Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական Հեղափոխության բարձր ղեկավարություն՝ այաթօլլահ Խամենեին բաց թեքստով արտահայտեց Իրանի կարմիր գծերով հատկանշվող ռազմավարությունը՝ հարավային Կովկասի գեոպոլիտիկայի անփոփոխելիության և Հայաստան-Իրան պատմական հաղորդուղու անխափան պահպանման մասին։
Իրանի աշխարհա-քաղաքական և անվտանգության դոկտրինաները, անտարակույս, ակունք են առնում, ինչպես նրա ազգային շահերից ու տարածքային ամբողջականության սկզբունքից, այնպես էլ՝ պատմա-քաղաքական իրողություններից։
Սույն գրառմամբ, ցանկանում եմ անդրադառնալ տվյալ ակունքներից մեկին՝ Էթեմադ ուլ-Սալթանեին (1843-1896թթ.) վկայություններին.
Ատրպատականի Մարաղա քաղաքում ծնված, Էթեմադ ուլ-Սալթանե (թարգմանաբար՝ «միապետության վստահելի») մականունը ստացած՝ Մոհամմեդ Հասան Խան Մողադդամ Մարաղեին եղել է Ղաջարների արքունիքի և Նասերեդդին Շահի ժամանակաշրջանի պետական այրերից և հեղինակն է բազմաթիվ աշխատությունների: Հայրը՝ Հաջի Ալի Խանը եղել է Նասերական արքունիքի Հաջեբ ալ-Դոլեն (թարգմանաբար՝ «պետության գաղնիքի պահապան»):
Էթեմադ ուլ-Սալթանե ուսանել է «Դար ուլ-ֆոնուն» (տեխնիկական) դպրոցում և ստացել ռազմական կրթություն: Նա տիրապետել է նաև ֆրանսերենին: Եղել է զինվորական հարցերով փաստաբան, շահի բարձրակարգ գեներալ, Խուզիստան նահանգի Նայեբ ալ-վելայեն (թարգմանաբար փոխմարզպետ), Ֆրանսիայում Իրանի ռազմական կցորդը և վերջապես թագավորի հատուկ թարգմանիչը: Էթեմադ ուլ-Սալթանեն Փարիզում ուսանել է պատմություն, աշխարհագրություն ու ֆրանսիական գրականություն: Ֆրանսիայում ապրելու տարիներին սովորել է նաև անգլերեն լեզու:
Թեհրան վերադառնուց հետո, շահը նրան նշանակել է թագավորական հատուկ թարգմանչական ծառայությունների ղեկավար և հատուկ թարգմանիչ, ապա հրատարակչությունների նախարար: Պաշտոնավարման տարիներին, նրան հաջողվել է հրատարակել ժամանակակից գիտնականների մեծ թվով ստեղծագործությունները: Էթեմադ ուլ-Սալթանեն անդամակցել է Փարիզի աշխարհագրության, Լոնդոնի Ասիական, նաև Ռուսաստանի աշխարհագրության միություններին:
Էթեմադ ու-Սալթանեի հայտնի գիրքը՝ «Մարաթ ալ-բոլդան Նասերի»-ն (Պետությունների հայելին) համարվում է Իրանի աշխարհագրության թեմայով նրա ստեղծագործություններից մեկը: Գրքի չորս հատորները գրվել են լուսնային հիջրեթի 1294 թվականին (1877թ.), որի ձեռագիր տարբերակը պահվում է «Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և փաստաթղթերի կազմակերպություն»-ում:
Էթեմադ ու-Սալթանեն իր աշխատության մեջ կարևոր վկայություն է անում Արցախի հայապատկանության մասին, ընդգծելով, որ․ «Ղարաբաղի նահանգը, որի բնակիչները ներկայիս թաթար և հայ են, անցյալում հայկական պետություն, և նույնիսկ թագաւորություն է եղել, որի պետերը հայ էին՝ Մելիքների տոհմից և Իրանին խարաջ (տուրք) էին վճարում։ Այս տոհմից երեք եղբայրները, իրենց հոր մահից հետո, մոտավորապես 1720-1730թթ․-ից սկսյալ միասին կառավարում էին Ղարաբաղը․․․» (Էթեմադ ու-Սալթանե, Մարաթ ալ-բոլդան Նասերի (պարսկերեն ձեռագիր), հատոր Ա, լուսնային հիջրեթի 1294թ. (1877թ.), Թեհրան, էջ 196):
«Մարաթ ալ-բոլդան Նասերի»-ում մանրամասն տեղեկություններ կան նաև Իրանի բազմաթիվ քաղաքների ու սահմանային որոշ տարածքների մասին: Օրնակ՝ Բեյլաղան (Փայտակարան) քաղաքի մասին այսպես է գրված. «Բեյլաղանը Բաբ ուլ-Աբվաբի մոտ և Արմինիա ալ-Քոբրա-ի (Մեծ Հայաստանի) տարածքում գտնվող քաղաք է, որը նաև մոտ է Շիրվանին» (Էթեմադ ու-Սալթանե, Մարաթ ալ-բոլդան Նասերի (պարսկերեն ձեռագիր), հատոր Ա, լուսնային հիջրեթի 1294թ. (1877թ.), Թեհրան, էջ 327):
Հաշվի առնելով Բեյլաղանի (Փայտակարան) աշխարհագրական դիրքը, որը գտնվում է Կուր և Արաքս գետերի հատման կետի արևմտյան մասում, կարելի է եզրակացնել, որ Էթեմադ ուլ-Սալթանեն Կուր գետը համարել է Առանի և Հայաստանի սահմանագիծ, և այդպիսով՝ Արցախը Հայաստանին պատկանող տարածք:
Կարեն Խանլարյան
Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր,
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր