Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նկարիչների միությունում բացվել է Նարեկ Առուշանյանի նկարների ցուցադրությունը: Առուշանյանի մահից 3 տարի անց ցուցադրվում են նրա վերջին տարվա աշխատանքները:
Նկարչի այրին՝ Աննա Մնացականյանը, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, ցավոք, սա Նարեկի առաջին լուրջ ցուցադրությունն է: Առուշանյանն անհատական ցուցադրություն ունեցել է դրսում` 10 տարի առաջ, ցուցադրության նկարները վաճառվել էին:
«Ցավում եմ, որ նա չհասցրեց ներկայացնել իր գունապնակի այլ գույները, բայց այն, ինչ ներկայացնում ենք այս ցուցահանդեսին, կարծում եմ` բավարար է` նրա ներաշխարհի, հոգեկերտվածքի ու մտքերի մասին կարծիք կազմելու համար: Ցուցադրվում են նաև գործեր, որոնք անավարտ են: Նարեկ Առուշանյանը` գունավոր, հետաքրքիր, Երևանի լավ տղա, լավ նկարիչ, ընտանիքի լավ զավակ, լավ ամուսին և լավ հայր... Այսքանը կարող եմ ասել նրա մասին»,- ասաց Մնացականյանը:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ նշեց, որ բացվել է մի շատ կարևոր ցուցահանդես` չնայած հեղինակը չհասցրեց լիովին իրագործել այն, ինչ տրված էր ի վերուստ: «Չնայած իր կարճ կյանքին` նա շատ բան հասցրեց անել. չմոռանանք, որ նա ղեկավարում էր մի կարևորագույն մշակութային կառույց կերպարվեստի աշխարհում: Թերլեմեզյանի ուսումնարանն ուներ այն ակունքները, որոնցով այսօր կարողանում ենք ասել, որ մենք կերպարվեստի լավագույն ներկայացուցիչներն ունենք: Ես էլ այդ ուսումնարանի սան եմ: Նա կարողացավ ոչ միայն համախմբել ու մեծացնել այդ կառույցը, այլև նոր շունչ մտցրեց: Նրա շնորհքն էր, որ հին շենքից նոր շենք տեղափոխվեցին: Սա իր գործը սիրող մարդու տեսակի մասին է խոսում»,- ասաց Աղամյանը:
Ըստ նրա` այս ամենին զուգահեռ` Առուշանյանը վրձինը ցած չէր դնում, անընդհատ աշխատում էր, մասնակցում բոլոր ցուցահանդեսներին: «Ափսոս, որ նրա անհատական ցուցահանդեսն առանց նրա է անցնում: Նա ունի իր ուրույն ձեռագիրը նկարչության մեջ»,- ասաց Աղամյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 12-ը: