Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարշավայում մեկնարկել է «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Վարշավայի կաթոլիկ արքեպիսկոպոսության աջակցությամբ: Բացմանը Բաքվից ժամանած պատվիրակության կազմում ընդգրվել են Վազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, Ադրբեջանական բիբլիական ընկերության ղեկավար Ռասիմ Խալիլովը, Ալբանա-Ուդիական քրիստոնեական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, ինչպես նաեւ երկրում ուղղափառ եւ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչներ: Լեհական կողմից մասնակցել են ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Աննա Ռադվան-Ռերենշեֆը, Սեյմի փոխխոսնակ Քշիշտոֆ Բոսակը, Վարշավայի արքեպիսկոպոսության օժանդակ եպիսկոպոս Միխալ Յանոխան:
Բազմամշակութայնության մ իջազգային կենտրոնի գործադիր տնօրենն ընդգծել է՝ Ադրբեջանի քրիստոնեական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի բացումը Վարշավայում պատահական չէր, հաղորդում է լեհական Katolicka Agencja Informacyjna գործակալությունը: Հասանովի խոսքով՝ լեհերը շատ կարեւոր դեր են խաղացել նավթարդյունաբերության զարգացման, ճարտարապետական շինարարության եւ Ադրբեջանի անկախության ճանապարհին: Սա առաջին։ Երկրորդ. Հասանովը կարծում է՝ «Արեւմուտքում բավարար տեղեկատվություն չկա Ադրբեջանի նախաիսլամական ժառանգության մասին»: Խոսքը քրիստոնեական ներկայության մասին է, որը, ըստ Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովայի, կապված է Բարդուղիմեոս եւ Թադեոս առաքյալների, ինչպես նաեւ Թադեոսի աշակերտ Եղիսեի (Եղիշե-ԳՄ) անունների հետ: «Եղիսե առաքյալի ծառայությունը Շաքիի շրջանի Քիշ գյուղում սկիզբ է դրել Կովկասում առաջին քրիստոնեական եկեղեցուն, որը հայտնի է դարձել որպես Արեւելյան եկեղեցիների մայր», - ասել է դիվանագետը: Սակայն այդ նույն առաքյալներին «յուրային» է համարում նաեւ Հայ Առաքելական եկեղեցին, մասնավորապես Կովկասյան Ալբանիայի ժառանգության նկատմամբ, որին իր պետականությունն ու եկեղեցու ակունքն է համարում Արցախը (Լեռնային Ղարաբաղ):
«Մենք Արցախի պետականության հաշվարկը սկսում ենք 5րդ դարի առաջին կեսից, երբ անկում ապրեց Հայոց արքայությունը, իսկ Արեւելյան Հայաստանում՝ Արցախում, Ուտիքում, Փայտակարանում եւ Կուրի ձախ ափին ստեղծվեց Հայոց թագավորությունն իր թագավորով եւ կաթողիկոսով», – տողերիս հեղինակին պատմում էր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով 1988-2020 թվականներին ղեկավարել է Արցախի թեմը: - Այն, ինչ ժամանակին անվանում էին Կովկասյան Ալբանակական թագավորություն եւ Ալբանական կաթողիկոսություն»։
Ի հակակշիռ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի՝ Բաքուն ցուցադրում է ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքը։ Այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը վերադարձավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանական պարբերականները հարց էին տալիս, թե «արդյո՞ք չի սկսվել ալբանական եկեղեցու իրավունքների վերականգնման փաստաթղթերի նախապատրաստման փուլը, այն է՝ նրա հնագույն ժառանգության վերածնունդը՝ նրան ավտոկեֆալիայի կարգավիճակի վերադարձի ճանապարհով, առավել եւս՝ Ադրբեջանում ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքի առկայության պարագայում»։ Սակայն Բաքուն առայժմ չի գնում ավտոկեֆալիայի իրականացմանը՝ նախընտրելով ալբանական եկեղեցու նախագիծն օգտագործել առավելապես տեղեկատվական-քարոզչական նպատակներով։ Հետաքրքրական է՝ այս մոտեցումն «ըմբռնում» է գտնում Լեհաստանում։ Վարշավայի օժանդակ եպիսկոպոսի խոսքով՝ «քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» ցուցահանդեսը «ճանաչողական արժեք», ունի, քանի որ այն նվիրված է «Լեհաստանում բոլորովին անհայտ թեմայի՝ ինչպես ալբանական եկեղեցին հզոր քրիստոնեական համայնք է եղել ժամանակակից Ադրբեջանի տարածքում, Առաքելական ավանդույթով եկեղեցի, այդ տարածքում քրիստոնեության մեկնարկային կետ»:
Այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետի եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ հարաբերությունները կտրուկ փչացան, իսկ Երեւանում իշխող կուսակցության ներկայացուցիչները երկրում Եկեղեցու 1700-ամյա պատմությունը միֆ անվանեցին, որը պետք է «հիմնովին քանդել», Կովկասում հայկական քրիստոնեական ժառանգության համար պայքարը կենտրոնացավ առավելապես Արեւմուտքում: Այսպես, օրերս ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) ուշադրություն է դարձրել «Ադրբեջանում քրիստոնյաների հետապնդումներին»։ Մեկնաբանելով այդ որոշումը՝ հանրապետական կոնգրեսական Բոբ Գուդը եւ հովիվ Ջիմ Գարլոուն հոդված են հրապարակել National Catholic Register կաթոլիկ պարբերականում: Հեղինակները շեշտել են՝ USCIRF-ի կարծիքը «հասկացնում է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի կրոնական հետապնդումները», իսկ «պետդեպարտամենտը պետք է ականջալուր լինի հանձնաժողովի կոչին եւ իրականացնի կոնկրետ գործողություններ եւ դիվանագիտական միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային եւ կրոնական հետապնդումները դադարեցնելու համար... մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միավորվել՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները եւ համերաշխություն ցուցաբերելով հայ քրիստոնյաներին»:
Այս իրավիճակում Բաքուն իրականացնում է իր հակախաղը՝ Վարշավայով ճեղքելով դեպի արեւմուտք։ Անցյալ տարվա նոյեմբերին Լեհաստանում տեղի ունեցավ «Հարավային Կովկասը 21-րդ դարում» միջազգային համաժողովը: Դրանում Մոբիլին հանդես է եկել «Ալբանական հուշարձանները Ղարաբաղում. կեղծարարությունն օկուպացիայի ժամանակ եւ դրա բացահայտումը» թեմայով զեկույցով։ Այսօր ադրբեջանական պարբերականները Հայ Առաքելական եկեղեցու «բացահայտմանն» ավելացնում են նաեւ աշխարհաքաղաքական նոտաներ։ Ադրբեջանական «Վզգլյադ» պորտալը գրում է՝ «տեսնում ենք՝ հայկական եկեղեցու պատմական դերն ազգայնամոլությանն ու անջատողականությանն աջակցելու գործում շարունակում է էական ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքի վրա», եւ դա «ոչ միայն խանգարում է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ձեռքբերմանը, այլեւ խաթարում է իրական միջազգային համագործակցույոան եւ զարգացման հնարավորություններին»: Բաքվի կողմից գովազդվող ալբանական եկեղեցու նախագիծն այս ֆոնին պետք է լեհ կաթոլիկներին եւ, ցանկալի է՝ ոչ միայն նրանց ցույց տա, որ հենց Ադրբեջանն է Անդրկովկասում քրիստոնեական ժառանգության գլխավոր պահապանը եւ, ի տարբերություն հայ քրիստոնյաների, հավատարիմ է «բազմամշակութայնության քաղաքականությանը»։
Ստանիսլավ Ստրեմիդլովսկի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի