Փոխարժեքներ
01 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
«Առավոտյան ժամը 8։40 պաստառ էինք փակցնում, որի վրա գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», հենց այդ պահին պարեկային ծառայության մեքենաները մոտեցան ու բերման ենթարկեցին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման մասնակից Լուսինե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան բերման էին ենթարկել «Սրբազան պայքարի»՝ խաղաղ ակցիա իրականացնող աջակիցներ Արթուր Դեմիրճյանին, Լուսինե Գրիգորյանին և Հովնաթան Դեմիրճյանին։ Երիտասարդները պահանջում էին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
«Մենք երեք հոգի էինք։ 4 մեքենա մոտեցավ ու ասացին, որ քանդենք փակցրածը, և 8։55-ին բերման ենթարկեցին՝ ամեն մեկիս առանձին մեքենայով։ 4-րդ դատարկ մեքենան էլ որպես «сопровождение» գալիս էր մեր հետևից։ Բերման ենթարկեցին 172.2 հոդվածով՝ իբր հասարակական վայրը ոչ տեղին օգտագործելու համար»,- ասաց Լուսինե Գրիգորյանը։
Լուսինեն նշում է, որ նման խաղաղ ակցիաներ իրականացնելու դեպքում գրեթե միշտ բերման են ենթարկում, շատ հազվադեպ է լինում, որ ոստիկանները մարդկային վերաբերմունք ցուցաբերեն։
«Բերման ենթարկելուց և 3 ժամ պահելուց հետո մեզ տուգանեցին և ազատ արձակեցին։ Տուգանքի չափը 20 հազար դրամ է, որը բողոքարկելու ենք և չենք պատրաստվում վճարել, քանի որ մենք հակաօրինական ոչինչ չենք արել, պարզապես ակցիա էինք իրականացնում մեր ընկերների ազատության համար։ Պայքարը շարունակվում է, չենք պատրաստվում մեր ճանապարհից հետ կանգնել։ Անկախ ամեն ինչից՝ շարունակելու ենք պայքարը, թող որքան ուզում են՝ բերման ենթարկեն ու կալանավորեն, դա իրենց խնդիրն է։ Պայքարը շարունակելու ենք մինչև վերջ՝ մինչև հաղթանակ և մինչև մեր ընկերներին ազատ արձակեն»,- նշեց Լուսինեն։
«Էսօր տեսա, որ ոստիկանական գվարդիան նոր տեխնիկա է գնում, իբր թե ահաբեկիչներին վնասազերծելու նպատակով։ Դա էլ կառավարության որոշումն է։ Գիտենք, որ մեր դեմ են տրամադրված, բայց երբեք չենք հանձնվի»,- հավելեց «Սրբազան պայքարի» մասնակից Լուսինե Գրիգորյանը։