կարևոր
283 դիտում, 1 ժամ առաջ - 2024-11-26 15:43
Հասարակություն

Կիրանցում «ապագա կա»-ն դարձել է «ապագա չկա». Ոսկան Սարգսյան

Կիրանցում «ապագա կա»-ն  դարձել է «ապագա չկա». Ոսկան Սարգսյան

Փաստացի առաջնագիծ դարձած Կիրանց գյուղում նախկինի նման նախատոնական տրամադրվածություն չկա: Ամիսների առաջ, երբ սահմանազատման անվան տակ կիսվեց Կիրանցը, այսօր այնտեղ մի շարք խնդիրներ են առաջ եկել:  

Yerkir.am-ի հետ զրույցում տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը ներկայացրեց՝ ինչպե՞ս են մարդիկ ապրում  ցնցումներից հետո «ոտքի կանգնող» Կիրանցում: Բացի թշնամու սահմանից 30 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցում ջեռուցման խնդրից, որի մասին երեկ էինք հայտնել, Կիրանցը մեկ այլ խնդրի առաջ է կանգնել. մարդիկ աշնանանցան չեն արել: Սարգսյանի խոսքով՝ կիրանցեցիները դժվար կացության մեջ են. չգիտեն՝ ինպե՞ս են դիմավորելու և անցկացնելու ձմեռը, ինչպե՞ս պիտի գոյատևեն, չէ՞ որ ապրելու միակ միջոցն անասնապահությունն էր, որով հիմա մարդիկ հիմնականում չեն զբաղվում: 

«Գյուղում անասնապահությամբ զբաղվողները շատ քիչ են, անասունների գլխաքանակը շատ է պակասել: Ախր արոտավայրերը մնացին ադրբեջանցիների վերահսկողության տակ, մարդիկ որտե՞ղ արածեցնեն իրենց անասուններին: Այնպիսի տպավորություն է՝ կարծես գյուղի թևը կտրված լինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ թշնամին սահմանազատված հատվածներից հետևում է գյուղի անցուդարձին, դե, իսկ Փաշինյանն ավելի վաղ, իր ձևակերպմամբ՝ «պատասխանատու» կերպով, Կիրանցում  հայտարարում էր, թե Հայաստանի անկախության պատմության մեջ Կիրանցում դպրոց գնալն ու այնտեղ ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել,  քան այսօր: 

Այս ամենի համատեքստում լրագրողը մեկ այլ դիտարկում արեց՝ մարդկանց վրա հասած դժվարությունների ֆոնին կիրանցեցիները մնացել են իրենց տնամերձ հողամասերում աճացվող  բերքի հույսին: Սրանք որոշ չափով կթոթափեն մարդկանց  բեռը, բայց մարդիկ դրանք չեն կարող վաճառել ու գումար աշխատել: 

«Կիրանցում  նաև ոռոգման ջրի խնդիր էլ է առկա, հողերը սահմանամերձ գոտում են, չեն մշակվում: Բայց այստեղ ամենացավոտն այն է, որ մարդիկ ապագայի նկատմամբ իրենց հույսը կորցրել են. գյուղերը լքելու մասին շատ են մտածում»,- ասաց նա ու միաժամանակ հիշեցրեց  Փաշինյանի 2021 թվականի նախընտրական կարգախոսը, թե «Ապագա կա՛, կա՛ ապագա»:

«Այդ «Ապագա կա՛» կարգախոսն «Ապագա չկա՛» է դարձել: Փաշինյան ինչ ասում է, դրա հակառակը պիտի հասկանալ. եթե խոսում է խաղաղության մասին, ապա պետք է պատերազմ հասկանալ, եթե խոսում է պետության կայացած լինելուց, ապա պիտի հասկանալ՝ մեր պետությանը վտանգ է սպառնում»,- եզրափակեց նա: