կարևոր
4567 դիտում, 20 ժամ առաջ - 2025-07-31 17:25
Հասարակություն

Վանդալիզմ պետական մակարդակով. Զատուլինը՝ Արցախում Այվազովսկու արձանը քանդելու մասին

Վանդալիզմ պետական մակարդակով. Զատուլինը՝ Արցախում Այվազովսկու արձանը քանդելու մասին

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու` օկուպացված Ստեփանակերտում գտնվող արձանը քանդելը պետական վանդալիզմի օրինակ է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինի խոսքով՝ դա բարբարոսական ակտ է, ակնհայտ հիմարություն։ Նա հիշեցրել է՝ Այվազովսկին համաշխարհային մակարդակի հանճար է, որին գնահատել են ինչպես Ռուսական կայսրությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

«Նրանք, ովքեր այսօր ակտիվորեն պայքարում են Արցախի հայկական մշակութային ներկայության դեմ, վաղուց չեն սահմանափակվում միայն Այվազովսկու արձանի քանդմամբ։ Արդեն պղծվել են Չարդախլու գյուղի նշանավոր խորհրդային զորահրամանատարների հուշարձանները, ապամոնտաժվում են կրոնական օբյեկտները, ոչնչացվել են տասնյակ խաչքարեր», - հայտարարել է պատգամավորը։

Նա նաև նշել է, որ պաշտոնական մակարդակով Ադրբեջանում առաջ է քաշվում Արցախի պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ 6-12-րդ դարերի վանքերի, իբր ոչ հայկական ծագման մասին տեսությունը:

«Դա բարբարոսություն է, որին փորձում են արդարացում գտնել՝ հղում անելով Հայաստանի կամ Ռուսաստանի հետ քաղաքական կոնֆլիկտներին։ Երկրի ղեկավարությունը կա՛մ աչք է փակում տեղի ունեցողի վրա, կա՛մ ուղղակիորեն խրախուսում է դա», - հավելել է Զատուլինը։

Ավելի վաղ «Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» ՀԿ-ն հայտնել էր, որ Այվազովսկու` 2021 թվականին տեղադրված հուշարձանը քանդվել է։