կարևոր
19747 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-30 19:32
Արցախ

Ադրբեջանը շարունակում է ջնջել Շուշիի հայկական ինքնության բոլոր վկայությունները

Ադրբեջանը շարունակում է ջնջել Շուշիի հայկական ինքնության բոլոր վկայությունները

Monument Watch-ը ահազանգում է․

«Ադրբեջանը ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբյուրը (https://t.me/reartsakh/22167): Հուշաղբյուրը նվիրված էր Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկներ Վարդան և Վահան Ղարիբյանների հիշատակին: Համաձայն Վարդան և Վահան Ղարիբյանների եղբոր՝ Գևորգ Ղարիբյանի բանավոր վկայության՝ հուշաղբյուրը կանգնեցվել էր եղբայրների հոր և  նրանց մարտական ընկերների կողմից: Հուշաղբյուրի ճարտարապետը և զարդաքանդակների հեղինակն է Էդիկ Գյուլնազարյանը: Այն կառուցվել է 1994-1995 թվականներին:

Հուշաղբյուրը երեսպատված էր բազալտե սալերով, ուներ երկու խորշեր: Խորշերի մոտ ամրացված էին հուշատախտակներ, որոնցից մեկի վրա նշված էր, թե ում է նվիրված հուշաղբյուրը, իսկ մյուսի վրա՝ եղբայրների մարտական ընկերների անուննենրն էին: Հուշաղբյուրի կենտրոնը կամարաձև է, կամարի ներքո փորագրված էին պատմիչ Եղիշեի հայտնի տողերը. ‹‹Մահ իմացեալ անմահություն է, մահ ոչ իմացեալ՝ մահ է››: Կամարի ներսում տեղադրված էր ոճավորված խաչապատկեր, որի երկու կողմերում բուսաերկրաչափական արված էին զարդեր: Դրանցից ներքև ոճավորված վարդյակներ էին, որոնցից էլ դուրս էր գալիս ջուրը:

Կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը շարունակում է Շուշին հայկական ինքնության բոլոր վկայություններից մաքրելու գործընթացը, ուր առաջնային թիրախ են հայ ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանները»: