Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երբ միջազգային հանրությունը խոսում է «խաղաղության» պայմանագրի անհրաժեշտության մասին, ներկայացնում, որ Ադրբեջանի հետ, ըստ էության, քննարկվում են խաղաղություն հաստատելու դրույթներ, դրա մեջ կան երկակի ստանդարտներ և կեղծիք։ Եթե դա իրական խաղաղության մասին է, ապա առաջին նախապայմանը, որը պետք է բավարարվի, հետևյալն է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, Բաքվում գտնվող ռազմագերիները, պահվող անձինք պետք է ազատ արձակվեն և նորմալ, հավասար պայմաններում տեղի ունենան բանակցություններ։ Եթե միջազգային հանրությունն առնվազն չի ապահովում այս նախապայմանը և շարունակ խոսում է, որ Հայաստանին ու Ադրբեջանին մոտեցնում են «խաղաղության» պայմանագրի վերջնական կետին, ապա այդ ամենն ընդամենը կեղծիք է»,- 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթուղթը հայկական կողմի համար որևէ դրական դրույթ չի պարունակում։
«Այն փաստաթուղթը, որի անունը դրել են «խաղաղության պայմանագիր», խաղաղության հետ որևէ կապ չունի։ Դա Ադրբեջանի ուժի, սպառնալիքի տակ կնքվող փաստաթուղթ է՝ Ադրբեջանի պայմաններով։ Օրինակ՝ այդ փաստաթղթում որևէ պայմանավորվածություն չկա, որ ադրբեջանական զորքերը դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքից, սահմանագծման և սահմանազատման հարցը, ըստ էության, չի լուծվում և դա թողնվում է հետագային։
Եթե կարճ ասենք՝ դա մի փասստաթուղթ է, որով Ադրբեջանը ֆիքսում է և փորձում է լեգիտիմացնել մինչ այս ուժի սպառնալիքով ձեռքբերածը: Այն որևէ կերպ չի զսպում հետագայում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա իրականացնելու համար։ Հետևաբար՝ այն փաստաթուղթը, որի անունը օրվա իշխանությունները և Ալիևը դրել են «խաղաղության պայմանագիր», խաղաղության հետ կապ չունի և, ըստ էության, նոր կապիտուլյացիայի պայմանագիր է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն ասաց․ «ՆԱՏՕ-ի ներկայությունը տարածաշրջանոմ Թուրքիան է, երբ խոսում են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին, Նիկոլը ո՛չ Հյուսիս է գնում, ո՛չ Արևմուտք, նրա արտաքին քաղաքական վեկտորն ուղղվում է դեպի Թուրքիա»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
«Էս մարդը գնում Բրյուսել մի բան է ասում, Վաշինգտոնում՝ այլ բան, Մոսկվայում՝ մեկ այլ բան, Ալիևի հետ էլ ուղիղ բանակցություններոմ բոլորովին ուրիշ բանի մասին է խոսում։ Բայց այն, որ խոսում են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխության մասին, այդտեղ էլ ամեն ինչ հիմնված է ստախոսության, գավառական ժուլիկության վրա, բայց, իրականում խորքի մեջ, ինչպես փորձագտներն են ասում՝ Արևմուտքի վիզան պետք է ստանալ Թուրքիայում։
Եվ, այո՛, պետք է հասկանանք, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ներկա է Թուրքիայով, երբ խոսում ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին, նշանակում է՝ համագործակցություն Թուրքիայի հետ՝ Թուրքիայի պայմաններով ու պահանջներով»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։