կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-13 20:23
Հասարակություն Մշակույթ Քաղաքական

Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները

Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրել է․

«Արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծության համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում դիտավորյալ ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը և Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը (https://www.facebook.com/share/p/1FPUU5qGPX/ )։

Արձանագրված ավերածությունները վկայում են ոչ միայն առանձին հուշարձանների ֆիզիկական ոչնչացման, այլև Արցախի հայկական պատմական հիշողության նյութական վկայությունների վերացման շարունակվող վտանգի մասին ։

Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական մեծ պատերազմի հիշատակին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար (https://ukodrf.ru/statya-243-4 )։

Այս իրավական դրույթը կարևոր է այն առումով, որ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների ոչնչացումը չի կարող դիտարկվել որպես սովորական շինարարական կամ տարածքային վերափոխման գործընթաց։ Այն առնչվում է զոհերի հիշատակի, պատմական ժառանգության և հանրային հիշողության պահպանության հիմնարար հարցերին :

Այս քաղաքականության զոհ են դարձել տասնյակ հուշարձաններ և հուշահամալիրներ։ Դրանց ոչնչացումն ու վնասումը հանգեցնում են ոչ միայն առանձին հուշակոթողների կորստի, այլև պատմական միջավայրի ձևափոխմանը, համայնքների հիշողության նյութական հետքերի վերացման և անցյալի մասին վկայող խորհրդանիշների կորստի։


Շուշի

Շուշիում ամբողջությամբ ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Ներկայում այդ տարածքում կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ՝ հայկական հիշողության ամբողջական վերացման և պատմական միջավայրի վերաձևակերպման նպատակով (https://monumentwatch.org/…/destruction-of-the…/ )։

Շուշիում ադրբեջանցի բարբարոսները ոչնչացրել են Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված կիսանդրին։

 Քանդվել է Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Խորհրդային Միության պետական նշանավոր գործիչ Իվան Թևոսյանի կիսանդրին։


Հադրութի շրջան


Մեծ Թաղեր գյուղ

Ավերվել են Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին և «ՄիԳ-17» կործանիչ-հուշարձանը։ Այս հուշարձանները ոչ միայն հիշատակի կոթողներ էին, այլև պատմական դարաշրջանի, ռազմական ավանդույթի և հայ ժողովրդի անցած ուղու նյութական վկայություններ։


Ազոխ գյուղ

Ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի, Հայոց ցեղասպանության և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երեք առանձին հուշարձաններ։ Բացի այդ, պղծվել ու ավերվել է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։


Բերձոր

Քաղաքի կենտրոնում ամբողջությամբ վերացվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը՝ վերացնելով նաև այդ վայրի հետ կապված հանրային հիշողության կարևոր նյութական վկայությունը։


Ստեփանակերտ

Ոչնչացվել են Խորհրդային միության հերոս ԽՍՀՄ նավատորմի հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Ստեփանի Տեր-Իսահակյան) կիսանդրին և Խորհրդային Միության զորավար և մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի արձանը։ Այս հուշարձանների կորուստը հարված է պատմական հիշողությանն ու Արցախի քաղաքային մշակութային միջավայրին։

 Ասկերանի շրջան

Ասկերանի հուշահամալիրը ևս ամբողջությամբ ոչնչացվել է։


Աստղաշեն

Համաձայն Google Earth-ի արբանյակային լուսանկարների համեմատական վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանությունները ոչնչացրել են ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում գտնվող՝ Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը (https://www.facebook.com/share/p/1KzrSWEoXL/ ) Այն կանգնեցվել էր 2012 թվականին՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների։

Նույն ժամանակահատվածում հողին է հավասարեցվել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կառուցվել էր դեռևս 1970-ական թվականներին։


Այսպիսով, նույն բնակավայրում ոչնչացվել են տարբեր պատմական ժամանակաշրջանների պատերազմների զոհերի հիշատակին նվիրված երկու հուշարձաններ։ Դրանց կորուստը նշանակում է ոչ միայն հուշակոթողների ֆիզիկական վերացում, այլև սերունդներին փոխանցվող պատմական հիշողության կարևոր նյութական վկայությունների կորուստ։


Այգեստան


Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել են Այգեստանում Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարը և գյուղի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը (https://www.facebook.com/share/p/1C5fTP1PYB/ )։

Այս փաստերը ևս ընդգծում են, որ վտանգի տակ են հայտնվել տարբեր սերունդների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները՝ անկախ դրանց կառուցման ժամանակաշրջանից, պատմական նշանակությունից և համայնքի կյանքում ունեցած դերից։

Խաչքարերն ու հուշարձանները պարզապես քարե կառույցներ չեն։ Դրանք ազգային ինքնության, պատմական շարունակականության, կոլեկտիվ հիշողության և մարդկային կորուստների մասին վկայող նյութական արժեքներ են։ Դրանց ոչնչացումը զրկում է ապագա սերունդներին պատմական անցյալի անմիջական վկայություններից և խաթարում է պատմական միջավայրի ամբողջականությունը։

Արցախի այլ բնակավայրեր

Հաթերք, Վանք, Եմիշճան, Քարինտակ, Խնածախ, Մարտունի, Ավետարանոց և Արցախի բազմաթիվ այլ բնակավայրերում ավերվել կամ վնասվել են Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններն ու հուշահամալիրները։


Վերոնշյալ ցանկը ամբողջական չէ։ Գրեթե յուրաքանչյուր ամիս արբանյակային նոր լուսանկարները բացահայտում են հերթական ավերածությունները՝ արձանագրելով Արցախի պատմական և մշակութային միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները, հուշարձանների ոչնչացման ու վնասման դեպքերը։


Արբանյակային պատկերների համեմատական ուսումնասիրությունը և դրանց հետևողական փաստագրումը կարևոր նշանակություն ունեն այդ գործընթացները բացահայտելու, ժամանակագրությունը վերականգնելու, ապացույցները պահպանելու և միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Միաժամանակ անհրաժեշտ է յուրաքանչյուր արձանագրված դեպքի վերաբերյալ իրականացնել մասնագիտական ստուգում՝ հնարավորության դեպքում համադրելով արբանյակային տվյալները, լուսանկարները, պատմական աղբյուրներն ու այլ անկախ ապացույցները։

Մշակութային ցեղասպանության վտանգը շարունակվում է իրական ժամանակում, իսկ արձանագրվող ավերածությունների աշխարհագրությունն ու ծավալները տարեցտարի ընդլայնվում են։


Միջազգային կառույցների, մասնագիտացված կազմակերպությունների և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում գործող հաստատությունների առջև ծառացած է հրատապ խնդիր՝ արձանագրել փաստերը, ապահովել դրանց անկախ ուսումնասիրությունը, պահանջել պատասխանատվություն և ձեռնարկել արդյունավետ քայլեր՝ մշակութային արժեքների հետագա ոչնչացումը կանխելու ուղղությամբ։


Անհրաժեշտ է իրականացնել Արցախի պատմական և մշակութային ժառանգության օբյեկտների շարունակական արբանյակային մշտադիտարկում՝ պարբերաբար փաստագրելով դրանց նկատմամբ իրականացվող փոփոխությունները, վնասման, ոչնչացման և վերափոխման դեպքերը։


Պատմական հիշողության ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք։ Յուրաքանչյուր հուշարձան, յուրաքանչյուր խաչքար և յուրաքանչյուր հուշահամալիր պատմական վկայություն է, որի պահպանումը միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է։

Փաստագրել։ Պահպանել պատմական հիշողությունը։ Պահանջել պատասխանատվություն։ Կանխել մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը»։