կարևոր
1699 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-29 17:53
Քաղաքական

2023 թ. քաղաքական համապատկերը

2023 թ. քաղաքական համապատկերը

2023 թ․ դիմավորեցինք շրջափակման մեջ գտնվող Արցախով, որի նկատմամբ Հայաստանի իշխանության օղակներում կատարյալ անտարբերություն էր:

Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ի հերթական ասուլիսին հաջորդ օրը՝ հունվարի 11-ին, արձագանքեցին Արցախից, մասնավորապես դրան անդրադարձավ Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ նշելով. «Փաշինյանն ու Ալիևը նույն բառապաշարով են խոսում։ Նրանք երկուսն էլ չեն ընդունում, որ Արցախը հանրապետություն է․ դա ցավալի է, բայց փաստ է։ Դրա մասին է վկայում նաև այն, որ ոչ մի անգամ «Արցախի իշխանություններ» արտահայտությունը չօգտագործեց Փաշինյանը։ Մի բան հստակ է՝ 2018-ին Փաշինյանին իշխանության են բերել՝ Արցախը թշնամուն հանձնելու և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Փաշինյանի վարչախմբի՝ ՀՀ իշխանության ղեկին մնալու ամեն մի օրն ու ժամը ավելի են մոտեցնում Հայաստանի ու Արցախի կործանումը»1:
Արցախն ընտրել էր պայքարի ճանապարհը:

Հունվարի 18-ին Արցախի ԱԺ-ն ահազանգ հնչեցրեց․ «Արցախի Հանրապետության ազգաբնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի գրեթե լուռ համաձայնությամբ: Այն նպատակ ունի կոտրել արցախահայության կամքը և տասնյակ հազարավոր մարդկանց էթնիկ զտումների միջոցով տեղահանել իրենց պատմական հայրենիքից։ Նմանօրինակ քայլերով Ադրբեջանը փորձում է նաև ձախողել տարածաշրջանում պատերազմի օջախների մարմանն ու հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջազգային կառույցների և տարբեր երկրների ջանքերը….

Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու նպատակով դիմում ենք համայն հայությանը․ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և պաշտպանելու սեփական հողում ապրելու արցախահայության օրինական իրավունքը»2, սակայն Հայաստանի Հանրապետությունը կառավարական մակարդակով սատար չկանգնեց Արցախին:

Հունվարի 19-ը Հայաստանի Հանրապետության համար ողբերգական օր էր. ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում3: Հրդեհի հետևանքով զոհվեց 15, վիրավորվեց 3 զինվոր։

Պատշաճ հետաքննություն չսկսած՝ իշխանության կողմից հրապարակ նետվեց բենզինի հետ անփույթ վարվելու հետևանքով հրդեհի առաջացման մասին «եզրակացությունը», մասնավորապես. «Կառավարության ղեկավարը հայտնեց, որ պարզվել է ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել հինգ լիտրանոց տարայով այն լցնել վառարանի մեջ»4։ Այս վարկածը, մեղմ ասած, արժանահավատ չէր, գործը քննվեց ոչ պատշաճ ձևով, իսկ բենզինի հետևանքով հրդեհի բռնկված լինելը ո՛չ ապացուցվեց, ո՛չ էլ հերքվեց:

Մենք, իհարկե, ի տարբերություն նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի՝ զինվորների մահն ու 15 ընտանիքի դժբախտությունը շահարկելու մտադրություն չունենք, հետևաբար մանրամասնություններին չանդրադառնալով՝ առաջ անցնենք:

Փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիա5: Շատերը սա համարեցին մարդասիրական քայլ, շատերն էլ՝ «դիվանագիտություն», սակայն իրականությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ուղղակի հաճոյանալ այն պետությանը, որը ոչ միայն 2020 թ․ ամբողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո բացահայտ աջակցում էր Ադրբեջանին, այլև չէր թաքցնում և չի թաքցնում իր պանթյուրքիստական նկրտումները:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի թուրքասիրական ժեստի՝ Թուրքիայից ոչ միայն տարրական «շնորհակալություն» չասվեց․«…այլև ադրբեջանցի փրկարարների հետ հանդիպմանը Էրդողանը Բաքվի օգնությունը համեմատեց 44-օրյա պատերազմում Ադրբեջանին իրենց տրված օգնության հետ՝ վերահաստատելով իրենց ցեղասպան քաղաքականությունը»6։ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության» կեղծ օրակարգին Էրդողանը հակադրեց թուրքական հարյուրամյակների երազանքը՝ պանթյուրքիզմը, ինչը ենթադրում է Մեծ Թուրանի ստեղծում․ դրանից էլ նախևառաջ բխում է հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման Թուրքիայի նպատակը: Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը այսօր ամեն կերպ ձգտում են ստանալ պանթյուրքիզմի շղթան կտրող Զանգեզուրը, որպեսզի կարողանան միավորվել և սկիզբ դնել պանթյուրքիզմի երկրորդ փուլին՝ թյուրքալեզու ժողովուրդների միավորմանը, որին, ըստ տրամաբանության, պետք է հաջորդեն մինչև Ալթայ և Չինաստան ընկած տարածքների, այսինքն` «թուրքական հայրենիքի» նվաճումը և Մեծ Թուրանի հռչակումը7: Քանի որ պանթյուրքիզմի առաջին փուլը՝ արևմտահայության ցեղասպանությունը, երիտթուրքերն ու հետագայում նաև Մուստաֆա Քեմալը իրականացրել են, ապա Էրդողան-Ալիև տանդեմը լծվել է երկրորդ փուլի իրագործմանը, իսկ դա ենթադրում է, որ «պետք է միավորվեին օղուզ թյուրքերը՝ օսմանյան թուրքերը, Հյուսիսային Պարսկաստանի ու Այսրկովկասի թյուրքալեզու մահմեդականները և թուրքմենները:

Այս փուլը ենթադրում էր արևելահայության ամբողջական կամ մասնակի բնաջնջում. Արևելյան Հայաստանից նվազագույնը գրավվելու էին Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Նախիջևանը, Զանգեզուրը և Արցախը, որպեսզի կապ ստեղծվեր կովկասյան թյուրքերի (1936 թվականից` ադրբեջանցիներ) հետ: Ըստ այդմ էլ. «Կյանքի էր կոչվում ոչ միայն «Թուրքիան` թուրք-օսմաններին» լոզունգը, այլև թրքախոս ժողովուրդներին իրենց ենթարկելու, Անդրկովկասը զավթելու, Միջին Ասիայի, Ռուսաստանի, Պարսկաստանի հսկայածավալ տերիտորիաներն Օսմանյան կայսրությանը կցելու կարգախոսը»8:

Նիկոլ Փաշինյանն այս մասին չգիտի՞․ իհարկե, գիտի, բայց նպաստում է պանթյուրքիզմի իրականացմանը, որին ի նպաստ արված առաջին քայլը Արցախի հանձնումն էր, հաջորդը կլինի Սյունիքի, այսպես կոչված, միջանցքի հանձնումը, ինչն էլ շղթայական ռեակցիա կառաջացնի: Հետևաբար ամենևին էլ պատահական չէր, որ Թուրքիա ուղարկված օգնությունը դարձավ լոկ արտաքին ճակատում մեկ-երկու հայ պաշտոնյաների ու Նիկոլի գլուխը շոյելու փոքրիկ առիթ, որն օգտագործեց միայն եվրոպացի շարքային պաշտոնյա, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Վաղը Անկարայի կողմից Հայաստանի ու Արցախի հանրապետություններին ուղղված նոր սպառնալիքի, առաջադրված նախապայմանի դեպքում միջազգային հանրությանն ուղղված Երևանից հնչեցվելիք օգնության կանչին լինելու է զարմացական արձագանք, թե կարծես Մարգարայի կամուրջը շահագործելու ցանկությամբ հայ-թուրքական հակամարտությունն ավարտվել էր9։

Արդեն փետրվարի 23-ին Ադրբեջանի պահանջով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին հեռացրեց Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնից, մինչդեռ Ադրբեջանի նպատակը Ռուբեն Վարդանյանը չէր, այլ Արցախը կլանելը և Հայաստանը ստրկացնելը: Դրան Ղարաբաղի մասով գոնե Ռուբեն Վարդանյանը խանգարում էր: Հիմա Վարդանյանին հանելով՝ իրենք քայլ առ քայլ մոտենալու են Ղարաբաղի կլանմանը10:

Մարտ, ապրիլ և մայիս ամիսներն անցան աշխարհի տարբեր երկրներում ՀՅԴ Հայ դատի կառույցների և Հայաստանում մտահոգ շրջանակների կողմից Արցախին զորակցության ցույցերով ու ակցիաներով, իսկ մայիսի 20-ին ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Կոռնիձորում՝ Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակված Բերձորի միջանցքից չնչին հեռավորության վրա, Հայաստանի տարբեր հատվածներից հավաքված հազարավոր քաղաքացիներ երթով և հանրահավաքով իրենց զորակցությունը հայտնեցին Արցախին։ Նույն պահին Արցախում նույնպես երթ էր՝ հաջակցություն Կոռնիձորում հավաքված հայրենակիցների: Արցախցիները Ստեփանակերտի զինվորական պանթեոնից քայլերթով շարժվել են դեպի Արցախը Մայր Հայաստանին կապող ավտոճանապարհի Զառին բաղ կոչվող տեղամաս11։

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, իրեն նման չէր լինի, եթե հասարակության ուշադրությունը շեղելու համար մի նոր շոու չկազմակերպեր։ Փաշինյանական շոու ծրագրում այս անգամ Աշոտ Փաշինյանի «առևանգումն» էր, որի մեջ մեղադրեցին զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին, որի նկատմամբ կալանքի որոշում կայացվեց: Ընդդիմադիր շրջանակներում ընկալումը հետևյալն էր. «Այս իշխանությունը խափանման միջոցը դիտարկում է որպես պատիժ և մահակ բոլոր նրանց համար, որոնց չի սիրում։ Ինչո՞ւ է պետք կալանավորել տիկին Գայանեին, արդյո՞ք որևէ բանական մարդ կասկածում է, թե տիկին Գայանեն կարող է ազդել գործի քննության վրա կամ խուսափել արդար քննությունից։ Սա քաղաքական սադիզմ է. Փաշինյանի իշխանությունը փորձում է պատժել իր ընդդիմախոսներին «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով»12:

Մայիսի 28-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, նախագահ վերընտրվեց Էրդողանը․ նույն օրը Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ․ «Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ, որ կշարունակենք համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»13։ Բանական մարդու մոտ հարց է ծագում, թե ի՞նչ կարգավորումից է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ Թուրքիայի ու անձամբ Էրդողանի համար հայ-թուրքական «հարաբերությունների կարգավորումը» նախևառաջ ցեղասպանության պահանջատիրությունից հայերի հրաժարումն է ու պանթյուրքիզմի իրականացման համար, այսպես կոչված, միջանցքի տրամադրումը։ Թեև, դատելով Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունից ու պահվածքից, նա ամենևին էլ դեմ չէ ցեղասպանության ուրացմանն ու թուրքերին Մեղրիով միջանցք տալուն, և միգուցե հենց դա՞ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «հարաբերությունների կարգավորում» ասելով, ճիշտ այնպես, ինչպես «Արցախյան հակամարտության կարգավորում» և «զրոյական կետից բանակցությունների վարում» ասելով՝ հասկանում էր Արցախի դավաճանական հանձնումը Ադրբեջանին:

Հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Էրդողանի երդման արարողությանը՝ ամոթի ու նվաստացման հերթական արարն ապահովելով Հայաստանի ու հայության համար։ Էրդողանն, իհարկե, իր «բարոյական աջակցությունը» ցույց տվեց նրան՝ գովելով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համար․ «Մենք Փաշինյանի հետ այցի ժամանակ ոտքի վրա զրուցեցինք։ Շատ կարևոր է, որ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Մինչ այս պահը Փաշինյանն իր խոսքից հետ չի կանգնել»14:
Օգոստոսի 7-ին, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականից հետո ԱԺ խորհրդարանի կողմից հրավիրված նիստում ԱՀ ԱԺ նախագահ ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը15։ Թվում էր, թե Արցախի ծանր իրավիճակը հաղթահարելու ելքեր են ուրվագծվում, սակայն Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը ձեռքերը ծալած չէր նստել, բայց այդ մասին մի փոքր ուշ:
Օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով նախորդ օրը Ադրբեջանի կողմից Ակնայով «հումանիտար» բեռ ուղարկելուն ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ասաց, որ հումանիտար բեռի համար մեկ ճանապարհ կա․ Լաչինի միջանցքն է16. «Եվ այդ միջանցքով անխափան երթևեկությունը պետք է վերականգնվի: Դա ամրագրված է նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով: Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման ադրբեջանական թեզին, ապա դա նորություն չէ: Շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը արևմտյան գործընկերների, ռուսական գործընկերների միջոցով փորձել է այդ մտադրությունը ներկայացնել և իրականություն դարձնել:

Ադրբեջանի երեկվա քայլը մեզ հասկանալի է, նախ՝ անընդունելի է։ Բավականին քննարկումներ են եղել, մեր հասարակությունը պետք է տեղեկացված լինի, որ Արցախի իշխանությունների քննարկումները հանգել են նրան, որ այդ ճանապարհի գործարկումը անընդունելի է մեզ համար մի շարք պատճառներով: Պատճառներից մեկն այն է, որ մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինը և երկրորդ՝ միջանցքի հասկացողություն մեզ համար չպետք է ամրագրենք: Ադրբեջանը, քաղաքական նպատակներ հետապնդելով, փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրենք ներքին խնդիր ունեն, և Արցախի հումանիտար ճգնաժամը չի կարող առնչվել արտաքին աշխարհի հետ: Այս խնդիրը հասել է ՄԱԿ-ի ԱԽ»17:

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ԱԺ-ին ներկայացրեց իր հրաժարականի դիմումը: Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի կողմից երկրի նախագահ ընտրվեց Սամվել Շահրամանյանը, նույն օրը խորհրդարանում նախագահ Շահրամանյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ ևս կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:

Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ»18։ Այս իրադարձությունները Թուրքիայի, Ադրբեջանի ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության սրտով չէին, և ինչպես ասացինք, Էրդողան-Ալիև-Փաշինյան եռյակը չէր պատրաստվում ձեռքերը ծալած նստել։ Ընդամենը 10 օր էր, ինչ Սամվել Շահրամանյանը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը, երբ սեպտեմբերի 19-ին Արցախի տեղեկատվական շտաբը լուր տարածեց ադրբեջանական լայնածավալ հարձակման մասին։ Թշնամու դեմ միայնակ մնացած Արցախը հերոսաբար մաքառում էր, իսկ այդ նույն ժամանակ 1991 թ․ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետության այսօրվա «թավշյա» վարչապետը հայտարարեց. «Այս գործընթացի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է, սա նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել»19, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ շարունակելու ցեղասպանությունը Արցախում։ Միայնակ մնացած, ջլատված ու Հայաստանի իշխանությունների կողմից լքված Արցախը ստիպված եղավ զենքերը վայր դնել և հանձնվել, իսկ դա նշանակում էր Արցախի անխուսափելի հայաթափում:

Սեպտեմբերի 28-ին լուր տարածվեց այն մասին, որ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով. «մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»20, սակայն հոկտեմբերի 20-ին Սամվել Շահրամանյանը հերքեց այդ լուրը՝ ասելով, որ Արցախի Հանրապետությունը չի լուծարվել21:

Արցախի հայաթափումը առաջ բերեց հանրային լայն ընդվզում, որն, իհարկե, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի «թավշյա» կառավարությունը ճնշեց ամենաբիրտ ու ամենավայրենի միջոցներով:

Նոյեմբերն անցավ բռնագաղթված արցախցիներին օգնություն ցուցաբերելու հասարակական տարբեր նախաձեռնություններով:

2023 թ․ ավարտվում է, հստակ չէ, թե ինչ իրադարձություններ տեղի կունենան 2024 թ․, թեպետ դժվար չէ կռահել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում Հայաստանի Հանրապետության համար հուսադրող ոչինչ չի կարող լինել: Հետևաբար շարունակում ենք պնդել այն, ինչ բազմիցս ասել ենք․ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում օր առաջ ազատվել Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունից, որպեսզի Հայաստանը «շնչելու», ոտքի կանգնելու և գալիք մարտահրավերներին դիմագրավելու հնարավորություն ունենա:

____________________________________

Ծանոթագրություններ

1.https://www.arfd.am/new/news/61429/?fbclid=IwAR2F0NolPbDOGOtdjoFjzyXDJiO2SFML5pu16oRiSrjbAE7_tix9W0jEj80 (մուտք՝ 20.12.2022 թ.)։
2.https://www.arfd.am/new/news/61516/?fbclid=IwAR1nKD1dylXCQw0nxE6xXVO7f76BMfR7LiElrC57IY4crJZxeNYDkL88Zh0(մուտք՝ 20.12.2022 թ.)։
3. https://hetq.am/hy/article/152251(մուտք՝ 20.12.2022 թ.)։
4. https://hetq.am/hy/article/152260(մուտք՝ 20.12.2022 թ.)։
5. https://yerkir.am/hy/article/2023/02/11/7623(մուտք՝ 20.12.2022 թ.)։
6.https://www.arfd.am/new/news/62129/?fbclid=IwAR1_A_PmVx3I3KPe5BuwAv_HG_KxcRufJeKxcCYlCJakiOijf5gr_21hcQk(մուտք՝ 20.12.2022 թ.)։
7. «Դրօշակ», մարտ, 2021, թիվ 3, էջ 34։
8. Կիրակոսյան Ջ., Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, հատ., Ա, Եր., 1982, էջ 208։
9.https://www.arfd.am/new/news/62129/?fbclid=IwAR1_A_PmVx3I3KPe5BuwAv_HG_KxcRufJeKxcCYlCJakiOijf5gr_21hcQk(մուտք՝ 20.12.2022 թ.)։
10.https://www.arfd.am/new/news/62437/?fbclid=IwAR3GgzzgEwwQuUBK9EWS3oeqQvB5f-X9zpw5mrIHdg_NedBNNbq07LReMlE(մուտք՝ 20.12.2022 թ.)։
11. https://yerkir.am/hy/article/2023/05/20/12748(մուտք՝ 20.12.2022 թ.)։
12.https://www.arfd.am/new/news/64942/?fbclid=IwAR1eQovCMUlg9eeuh2OwSWY-zxVfNtAEb-pOAEKboIERvyfj_Ft0gAh0Rd8(մուտք՝ 20.12.2022 թ.)։
13. https://armenpress.am/arm/news/1111991.html(մուտք՝ 20.12.2022 թ.)։
14.https://politik.am/am/xarabaxy-adrbejani-mas-chanacheluc-heto-pashinyann-ir-khosqic-het-chi-kangnum-erdoxan(մուտք՝ 20.12.2022 թ.)։
15.https://www.arfd.am/new/news/66636/?fbclid=IwAR1_A_PmVx3I3KPe5BuwAv_HG_KxcRufJeKxcCYlCJakiOijf5gr_21hcQk։
16.https://www.arfd.am/new/news/67150/?fbclid=IwAR2yrI3qPJ8LwNYXTMEM-0w0DfPebeH-VkOHzu_Q8E1tWWOFM2vtu_ZBvCA(մուտք՝ 20.12.2022 թ.)։
17. Նույն տեղում։
18. https://armenpress.am/arm/news/1119134.html(մուտք՝ 20.12.2022 թ.)։
19. «Դրօշակ», հոկտեմբեր, 2023, թիվ 10, էջ 4։
20. https://mediamax.am/am/news/karabakh/52684/(մուտք՝ 20.12.2022 թ.):
21. https://yerkir.am/hy/article/2023/10/20/19776 (մուտք՝ 20.12.2022 թ.):

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՑԱՆԿ

Գրականություն

1. Կիրակոսյան Ջ., Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, Եր., 1982

2) Մամուլի նյութեր
1. «Դրօշակ», մարտ, 2021, թիվ 3
2. «Դրօշակ», հոկտեմբեր, 2023, թիվ 10

3) Համացանցի նյութեր
1.https://www.arfd.am/new/news/61429/?fbclid=IwAR2F0NolPbDOGOtdjoFjzyXDJiO2SFML5pu16oRiSrjbAE7_tix9W0jEj80(մուտք՝ 20.12.2022 թ.):
2.https://www.arfd.am/new/news/61516/?fbclid=IwAR1nKD1dylXCQw0nxE6xXVO7f76BMfR7LiElrC57IY4crJZxeNYDkL88Zh0(մուտք՝ 20.12.2022 թ.):
3. https://hetq.am/hy/article/152251(մուտք՝ 20.12.2022 թ.):
4. https://hetq.am/hy/article/152260(մուտք՝ 20.12.2022 թ.):
5. https://yerkir.am/hy/article/2023/02/11/7623(մուտք՝ 20.12.2022 թ.):
6.https://www.arfd.am/new/news/62129/?fbclid=IwAR1_A_PmVx3I3KPe5BuwAv_HG_KxcRufJeKxcCYlCJakiOijf5gr_21hcQk(մուտք՝ 20.12.2022 թ.):
7.https://www.arfd.am/new/news/62129/?fbclid=IwAR1_A_PmVx3I3KPe5BuwAv_HG_KxcRufJeKxcCYlCJakiOijf5gr_21hcQk(մուտք՝ 20.12.2022 թ.):
8.https://www.arfd.am/new/news/62437/?fbclid=IwAR3GgzzgEwwQuUBK9EWS3oeqQvB5f-X9zpw5mrIHdg_NedBNNbq07LReMlE(մուտք՝ 20.12.2022 թ.):
9. https://yerkir.am/hy/article/2023/05/20/12748(մուտք՝ 20.12.2022 թ.):
10.https://www.arfd.am/new/news/64942/?fbclid=IwAR1eQovCMUlg9eeuh2OwSWY-zxVfNtAEb-pOAEKboIERvyfj_Ft0gAh0Rd8(մուտք՝ 20.12.2022 թ.):
11. https://armenpress.am/arm/news/1111991.html(մուտք՝ 20.12.2022 թ.):
12.https://politik.am/am/xarabaxy-adrbejani-mas-chanacheluc-heto-pashinyann-ir-khosqic-het-chi-kangnum-erdoxan (մուտք՝ 20.12.2022 թ.)
13.https://www.arfd.am/new/news/66636/?fbclid=IwAR1_A_PmVx3I3KPe5BuwAv_HG_KxcRufJeKxcCYlCJakiOijf5gr_21hcQk(մուտք՝ 20.12.2022 թ.):
14.https://www.arfd.am/new/news/67150/?fbclid=IwAR2yrI3qPJ8LwNYXTMEM-0w0DfPebeH-VkOHzu_Q8E1tWWOFM2vtu_ZBvCA(մուտք՝ 20.12.2022 թ.):
15. https://armenpress.am/arm/news/1119134.html(մուտք՝ 20.12.2022 թ.):
16. https://mediamax.am/am/news/karabakh/52684/ (մուտք՝ 20.12.2022 թ.):
17. https://yerkir.am/hy/article/2023/10/20/19776(մուտք՝ 20.12.2022 թ.):

Անի Մելքոնյան