կարևոր
4117 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-29 15:28
Քաղաքական

Իմ ամենասիրելի կտավը դեռ չեմ նկարել. բացվել է Վաչագան Պողոսյան (Վալբերտի) գեղանկարների ցուցահանդեսը

Իմ ամենասիրելի կտավը դեռ չեմ նկարել. բացվել է Վաչագան Պողոսյան (Վալբերտի) գեղանկարների ցուցահանդեսը

Հենրիկ Իգիթյանի անվան ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել նկարիչ Վաչագան Պողոսյանի «Գույների սիմֆոնիա» խորագիրը կրող գեղանկարների անհատական ցուցահանդեսը։ Սա նրա 40-րդ անհատական ցուցահանդեսն է։ Իր 450 կտավներից ցուցասրահում ներկայացված է 45 աշխատանք։ Նկարիչը 15 տարի է՝ նկարում է Հայոց, Հոլոքոստի և Ռուանդայի ցեղասպանության թեմաներով, դրան ավելացել են նաև երաժշտության և անուրջների մասին թեմաները։ Վաչագան Պողոսյանն ավարտել է Գյումրու «Մերկուրովի» անվան նկարչական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Գյումրու մանկավարժական համալսարանում։

Ցուցահանդեսի բացման առթիվ Yerkir.am-ը զրուցել է նկարչի հետ։

- Ինչպե՞ս որոշեցիք ցուցահանդես բացել, ո՞րն է Ձեր ստեղծագործելու թեման եւ, հատկապես,  ի՞նչ ժանրերով եք ստեղծագործում։

- Սա թվով 40-րդ  ցուցահանդեսն է, նկարներս հիմնականում աբստրակտ ոճին են պատկանում։ Կտավներիս  թեման տարբեր է, օրինակ՝ ցեղասպանությունների, հոգևոր, սիրո և այլ թեմաներով։

- Ինչպե՞ս սկսեցիք հոգեւոր թեմաներով նկարել, ո՞ր կտավը կառանձնացնեք Ձեր աշխատանքներից։

- Ես կարծում եմ, որ ամեն մարդ իր մեջ ունի այդ հոգևոր անկյունը, և շատ հաճախ դրա բացվելու խնդիրն ունի։ Այդպես էլ ինձ մոտ ստացվեց, ու 15 տարեկան հասակում արդեն սկսեցի այդ թեմայով նկարներ ստեղծել, բայց դրանց քանակը շատացավ 2016 թվականին,իսկ այսօր ցուցասրահում հիմնականում գերիշխում են հոգևոր թեմայով նկարները։ Ես միշտ նկարում եմ, անգամ մտքումս, այնտեղ խմորվում են պատկերները, միախառնվում հույզերիս և արտացոլվում կտավներումս, իսկ իմ  ամենասիրելի կտավը ես դեռ չեմ նկարել, մի օր անպայման կնկարեմ (ժպտում է)։

- Ո՞ր գույներն են գերիշխում Ձեր կտավներում, ինչու՞ հենց այդ գույները։

- Հատուկ գույներ չկան, բոլորն էլ ինձ համար սիրելի են, բայց կտավներում հիմնականում գերիշխում են դեղին և կարմիր գույները։ Յուրաքանչյուր նկարիչ ունի իր գունային շրջանը։

Ո՞ր միջավայրում եք ավելի անկաշկանդ ստեղծագործում։

- Իմ ոգեշնչման աղբյուրը Աստված է։ Միջավայրը ոչ մի ազդեցություն չունի ինձ համար, որովհետև ես միայն դրականն եմ վերցնում, կարելի է ասել՝ բացասականի համար նույնիսկ տեղ չկա իմ արվեստում։ Իմ միջավայրը այն աշխարհը չէ, որտեղ մենք զրուցում ենք, այլ այն,  որտեղ ես ու երկնային Հայրն ենք։

- Ցուցասրահում տեղ գտած կտավներում  հիմնականում  մարդկային կերպարներ են, սակայն բացակայում են նրանց դեմքերը, այսինքն համարյա թե պատկերված էլ չեն, ինչպիսի՞ արձագանքի են արժանանում այդ կտավները դիտողների կողմից։

- Ցանկացել եմ, որ դիտողը ոչ թե պատկերների, այլ գունային գծերի միջոցով  իր զգացողությունները ստանա կտավից,  գույնը հիշողություն ունի, և ես ուզում եմ, որ հենց այդ հիշողությունը փոխանցվի դիտողին։

- Ո՞րն է կտավների ասելիքը։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր արվեստին հնչեցված քննադատություններին։

- Լույսն ու խաղաղությունը։ Ուզում եմ, որ նկարները մարդկանց հոգում  ներդաշնակություն ավելացնեն, այսինքն, միայն դրականն ու լուսավորը թողնեն նրանց սրտերում։  Ինչպես նշեցի՝ ունեմ կտավներ Հայոց և Հոլոքոստի ցեղասպանությունների թեմայով, նաև մի կտավ, որը կոչվում է «Յո յերթաս», այն նկարել եմ 2023 թ. Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանման ժամանակ։ Քննադատություններին վերաբերվում եմ լավ, ավելին, դրանք ինձ օգնում են կատարելագործվել արվեստում։

- Առաջիկայում նախատեսու՞մ  եք  նորից ցուցահանդես կազմակերպել։

- Ցուցահանդես առաջիկայում սպասվում է,  նորից Երևանում, կլինեն նոր նկարներ, ինչպես այս ցուցահանդեսին, այնպես էլ նախորդների ժամանակ, ամեն նոր  ցուցահանդեսի ժամանակ կտավների նոր  ցուցադրություն է ներկայացվում։



Անժելա Սեդրակյան