կարևոր
1915 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-04 11:46
Աշխարհ

Մոնղոլիան բացատրել է, թե ինչու չի ձերբակալել Վլադիմիր Պուտինին

Մոնղոլիան բացատրել է, թե ինչու չի ձերբակալել Վլադիմիր Պուտինին

Մոնղոլիայի իշխանությունները մեկնաբանել են Միջազգային քրեական դատարանի հրամանով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուց հրաժարվելը: Նրանք այդ քայլը բացատրել են երկրի էներգետիկ կախվածությամբ և քաղաքական չեզոքությամբ։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով երկրի կառավարության խոսնակի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան իր նավթամթերքի 95 տոկոսը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20 տոկոսը ներմուծում է հարևան երկրներից։

«Այս մատակարարումները չափազանց կարևոր են մեր գոյության և մեր ժողովրդի գոյության ապահովման համար: Մոնղոլիան միշտ պահպանել է չեզոքության քաղաքականությունը իր բոլոր դիվանագիտական հարաբերություններում», - ասել է պաշտոնյան:

Այժմ Մոնղոլիան, որը ՄՔԴ անդամ լինելով հանդերձ չի կատարել դատարանի հրամանը, կարող է ենթարկվել պատասխանատվության:

Հիշեցնենք՝ Պուտինը Մոնղոլիա է այցելել երկրի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հրավերով՝ մասնակցելու Խալխին Գոլ գետի վրա Ճապոնիայի զինված ուժերի դեմ խորհրդային և մոնղոլական զորքերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Սա Ռուսաստանի նախագահի՝ ՄՔԴ-ի կողմից իր նկատմամբ ձերբակալման օրդեր արձակելուց ի վեր առաջին այցն է երկիր, որը ստորագրել է ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը։ Մոնղոլիան Հռոմի ստատուտը ստորագրել է 2000 թվականին և վավերացրել այն 2002 թվականին։