կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-10 21:47
Հասարակություն

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում Արսեն Ավագյանը բանախոսեց Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմների մասին

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում Արսեն Ավագյանը բանախոսեց Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմների մասին

Շաբաթ օրը` հունիսի 8-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպվեց հերթական սեմինարը: Այս անգամվա սեմինարի բանախոսն էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը: Սեմինարին մասնակցեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, Պատանի պատմագետների ակումբի անդամները, թուրքագետներ, գիտնականներ և ուսանողներ: Ստորև ամփոփ ներկայացնում ենք բանախոսի դասախոսության հիմնական ասպեկտները:


Արսեն Ավագյանը ելույթն սկսեց Ցեղասպանության որոշման ընդունման մեխանիզմներին անդրադարձով: Նա շեշտեց, որ հայերի ոչնչացման վերաբերյալ որոշումը, ինչպես երիտթուրքական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կայացրած մյուս որոշումները, երբևիցե չեն արձանագրվել, այլ Կենտրոնական կոմիտեի քարտուղարի կողմից ուղղակի բանավոր հաղորդվել են մյուս անդամներին:

 

Բանախոսը նաև ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմների մասին ճիշտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է նախ հստակ պատկերացնել Միություն և առաջադիմություն կուսակցության բնույթը և ավանդույթները, որոնք, ի դեպ, ըստ պատմաբանի, մինչ օրս պահպանվել են Թուրքիայում: Իթթիհաթ վե թերաքքի կուսակցությունը, Ա. Ավագյանի համաձայն, անցել է կազմավորման 3 փուլ և իշխանության է եկել 1909 թվականին:

 

Պատմաբանն ունկնդիրներին հայտնեց, որ ինքը օսմանյան արխիվում գտել է մի հետաքրքիր փաստաթուղթ` թվագրված 1910 թվականով, այսինքն` այն վերաբերում էր 1909 թ. Ադանայի դեպքերին հետևած ժամանակաշրջանին: Սույն փաստաթղթում մի երիտթուրք Մարաշից գրում էր Իթթիհադի կենտրոնական կոմիտեին և նշում, թե Մարաշի բոլոր ավազակներն ընդգրկվել են Միություն և առաջադիմություն կուսակցության շարքերը: Սակայն նա պատասխան է ստացել ոչ թե հասցեատիրոջից, այսինքն` Իթթիհաթ վե թերաքքի կուսակցության կենտրոնական կոմիտեից, այլ` Ներքին գործերի նախարարությունից: Պատասխան նամակում նշված էր, որ Միություն և առաջադիմությունը շատ լուրջ կազմակերպություն է, որը գողերի և ավազակների տեղը չէ: Ըստ բանախոսի, այս փաստը ցույց է տալիս, որ 1910 թվականից սկսվում է երիտթուրքական կուսակցության և պետական ապարատի միավորման գործընթացը, որը շատ կարևոր է` հետագայում հայերի ոչնչացման մասին որոշման ընդունման և իրականացման տեսակետից, քանի որ տվյալ ժամանակաշրջանում կուսակցությունը և պետությունը առանձին չեն եղել, այլ հանդես են եկել մեկ միասնական համակարգով:

 

Ա. Ավագյանի տեսակետով, հայերի և մյուս քրիստոնյաների ոչնչացման կամ փոխանակման գաղափարը սկսել է հասունանալ դեռևս 1909 թվականին և շրջանառության մեջ դրվել դոկտոր Նազըմի կողմից: Ընդ որում, վերջինս, Բեհաեդդին Շաքիրի հետ մեկտեղ, Հայոց ցեղասպանության հիմնական ծրագրողն ու իրականացնողն էր: Իթթիհադ կուսակցության մեջ ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր դոկտոր Նազըմից և Բեհաեդդին Շաքիրից բաղկացած այս տանդեմի ձեռքում:

 

Դեռևս 1914 թ. Բեհաեդդին Շաքիրն այց է կատարում կայսրության արևելյան շրջաններ` իր հետ տանելով փակ ծրարներ: Դրանք Իթթիհադի կենտրոնական կոմիտեի կողմից ուղղված էին կուսակցության պատասխանատու քարտուղարներին: Վերջիններս էլ հենց տեղում պետք է վերահսկեին հայերի տեղահանությունը և ոչնչացումը: Բազմիցս պատահում էր նաև, որ պատասխանատու քարտուղարները միաժամանակ զբաղեցնում էին նահանգապետի պաշտոնը, ինչպես, օրինակ, Դիարբեքիրի վալի դոկտոր Ռեշիդը:

 

Պատմաբանի համաձայն` հայերի ոչնչացման որոշումն ընդունվել է երիտթուրքերի կուսակցության Կենտրոնական կոմիտեի 1915 թ. փետրվարի նիստում:

 

«Թանին» թերթի խմբագիր Հյուսեին Ջահիդն իր «Ծանոթներս» գրքում հայտնում է, թե բոլոր երիտթուրքերն ասում էին, որ հայերի ոչնչացման ծրագրի հեղինակը եղել է ինքը` Բեհաեդդին Շաքիրը: Ընդ որում, Կենտրոնական կոմիտեի նիստում սույն հարցը ներկայացված է եղել 2 մասով`

 

1.        Հայերի տեղահանում:

2.        Հայերի ոչնչացում:

 

«Տեղահանության մասին» որոշումը պաշտոնապես ընդունվել է 1915 թ. մայիսի 30-ին, թեև հայերի տեղահանությունն սկսվել էր ավելի վաղ: Այն կոչվում է «Տեղահանության ժամանակավոր օրենք»: Օսմանյան սահմանադրության համաձայն` որոշմանն օրենքի ուժ հաղորդելու համար այն պետք է հաստատվեր օսմանյան խորհրդարանի կողմից: Սակայն Էնվեր փաշան առաջնորդվում էր հետևյալ կարգախոսով. «Չկա օրենք, ստեղծի’ր այն» (Yok kanun, yap kanun!): Այդ կարգախոսի բովանդակությունը հետևյալն էր. կառավարության կողմից ընդունել և ի կատար ածել որևէ ժամանակավոր օրենք, իսկ հետագայում` այն վավերացնել խորհրդարանի միջոցով: Իթթիհադական կառավարությունը նման ճանապարհով շուրջ հազար օրենք էր ընդունել: «Տեղահանության օրենքի» պատասխանատվությունն ընկնում էր Ռազմական նախարարության վրա, քանի որ Հատուկ կազմակերպությունը ենթակա էր հենց այդ նախարարությանը:

 

Ըստ բանախոսի, Ցեղասպանության մի մասն իրականացվել է պետական ապարատի` ժանդարմերիայի և, որոշ չափով էլ, բանակի միջոցով, սակայն հիմնական մասը կատարվել է Հատուկ կազմակերպության հրոսակախմբերի կողմից, որոնք բաղկացած էին բանտերից հանված մարդասպաններից, հանցագործներից կամ քրդերից կազմված հատուկ ջոկատներից: Հայերի ոչնչացմանը բանակը մասնակցել է միայն մի քանի տեղերում, հիմնականում այն վայրերում, որտեղ գրանցվել են հայերի դիմադրության դեպքեր, օրինակ` Ուրֆայում: Դրա պատճառներից մեկն էլ, պատմաբանի խոսքով, այն է, որ Իթթիհադի շարքերում կային անդամներ, ովքեր ենթադրում էին, թե հայերի ոչնչացմանը բանակայինների մասնակցությունը կհանգեցներ դասալքության:

 

Ա. Ավագյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանը հասարակության մասնակցության խնդրին: Ըստ նրա` թուրք և, ընդհանրապես, մահմեդական հասարակությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Մեծ եղեռնին, ընդ որում` այն ակտիվորեն է մասնակցել ոչ միայն տեղահանության, այլ նաև` ոչնչացման գործին: Ինչպես այդ մասին իր հուշերում ընդգծում է տվյալ ժամանակաշրջանում Օսմանյան պետության արտգործնախարարը եղած Հալիլ Մենթեշեն, «Անատոլիայում շատ քիչ մարդ կար, որ մասնակցություն ունեցած չլիներ այդ տեղահանության գործին…»:

 

Հասարակության անդամները վստահ էին, որ հայերի ոչնչացման շնորհիվ կարելի է երկիրը փրկել կործանումից, քանի որ շատ ազդեցիկ է եղել բալկանյան սինդրոմը:

 

Ըստ թուրք պատմաբան Մեթե Թունչայի ենթադրության և վերոհիշյալ Հալիլ Մենթեշեի հուշերի` Ցեղասպանության հրահանգները հիմնականում տրվել են բանավոր, հեռախոսով: Սակայն դրանք հաղորդվել են նաև հեռագրերի միջոցով: Ինչպես արձանագրեց բանախոսը, երբ ինքը աշխատել է օսմանյան արխիվներում, նկատել է, որ, մասնավորապես Վանին վերաբերող որոշ հեռագրերի միջև համարակալման մեծ բաց է առկա, այսինքն` մի շարք հեռագրերի ճակատագիրն անհայտ է: Ամենայն հավանականությամբ, դրանք ոչնչացվել են:

 

Արևմտյան Հայաստանից տեղահանված հայերի մեծ մասը, ի տարբերություն Կիլիկիայի հայության, ոչնչացվել է հենց ճանապարհներին:

 

Առաջին փուլում եղել են հայերի 4 համակենտրոնացման ճամբարներ` Դեր Զորի, Ռաս-ուլ Այնի, Մեսքենեի և Ռաքքայի: Հետագայում վերջին երկուսը վերացվել են, և այնտեղ կենտրոնացված հայերին տեղափոխել են Դեր Զոր և Ռաս-ուլ Այն: Համակենտրոնացման ճամբար հասած հայ ժողովրդի ոչնչացումը կազմակերպվել է Դեր Զոր սանջակի կառավարիչ Սալիհ Զեքիի կողմից` տեղի բնակչության օգտագործմամբ:

 

Մելինե Անումյան

Akunq.net