Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց, թե որոշել է կրճատել պետական ապարատի ծառայողական մեքենաների թիվը, և վերցրել է ցուցակն ու խազեր քաշել տարբեր գերատեսչությունների բալանսում գտնվող մի շարք մեքենաների վրա: Դա նշանակում է, որ այդ մեքենաները պետք է կրճատվեն և այլևս չեն ծառայելու որպես «պադավատ»:
MediaHub-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի որոշման առաջին հարվածները հասցվել են Ազգային ժողովին և անձամբ Ալեն Սիմոնյանին: Եւ սա այն դեպքում, երբ ԱԺ աշխատակազմը, որքանով տեղեկացանք, եկող տարվա բյուջեով դեռ նոր մեքենաներ է պատրաստվում ձեռք բերել:
Այս մասով MediaHub-ը առանձին հարցում է ուղարկել ԱԺ աշխատակազմ:
Լրատվամիջոցին հայտնել են, որ Փաշինյանը խազեր է քաշել ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին սպասարկող մի շարք մեքենաների վրա` զրկելով նրանց «պադավատներից»: Կրճատվող մեքենաների թվում են ԱԺ հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներին սպասարկող մեքենաները, նույնիսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին սպասարկող մեքենան է կրճատման տակ հայտնվել: Կարճ ասած` մնալու է Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն, հավանաբար տեղակալներին սպասարկող Toyota Camry-ները ու ևս մի քանի մեքենա:
Բայց սա ամենը չէ: MediaHub-ը տեղեկացել է, որ Փաշինյանը հանձնարարել է կրճատել նաև ԱԺ նախագահի ընտանիքին սպասարկող մեքենան` այն սև Toyota Prado-ն, որ պետության հաշվին սպասարկում է Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հիմնականում` մորը և զավակներին: Սա նշանակում է, որ կրճատումից հետո Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն այլևս մեր հարկերի հաշվին «հույժ կարևոր գործերով» դպրոց, խանութ ու վարսավիրանոց կամ հանգստյան օրերին քաղաքից դուրս չեն գնալու` դրանով ոչ մի օգուտ չտալով պետությանն ու հանրությանը: Փոխարենը, Սիմոնյանի ընտանիքին սպասարկող մեքենայի կրճատման հաշվին պետական միջոցների հսկայական խնայողություն կարվի` հարյուրավոր լիտրերի բենզին, թանկարժեք ամենագնաց` իր սպասարկման ծախսերով, վարորդ և այլն:
Այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար MediaHub-ը դիմել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակին, սակայն որոշ ճշտումներ անելուց հետո ստացանք հետևյալ պատասխանը. «Այդ թեմայով մեկնաբանություն չունենք»: Այսինքն` ոչ հերքեցին, ոչ հաստատեցին:
Հնարավոր է` ԱԺ-ից չգիտեն ինչ պատասխանել, որովհետև գուցե գործընթացը դեռ խմորման փուլում է, և պաշտոնապես դեռ ձևակերպված չէ, ուստի «անշառ» պատասխան են տալիս, թե` «մեկնաբանություն չունենք»: Իրականում, մեզ ասացին, որ կառավարությունից մեքենաների կրճատման վերաբերյալ գրությունն արդեն ուղարկվել է ԱԺ աշխատակազմ, և հիմա մտածում են` ինչպես դա կազմակերպել: