական ընկերության ներդրումային ծրագրի, այնպես էլ մատակարարումների կայունության վրա (նշենք՝ 2024 թ-ի դեկտեմբերին հաստատվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մինչեւ 2029թ. ներդրումային ծրագիրը՝ ավելի քան 143 մլրդ դրամի չափով)։ Իսկ հայկական գազափոխադրման համակարգի հնարավոր հետգնման հարցը մինչ օրս ոչ մեկի կողմից չի բարձրացվել։

Էներգետիկ անվտանգության ռիսկերը (եւ ոչ միայն) կարելի է երկար թվարկել։ Սակայն նշվածները բավարար են Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի հնարավոր դադարեցման ողջ արկածախնդրությունը հասկանալու համար։ Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական կոնյունկտուրան՝ սեփական էներգահամակարգն «ուկրաինացնելու» Երեւանի փորձերը կրակոց են սեփական ոտքերին։ Ի դեպ, ոմանք դա հասկանում են նաեւ Արեւմուտքում։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բաերը հայտարարել է՝ եթե Հայաստանը որոշի «ազատվել Ռուսաստանից իր կախվածությունից, ապա պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռների»: Դե ինչ՝ շնորհակալություն անկեղծության համար:

 

Վահե Դավթյան

քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի