կարևոր
457 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-26 15:03
Աշխարհ

Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» կազմակերպել Վրաստանում․ Լավրով

Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» կազմակերպել Վրաստանում․ Լավրով

Հավաքական Արեւմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում եւ փորձում «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ նիստին, փոխանցում է ТАСС-ը։

«Հավաքական Արևմուտքը հրահրում է ներքին հակամարտություններ, լարվածության օջախներ և չի խորշում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներն օգտագործելուց՝ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչև ուղղակի «գունավոր հեղափոխություններ» սանձազերծելը, ինչպես հիմա փորձում են անել Վրաստանում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Արևմուտքն ակտիվորեն օգտագործում է ոչ կառավարական կազմակերպությունների լայն ցանցը «գլոբալ հարավի և գլոբալ արևելքի պետություններում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար»։ 

«Բանն այն աստիճանի է հասել, որ իրենց կործանարար աշխարհաքաղաքական պլանն իրականացնելու համար, այդ թվում՝ ԱՊՀ-ում, արևմուտքցիները դիմում են ծայրահեղական ուժերի ռեսուրսներին»,- ընդգծել է Լավրովը։

ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ևս նշել է, որ Վրաստանում նոր գունավոր հեղափոխություն իրականացնելու փորձեր արել արևմտյան հետախուզական ծառայությունները, նրանք նաև առաջ են մղել Մոլդովայի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք իրենց ձեռնտու էին։

«Արևմուտքի հետ սիրախաղը կապված է անվտանգության զգալի ռիսկերի հետ, որոնք եվրաատլանտյան վեկտորից ցանկացած շեղման դեպքում կարող են վերածվել ինքնիշխանության և սահմանադրական կարգի լիարժեք սպառնալիքի», - նշել է ԱԴԾ տնօրենը։

Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստը։ Նիստի մասնակիցները քննարկելու են համատեղ աշխատանքի արդյունքները, հետագա փոխգործակցության առաջնահերթությունները։ Խորհրդակցությանը նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասնակցությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստի ժամանակ իր ողջույնի խոսքում հանդես է եկել կոչով՝ ուղղված ԱՊՀ հետախուզական ծառայություններին։