կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-01 13:02
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս կազմավորվեց Հայոց բանակը․ ՀՀ առաջին վարչապետի վկայությունները

Հայոց ներկայիս բանակի կազմավորման պայմաններն ու տրամաբանությունը ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը  ներկայացրեց ՀՅԴ երիտասարդական կառույցի կազմակերպած հանդիպմանը՝ Արամ Մանուկյան կենտրոնում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա նախ արձանագրեց, որ այն ժողովուրդները, որոնք ունեն նպատակ՝ հասնում են հզորության, կարողանում են ապահովել իրենց բարեկեցությունը, իսկ այն ժողովուրդները, որոնք նպատակ չունեն, ոչ մի բանի չեն կարող հասնել՝ կամաց-կամաց վերանում են աշխարհի երեսից։

«Հարյուրավոր տարիներ հայ ժողովուրդն ունեցել է նպատակ անկախ պետականություն ստեղծելու, պաշտպանված լինելու և այլն։ Խորհրդային Միությունում 60-ական թվականներից ձևավորվեց մի նոր շարժում՝ հայ ժողովուրդն սկսեց ձևավորել իր նպատակները, առաջինը ինքնության հարցն էր՝ ինչպես պահել մեր ինքնությունը, 65 թ-ին առաջացավ Հայոց ցեղասպանության ճանաչման՝ Հայ դատի հարցը, հետո առաջացավ անկախ պետություն ունենալու հարցը, բարձացավ Արցախի հարցը․ այսինքն, 88 թ-ին ամբողջ ժողովուրդն ուներ նպատակ և այդ նպատակի համար էր հայ ժողովուրդը գնում զոհվում։ Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ կարողացանք ստեղծել անկախ պետություն»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա պատմեց, որ անկախությունը մենք Խորհրդային Միությունից ժառանգեցինք որպես ձևավորված պետություն, միայն երկու կառույց էր պակասում՝ բանակ և արտաքին քաղաքականություն իրականցնող մարմին։

«Բանակը ստեղծվեց ոչ թե անկախության ժամանակ, այլ ավելի վաղուց․ բանակի անհրաժեշտությունը առաջինը հասկացանք Սումգայիթի դեպքերից հետո։ Հարց առաջացավ, որ պետք է ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ։ Զենքեր էին սարքում անհատները։ Զենք սկսեցին գաղտնի արտադրել նաև մեր խոշոր գործարանները։ Տարբեր երկրնեից ևս սկսեցին զենք բերել։ Հետո պարզվեց, որ ջոկաները իրար հետ չէին համագործակցում, նրանց միավորելու փորձերը ոչ մի բանի չբերեցին։ Դրա համար, երբ մենք եկանք իշխանության, անհրաժեշտ էր   ջոկատներից ազատվել և ստեղծել բանակ, բայց ո՞նց անել ԽՄ-ում գտնվելով։ Կառավարության առաջին որոշումներից մեկը ես ստորագրեցի և ստեղծվեց առաջին գունդը․ Ոստիկանությունն ուներ ներքին զորքեր, որն անվանում էին ՄՀՈՋ-եր, և ես հայտարարեցի, որ բոլոր ջոկատները, որոնք ուզում են հայրենիքը պաշտպանել, պիտի մտնեն ՄՀՈՋ, մնացածներին զինաթափելու ենք»,-վերհիշեց Վազգեն Մանուկյանը։

Բանակի ստեղծման հաջորդ քայլը, նրա խոսքով, եղավ այն, որ կառավարությունը որոշում ընդունեց Պաշտպանության կոմիտե ստեղծելու․ նախարարություն չէին կարող կազմավորել, որովհետև ԽՄ մեջ էին գտնվում։

«Ես ասացի՝ ամեն ինչը ես չեմ կարող անել, պետք է ջոկատները մեկին հանձնել։ Բաբկեն Արարքցյանին առաջարկեցնք՝ հրաժարվեց, Վազգեն Սարգսյանին նշանակեցինք և ջոկատները հանձնեցինք իրեն։ Բայց երբ Կոմիտեն ստեղծվեց, Վազգեն Սարգսյանին կանչեցի, ասացի՝ Կոմիտեի նախագահ դարձիր, ապագա բանակի կորիզն է լինելու, բայց ինքը բացատրեց, որ նպատակահարմար չէ, քանի որ մենք պետք է կարողանայինք Սովետական բանակից ստանալ այն զենքերը, որոնք գտնվում էին մեր տարածքում և լեգիտիմ պաշտոն էր պետք բանակցելու համար, իսկ Վազգեն Սարգսյանն այն տարիներին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, դա լեգիտիմ պաշտոն էր։ Դրա համար Շիրխանյանին նշանակեցինք, Վազգենը մնաց իր գործին, հետագայում, երբ այդ կոմիտեն վերաճեց ՊՆ-ի, Վազգենը դարձավ պաշտպանության նախարար»,-պատմեց Վազգեն Մանուկյանը։

Ձևավորվեց 3 մասից բաղկացած բանակ միասնական ղեկավարությամբ․ առաջինը՝ զինակոչիկներից, Նորատ Տեր-Գրիգորյանցին հանձնարարվեց զինակոչիկներից կառուցել բանակ, որը չէր մասնակցում ռազմական գործողություններին, քանի որ այդ տարիքում բոլորը հերոս են; երկրորդը՝ կամավորների բանակը, որոնք ամբողջությամբ ռազմական բեռը իրենց վրա վերցրին՝ պրոֆեսիոնալ բանակ էր, որոնք աշխատավարձ էին ստանում; և բանակի երրորդ հատվածը՝ Արցախում, որտեղ մոբիլիզացիոն էր՝ ինչ-որ տարիքից ինչ-որ տարիք բոլորը պիտի ծառայեին բանակում։

Կար վեճ՝ ՆԱՏՕ-ի՞, թե՞ ԽՍՀՄ մոդելով կառուցել բանակը․ Վազգեն Մանուկյանը կանգ է առել ԽՍՀՄ-ի մոդելի վրա, քանի որ այդ ուղղությամբ փորձն ավելի մեծ էր։

«Մենք տեխնոլոգիապես առաջ էինք ընկել Ադրբեջանից՝ նոր տեխնոլոգիաներ էինք օգտագործում, Մերգելյան ինստիտուտը, էլեկտոնային տարբեր ինստիտուտներ վերակառուցում էին հակաօդային պաշտպանության տեխնիկան։ Հակաօդային պաշտպանությունը երբ կարողացանք ստեղծել, կապվեցի Ռոբերտ Քոչարյանի հետ, որն Արցախի Պաշտպանության կոմիտեի նախագահն էր, ասացի՝ մի 30-40 երիտասարդ գտիր Ղարբաղում, որոնք ռադիոտեխնիկում ավարտած լինեն, որ գիտնականները սովորեցնենք՝ ինչպես օգտագործել այս միջոցները։ Շատ խելացի էին ղարաբաղցի երիտասարդները, անմիջապես յուրացրին այդ բարդ բաները և հենց ստեղծեցինք՝ առաջին իսկ օրը ինքնաթիռ խփեցին, հետո 3-4-5 ինքնաթիռներ, ու Ադրբեջանն էլ ինքնաթիռ չէր ուղարկում»,-պատմեց Վազգեն Մանուկյանը։

Բանակի կազմավորման մեջ, նրա գնահատմամբ, ամենավճռական նշանակությունն ունեցավ Խորհրդային Միությունից հայազգի սպաների գալը Հայաստան․ մոտ 4400 սպա ունեինք ԽՄ բանակում, ինչ-որ մասը եկավ Հայաստան։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․