կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-16 18:35
Քաղաքական

Հայաստանը պետք է ավելի շատ դեպի Արեւմուտք նայի. Ջոն Հեֆերն

Հայաստանը պետք է ավելի շատ դեպի Արեւմուտք նայի. Ջոն Հեֆերն

ԱՄՆ Կոնգրեսում կայացել է հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ. տեղեկացնում է Regnum-ը` վկայակոչելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Դեսպանը ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունները քաղաքական եւ տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին:

 

Ըստ Հեֆերնի` հայ-թուրքական սահմանի բացումն անհրաժեշտ է` տնտեսական կապերի զարգացման առումով: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` նա նշել է, որ հարցը, թե ինչպես է ԱՄՆ-ը որակելու 1915 թվականի իրադարձությունները, որոշվում է բարձր ատյաններում, ընտրյալ քաղաքական գործիչների կողմից, այլ ոչ թե առանձին դեսպանների կամ Վաշինգտոնի:

 

Ներկաներից մեկի հարցին, թե ինչպես կարող է ԵԱՀԿ Մինսկի խումբն օգնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, երբ Ադրբեջանի նախագահը մշտապես սպառնալիքներ է հնչեցնում եւ հակահայ հայտարարություններ անում, դիվանագետը պատասխանել է, որ Մինսկի խումբը դատավոր չէ, այլ միջնորդ:

 

Հեֆերնը համարում է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի կապերը շատ սերտ են, ինչի վկայությունը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցն էր 18-ամյա ընդմիջումից հետո: Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա դրանք դեռեւս պատշաճ մակարդակի վրա չեն: «Ամերիկյան կողմից լրացուցիչ ներդրումների համար բիզնես ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ, մրցունակության ապահովում, թափանցիկություն, մաքսային քաղաքականության մեջ փոփոխություններ»,- հավելել է նա:

 

Իսկ Երեւանում ԱՄՆ դեսպանության խնդիրը հանրապետությանը օգնելն է, որ կայանա որպես ժողովրդավարական, բարգավաճող եւ անվտանգ երկիր, եւ այդ համատեքսում կարեւոր է ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: «Կարծում եմ` կարելի է նոր եզրահանգումներ անել առաջիկա նախագահական ընտրություններից հետո»,- ասել է դեսպանը:

 

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններիբն` նա նշել է. «Ինձ դուր չի գալիս, որ Իրանը նշվում է որպես Հայաստանի տնտեսության համար «կյանքի ճանապարհ»: Չնայած դրան` Հայաստանը չի անտեսում Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները»: Դեսպանի կարծիքով` չի կարելի թերագնահատել նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները տարբեր բնագավառներում, սակայն «Հայաստանը պետք է ավելի շատ դեպի Արեւմուտք նայի»:

 

Հարցին` պատրաստվո՞ւմ է ամերիկյան դեսպանությունն իրականացնել Սիրիայի հայերին ուղղված օգնության ծրագիր, Հեֆերնը պատասխանել է, որ Հայաստանի կառավարությունը չի դիմել իրենց համապատասխան խնդրանքով: