Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցվել է Ուդի համայնքի տնօրինությանը։ Ըստ monumentwatch.org-ի, 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:
Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի հետ, ով Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում ձեռնադրված վերջին քահանան էր և ներկայում իր հոգևոր ծառայությունն է իրականացնում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում։ Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե Ուդի համայնքն ինչպե՞ս է տնօրինելու Դադիվանքը և եկեղեցու ճակատագիրն ինչպե՞ս է կանխորոշվելու։
«Ցավով եմ նշում, բայց մի կողմից չարյաց փոքրագույն կարելի է համարել այն առումով, որ Դադիվանքը, որպես կառույց, գոնե այդ կերպ կպահպանվի և հիմնահատակ չի ավերվի․ սա իմ անձնական կարծիքն է։ Մտահոգիչն այն է, որ կձևափոխեն հայկականությունը փաստող ամեն ինչ, իսկ Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի, հատկապես արևելյան պատի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը»,-ասաց Տեր Վաչագանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հատկապես միջնադարյան հոգևոր կառույցները, հուշակոթողները, իսկ որոշներն էլ փոխանցում է ուդիների տնօրինությանը։ Տեր Վաչագանը կարծում է, որ Դադիվանքի ճակատագրին կարժանանա նաև Գանձասարի վանքը և այն նույնպես կփոխանցվի Ուդի համայնքի տնօրինությանը։
Հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ Ուդի համայնքի տնօրինմանը Դադիվանքը, իսկ հետագյում Գանձասարը փոխանցելը և հիմնահատակ չավերելը պայմանավորված է Ադրբեջանի ներքին վախերով, Տեր Վաչագանը չբացառեց․
«Հնարավոր է, ամեն դեպքում մուսուլմանական աշխարհում միանշանակ չէ քրիստոնեական արժեքների ոչնչացումը․ ես, օրինակ, մանկուց պատմություններ եմ լսել, որ Գանձայի տարածաշրջանում իրենց մոլլան չի թողել, որ հայկական եկեղեցի քանդեն, այլ հողի տակ ծածկել են զուտ նրա համար, որ չքանդեն։ Էդպիսի բլուրներ կան, որ մեծերն ասում են դրանց տակ եկեղեցիներ են թաքցված, իսկ էս տարբերակով կարծում եմ Ադրբեջանը հայտ է ներկայացնում ՝ Արցախի տարածաշրջանում իրենց ներկայության համար՝ ուդիներին դարձնելով իրենց ձեռքի գործիքը։ Փաստն այն է, որ ուդիներն այս տարածքում չեն եղել, նրանք, որպես էթնիկ միավոր, Քուռ գետից այն կողմ են եղել, շփումը նույնիսկ հայերենով է եղել ու իրենց եեղեցին էլ կախում է ունեցել Հայոց եկեղեցուց։ Նույնիսկ Սրբալույս մյուռոնը Հայոց եկեղեցուց են վերցրել, Հայոց եկեղեցու իրավազորության ներքո են միշտ եղել»,-ասաց Տեր Վաչագանը։
Մեր դիտարկմանը, ըստ որի՝ Մայր Աթոռը, Արցախի թեմը հնարավոր բոլոր տարբերակներով աշխարհին լսելի են դարձնում այդ խնդրի մասին, և հարցին՝ թե այս ընթացքում ի՞նչ գործուն քայլեր են արվել այդ ուղղությամբ, Տեր Վաչագանն ասաց, որ Մայր եկեղեցին շարունակում է իր օրակարգում ակտուալ պահել Արցախի վտանգված հոգևոր կառույցների և մշակութային ժառանգության թեման։
«Ցավոք, միակ կառույցը, որը պաշտոնապես զբաղվում է այդ խնդիրներով, Եկեղեցին է․ պետական աջակցություն չկա, այդ իսկ պատճառով դժվար է միանգամից զգալի արդյունքի հասնել ։ Բայց Մայր եկեղեցին իր հնարավորության սահմաններում փորձում է հարցը բարձրացնել՝ թե՛ աղվանականացման, թե՛ ոչնչացման վերաբերյալ»,-ասաց մեր զրուցակիցը։
Հերմինե Զեյնալյան