Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զուտ իսլամական երկրներից առաջինը Սիրիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ արձանագրելով, որ Լիբանանը, որն այն ընդունել է 1996 թ-ին, զուտ իսլամական չէ, նաև քրիստոնյա երկիր է և նախագահն էլ քրիստոնյա է։
Սիրիան, որը Ցեղասպանությունից փրկվածների առաջին հանգրվանն էր, 100 տարի չէր ընդունում այդ փաստը նախ՝ որովհետև չէր ուզում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ և երկրորդը՝ կար այն թյուր պատկերացումը, թե մենք Հայոց ցեղասպանությունն ընկալում ենք որպես իսլամի գաղափարախոսության հետևանք՝ նշեց Աշոտ Մելքոնյանը։
«Միայն մասնագետներն էին այդ նրբությունը նկատել, որ օսմանցիները՝ թուրքերը, նենգաբար օգտագործեցին իսլամի հանգամանքը հայերի նկատմամբ Ցեղասպանություն իրականացնելու համար և այդ ոճրագործությունները նրանք իրականացնում էին իսլամական դրոշի ներքո։ Այն դեպքում, որ, ես հիշում եմ, 2004 թ-ին ցեղասպանագետների միջազգային կոնգրեսում, որը տեղի ունեցավ Ստոկհոլմում, Եգիպտոսի ներկայացուցիչը՝ սոցապ նախարարը, ելույթում ասաց՝ ես ցավակցում եմ հայ ժողովրդին և ուզում եմ ասել հետևյալը․ իսլամը որևէ կապ չունի ցեղասպանության հետ, թուրքերն այնքան նենգ էին, որ իսլամն օգտագործեցին հայերին բնաջնջելու համար, ստեղծեցին պատրանք, թե իսլամն է բնաջնջման պատճառը, այնինչ պանթյուրքիզմն էր՝ թուրքականությունն էր հիմնական պատճառը»,-ասաց նա։
Թուրքիայի մերժողական հակասիրիական կեցվածքը և Օսմանյան կայսրությունը վերականգնելու նկրտումները աստիճանաբար պարզ դարձան նաև իսլամական աշխարհի համար։ Սիրիայի կողմից՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը, Աշոտ Մելքոնյանի համոզմամբ, կանաչ լույս վառեց նաև մյուսների համար․ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր Եգիպտոսի հետ Թուրքիայի հարաբերությունները լարված են՝ կարող է այդ շղթան անցնել Եգիպտոս, Հորդանան, Իրաք և Իրան»։
Պատմաբանները միշտ ընդգծում են, ոչ չպետք է բավարարվել միայն ճանաչման վերաբերյալ բանաձևումներով, այլ պետք է բովանդակության վրա ուշադրություն դարձնել։
Սիրիայի ընդունած բանաձևի հենց սկզբում Արևմտյան Հայաստան եզրույթն է օգտագործված․ սա խիստ կարևոր է, քանի որ արձանագրվում է, որ ոճրագործությունը կատարվել է հայերի հայրենիք Արևմտյան Հայաստանում, այսինքն՝ Ցեղասպանությանը զուգահեռ տեղի է ունեցել հայերնազրկում՝ ազգին զրկել են իր տնից և նրա հաջորդներին, տրամաբանորեն, պիտի վերադաձնեն հայրենիքը։
Աշոտ Մելքոնյանը այս կարևոր հանգամանքը բացատրեց նաև մեր ազգային կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, Հնչակյանների, նաև Ռամկավարների ակտիվ մասնակցությամբ, որոնք նման բանաձևերի ընդունման նախօրյակին ուսումնասիրում են տեքստը և ուղղորդում դեպի հատուցման ճանապարհ։
«Որովհետև հայրենիքի մասին եթե չես խոսում, ստացվում է՝ օտարի հողում մեզ Ցեղասպանության են ենթարկել, ինչպես, ասենք, հրեաներին, որն էլ Հոլոքոստի ու Ցեղասպանության տարբերություններից է։ Մինչդեռ այս փաստաթուղթը Ռուսատանի, Սլովակիայի և Կիպրոսի բանաձևերից հետո փաստում է հայերի հայրենիք Արևմտյան Հայաստանը։ Ընդ որում, մի դեպքում գրվում է, որ հայերի հայրենիք Արևմտյան Հայաստանում են Ցեղասպանություն իրականացրել, մյուս դեպքում արդեն Սիրիայի տարբեր շրջաններում՝ Հալեպ, Ռաքքա, Հասըկե, Մարգադե, Դեր Զոր՝ հենց արաբ ժողովրդի աչքի առաջ»,-ընդգծեց Աշոտ Մելքոնյանը։
Անցյալ տարեվերջին կոտրված կարծրատիպը՝ ակամայից մերժողականության բաստիոն դարձած ԱՄՆ-ի ճանաչումը և այժմ էլ իսլամական աշխարհում Սիրիայի ճանաչումը, ըստ նրա, ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը 2020 թ-ից նոր փուլ է մտնում։
ԳԱԱ պատմության ինստիտուտը, որի տնօրենն է Աշոտ Մելքոնյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պետական ամենաբարձր մակարդակով պատվեր ստացավ հայրենազրկման մասշտաբները և վերադարձի հնարավորություններն արձանագրող աշխատություն մշակել։ Միջգիտակարգային համերաշխ աշխատանքի արդյունքում ժողովածուն պատրաստ է։
«Այս ժողվածուն կարևոր է նաև նրանով, որ բացի մարդկային ռեսուրսներից արձանագրում է նաև, թե ինչ նյութական ռեսուրսներ ենք կորցել և դրանք հետագայում թուրքերի կողմից շահագործելու արդյունքում ինչ շահույթներ են բերել թուրքական պետությանը։ Ահռելի։ Ընդերքից սկսած՝ առկա կառույցներով․․․ 16-20 միլիարդ ֆրանսիական ֆրանկի մասին, որ խոսել են Փարիզի վեհաժողովում, դա ընդամենը մի չնչին մասն է»,-նշեց Աշոտ Մելքոնյանը։
Այս ժողովածուի հանդեպ ակնկալվող հետաքրքրությունը, ցավոք, չկա։ Միայն ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն է հետաքրքրվել աշխատությամբ, քանի որ խումբ է ստեղծել, որը հատուցման խնդրով է զբաղվում, Ակադեմիան հատորը ուղարկել է, գոհունակությամբ ընդունել են։
Առօրյա թոհուբոհի մեջ այս հարցը հետին պլան է մղվել։ Մինչդեռ, Ցեղասպանության խնդիրը մշտապես կախված է հայ ժողովրդի գլխին՝ համոզված է Աշոտ Մելքոնյանը, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը հօգուտ մեզ՝ կապահովի մեր անվտանգությունը, իսկ խնդրի հակառակ լուծումը կվտանգի ամբողջ Հայաստանը։
«Այսօր էլ արևելյան ճակատում է ցեղասպանության վտանգը կախված․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիկունքին կանգնելով՝ համայն հայությունը պետք է այդ խնդիրը լուծի միմիայն Հայաստան աշխահի բարգավաճման, սահմանների անխախտելիության, ներկա ստատուս քվոն պահպանելու շրջանակներում»,-ընդգծեց Աշոտ Մելքոնյանը։
Նրա համոզմամբ՝ այսօր մեկ հարց գոյություն ունի՝ Արցախը պահելու հրամայականը և անցած տասնամյակները ցույց են տվել, որ մենք դա կարող ենք անել ազգովի։ Նորից պիտի շարունակենք և խոսենք միմիայն ուժի դիրքերից, ասաց նա, որովհետև մենք ենք հաղթողը, մենք պիտի Ադրբեջանին թելադրենք ստատուս-քվո և ոչ թե Ադրբեջանը։
«Վերջին դեբատների ժամանակ Ալիևն այնպես էր խոսում, կարծես թե ազատագրված տարածքների խնդիրը լուծել է, մի հատ էլ մեզ հետ հետագայում կարող է քննարկել Արցախի կարգավիճակի հարցը։ Լկտիությունն էլ հասել է նրան, որ խոսում է Երևանի՝ ադրբեջանական քաղաք լինելու ցնորքի մասին։ Պետք է հիշեցնել, որ Ադրբեջանն այն երկիրն է, որն իր բոլոր հարևաններից զավթել է իրենց քաղաքակրթությունները․ հյուսիսում՝ ավարական, լեզգիական, աղվանական մշակույթն ու պատմությունն է յուրացրել, թուրքմենական՝ կարակոյունլու, աքկոյունլուների ամբողջ մշակույթն է յուրացրել, իրանական Ատրպատական աշխարհի պատմությունն ու մշակույթն է յուրացրել, թալիշների ունեցած-չունեցածը սեփականացրել է և նրանց թուրքացրել։ Ցինիկության գագաթնակետը հասավ նրան, որ հայտարարեցին թե՝ Թիբլիս թաղաքը ադրբեջանական է։ Ադրբեջանն իր յուրացման նկրտումներով ձեռնոց է նետում ամբողջ շրջապատին, այդ թվում՝ հայերին, վրացիներին, լեզգիներին, ավարներին և այլոց»,-ընդգծեց Աշոտ Մելքոնյանը
Այսպիսի հարևան ունենալով, նրա համոզմամբ, Ցեղասպանության մշտական վտանգը մեր գլխին կածված է։ Այս պատճառով էլ՝ խոսելով 1915թ-ի մասին, մշտապես պետք է խոսենք նաև 1905թ-ի Բաքվի ջարդերի մասին, 1918 թ-ին Անդրկովկասի տարբեր հատվածներում ջարդերի և հատկապես 102 տարի առաջ տեղի ունեցած հերթական Բաքվի ջարդերի մասին, երբ Նուրի փաշայի զորքը մտավ և 30 հազար մարդ կոտորեց Բաքվում, դրանից առաջ Արեշի, Շաքիի, Շիրվանի հայության ջարդի մասին, 1920 թ-ին՝ ուղիղ 100 տարի առաջ տեղի ունեցան Շուշիի կոտորածները, որից հետո շղթան հասավ 1988 թ՝ Սումգայիթ, 1989 թ՝ Կիրովաբադ, 1990 թ նորից Բաքու, 1992 թ․՝ Մարաղա և 2016 թ, երբ ադրբեջանցի զինվոր կոչված ասկյարը մարդ էր մորթում․ իսկ Ալիևը շքանշան էր տալիս։
Աշոտ Մելքոնյանը փաստեց․ «Մենք շարունակում ենք այդ տարածաշրջանում ապրել, բայց մենք արդեն թրծվել ենք՝ կռվելու ձևն էլ գիտենք, բոլոր եղանակներն էլ, ճանապարհներն էլ։ Այնպես որ, մեզ հետ չփորձեն կատակել»։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․