կարևոր
271 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-26 23:09
Հասարակություն

Գարեգին Բ-ն քահանաներին հորդորել է հայորդիների սրտերում զորացնել հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը

Գարեգին Բ-ն քահանաներին հորդորել է հայորդիների սրտերում զորացնել հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը

Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի առաջնորդությամբ:

Հայր Հարությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։ Նարեկ Սրբազանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Հայոց Հովվապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։

Այնուհետև քահանայական ձեռնադրության առիթով հոգևորականներին շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները:

Վեհափառ Հայրապետը հորդորել է նորաօծ քահանա հայրերին լինել արժանավոր եկեղեցականներ, իրենց նվիրյալ ծառայությամբ բարձր պահել Հայոց Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը, զորացնել հայորդիների սրտերում աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը։ Հայոց Հովվապետը ձեռնադրյալներին պատգամել է հոգեխնամ ու կրթադաստիարակչական գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանա հայրերին՝ մաղթելով արդյունաշատ հոգևոր առաքելություն: