կարևոր
4498 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-23 17:01
Հասարակություն

Լիբանանահայ մտավորական Կարո Տերունյանի այցը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն

Լիբանանահայ մտավորական Կարո Տերունյանի այցը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն

Երեկ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամ այցելեց լիբանանահայ մտավորական, արխիվագետ, Բեյրութում գործող ԳՈՀԱՐ երաժշտական գրադարանի պատասխանատու Կարո Տերունյանը (Կարօ Տերունեան)։

Akunq.net-ի փոխանցմամբ, Կարո Տերունյանը մանրամասներ հաղորդեց իր կյանքի, գործունեության և ԳՈՀԱՐ գրադարանի վերաբերյալ (Գրադարանի կայքէջը՝ https://koharlibrary.com )։

Մասնավորապես նա հայտնեց, որ ծնվել է 1969 թ․, Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում, Հայոց ցեղասպանությունից առաջ հորական կողմից իր նախնիներն ապրել են Մարաշում, իսկ մորական կողմից՝ Կեսարիայում և Տրապիզոնում։ Նա հաճախել է Մեսրոպյան վարժարան, ապա՝ ավարտել Լիբանանի համալսարանը, ամուսնացած է, ունի 2 արու զավակ։

2014-15 թթ․ Կարո Տերունյանն ընդգրկվել է Հայոց ցեղասպանության որբերին նվիրված «Արամ Պէզիքեան» թանգարանի հիմնադիր հանձնախմբի կազմում՝ որպես արխիվագետ։ Ջբեյլի (Ճիպէյլ, Բիբլոս) այս որբանոցի լուսանկարների մեծ մասը գտնվել է հենց Կարո Տերունյանի ջանքերով։ Զուգահեռ նա մասնակցել է ԳՈՀԱՐ գրադարանի աշխատանքներին և ներկայում այդ գրադարանի պատասխանատուն է։

ԳՈՀԱՐ գրադարանի պատմությունը սկզբնավորվում է ԳՈՀԱՐ համույթից, որը հիմնվել է 2002 թ․ Գյումրիի մեջ, Խաչատուրյան ընտանիքի հովանավորությամբ։ Աշխարհի տարբեր երկրներում համերգներով հանդես եկած սույն համույթի գործունեությանը զուգահեռ 2012 թ․ Խաչատուրյան ընտանիքը Բեյրութում հիմնում է ԳՈՀԱՐ երաժշտական մասնագիտական գրադարանը։ Գրադարանն ունի մի հանձնախումբ, որի նպատակը գրադարանը գրքերով ապահովելն է։ Ներկայում գրադարանն ունի 2500 հայկական երգարաններ։ Ըստ պարոն Տերունյանի՝ կարելի է արձանագրել, որ ԳՈՀԱՐ գրադարանն աշխարհում գրեթե միակն է, որում առկա է երաժշտական գրքերի այդչափ մեծ հավաքածու։

Գրադարանում, երգարաններից բացի, կան նաև մեծ թվով, շուրջ 450-500 բառարաններ,  բազմաթիվ՝ 3600 ձայներիզներ ու ձայնապնակներ, որոնք բոլորն էլ հայերեն են։ Գրադարանում գոյություն ունեն Կիլիկիայի Հայոց թագավորությանը և պատմական Հայաստանի նահանգներին, քաղաքներին և գավառներին նվիրված բաժիններ։ Առանձնացված է Հայոց ցեղասպանության, հատկապես Մեծ եղեռնի ականատես վկաների հուշագրությունների բաժինը։ Գրադարանում առկա են նաև հայկական արվեստին, մանավանդ հայկական մանրանկարչությանը վերաբերող գրքեր։

ԳՈՀԱՐ գրադարանը գտնվում է շենքի 5-րդ հարկում, իսկ 4-րդ հարկում գործում է գրադարանի կազմատունը, որի աշխատանքների մեծ մասն ուղղված է գրադարանի ստացած գրքերի նորոգմանը։ Գրադարանն ուսումնասիրության վայր է․ այն բաց է բոլոր ցանկացողների առջև։ Ընթերցողներն ունեն նաև գրքերը նկարելու կամ պատճենահանելու հնարավորություն։ Գրադարանի այցելուներն ստանում են նաև նվերներ։

Պարոն Տերունյանը զրույցի վերջում անդրադարձավ գրադարանում պահվող ամենահին գրքին։ Խոսքը 1633 թ․ Ֆրանչեսկո Ռիվոլայի հայերեն-լատիներեն բառարանն է, որը տպագրվել է Փարիզում։ Գրադարանն այդ գիրքն այցելուներին ներկայացնում է գեղեցիկ կազմով։ Գրադարանն ունի նաև արևմտահայերեն գրքեր, որոնք տպագրվել են Տրապիզոնում, Կոստանդնուպոլսում, Մարզվանում և այլուր։ Գրադարանի այցելուների մեծ մասը երաժշտագետներ են։ Հաճախում են նաև Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ կատարող ընթերցողներ։

Մելինե Անումյան

Akunq.net