կարևոր
358 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-27 15:51
Տարածաշրջան

Վրաստանի ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից

Վրաստանի ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից

Վրաստանի նոր գումարման խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամները ծրագրում են օրենսդիր մարմին մտնել՝ պաշտոնապես հրաժարվելու իրենց մանդատներից, հայտնում է apsny.ge կայքը։

Ընդդիմությունը գրավոր կհրաժարվի խորհրդարան մտնելուց, քանի որ այդ խորհրդարանը հակասահմանադրական է համարում։ Ընդդիմադիր կոալիցիաները հրաժարվել են նոր խորհրդարանում իրենց մանդատներից, և նրանց գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն չեղարկել է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է ընդդիմադիր «Հանուն փոփոխության», «Միասնություն-Ազգային շարժում» և «Հզոր Վրաստան» կոալիցիաների կուսակցական ցուցակում առաջադրված մնացած թեկնածուների գրանցումը։

«Թե սրանից հետո ինչպես կշարունակվի գործընթացը, ոչ ոք չգիտի, բայց ամեն դեպքում դա մեր կամքն է։ Խորհրդարան չկա, այն սկզբից մինչև վերջ ոչ լեգիտիմ է»,- ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Զուրա Ջափարիձեն։ 

«Միասնություն-Ազգային շարժման» անդամները նույնպես պատրաստվում են հրաժարվել մանդատներից։

Հիշեցնենք` Վրաստանի ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին հրապարակեց հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն` հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը և խորհրդարանում ստանալով 150 մանդատներից 89-ը: Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները ևհրաժարվում են պատգամավորական տեղերից: