կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 10:52
Տարածաշրջան

Եգիպտոսը քննադատել է Էրդողանին` երկրի ներքին գործերին միջամտելու համար

Եգիպտոսը քննադատել է Էրդողանին` երկրի ներքին գործերին միջամտելու համար

Եգիպտոսը արձագանքել է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահվան կապակցությամբ ՄԱԿ-ի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին. հաղորդում է BBC–ի թուրքական ծառայությունը:

Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Հաֆիզը հայտարարել է, որ խստորեն քննադատում են ՄԱԿ-ի` «Մուրսիի մահվան վերաբերյալ անկախ հետաքննություն սկսելու» կոչը: Հաֆիզը նշել է, որ դա «բնական մահը քաղաքականացնելու մտադրված փորձ է»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը հայտարարել էր, որ ձերբակալության մեջ գտնվողի ցանկացած հանկարծակի մահ պետք է քննվի հատուկ, անկողմնակալ, թափանցիկ և անկախ կառույցի կողմից:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ «չի հավատում, թե այդ մահը բնական է»:

Ըստ եգիպտական պաշտոնական MENA լրատվական գործակալության` երկրի Ազգային ժողովի նախագահը Էրդողանին անվանել է «բռնապետ և բռնակալ»: Խոսնակը նշել է, որ «Էրդողանը ահաբեկիչ «Մուսուլման եղբայրներ»-ի հետ սատանայի դաշինք կազմելուց հետո փորձում է աշխարհում փչացնել Եգիպտոսի հեղինակությունը»:

Եգիպտական «Ալ Ահրամ» թերթի համաձայն` 40 տարբեր կուսակցություններից բաղկացած դաշինքը Էրդողանի խոսքերը որակել է որպես «Եգիպտոսի ժողովրդի կողմից մերժված ստեր»: «Էրդողանը, առանց որևէ ապացույց ներկայացնելու, Մուրսիի մահվան մեջ Եգիպտոսին մեղադրելու համար պետք է դատվի Միջազգային քրեական դատարանում»,- ասվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ: