կարևոր
5671 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-20 21:34
Հասարակություն

Գևորգ-Ջորջ Քասաբյանի խորքային ու նուրբ արվեստը. բացվել է արվեստագետի ցուցահանդեսը

Գևորգ-Ջորջ Քասաբյանի խորքային ու նուրբ արվեստը. բացվել է արվեստագետի ցուցահանդեսը

Դեկտեմբերի 20-ին «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվեց կանադահայ արվեստագետ Գևորգ-Ջորջ Քասաբյանի «Արտացոլող քանդակներ և հյուսված ներդաշնակություն» անհատական ցուցահանդեսը։

80-ամյա նկարիչի խոսքով՝ ցուցահանդեսը նվիրված է իր ստեղծագործական ուղու 50-ամյակին։ Քասաբյանն առաջին մասնագիտությամբ  ավիամեխանիկ-ինժեներ է, երկրորդով` համակարգչային ցանցերի ադմինիստրատոր։

«Արվեստը երրորդ մասնագիտությունս է»,- ասում է նկարիչը։

Հալեպում ծնված, Կանադայում կյանքի  զգալի մասն անցկացրած արվեստագետը  տարիներ առաջ վերջնականապես հաստատվեց Հայաստանում։ Նրա աշխատանքները ցուցադրվում են Հայաստում 2004 թվականից։

Նկարիչ Արարատ Սարգսյանը հիշում է իր և Քասաբյանի առաջին հանդիպումը դեռևս 90-ականների սկզբին. «Գևորգը երբ Կանադայից վերադարձավ, արդեն կայացած արվեստագետ էր ու նա բոլորիս համար մեծ էներգիայով, մեծ տեխնիկական հնարավորություններով և պարզ ստեղծագործական մտքով մարդ է, որը երբեք վայր չդրեց զենքերը»։

Պարզությունը հատուկ է Քասաբյանի ստեղծագործություններին, նա մինիմալիստ է։ Աշխատանքներում տեսնում ենք հայկական գորգերի նախշերն ու գույները, որոնք միահյուսվելով գծերին՝ դիտողին հնարավորություն են տալիս մեկ այլ տեսանկյունից բացահայտել հայկականը։

Նկարչի կինը` Գեղանի Քասաբյանը, որը ներկա էր ցուցահանդեսին, մեզ հետ զրույցում նշեց, որ այս աշխատանքների գաղափարը տասը տարի է ամուսնու գլխում է: «Վերջին շրջանում Գևորգը շատ էր ուսումնասիրում հայկական գորգերը, այցելում էր գորգագործական ընկերություններ», - պատմեց Գեղանի Քասաբյանը։

Նկարիչը անհատական ցուցահանդեսներ է ունենում ոչ միայն հայրենիքում, այլև երկրի սահմաններից դուրս, ընդգծում է` ցանկանում է հայկական մշակույթի մասին բոլորն իմանան։

«Սիրել թող սովորեն, սիրել չգիտեն»,- զրույցի ավարտին ամփոփում է Քասաբյանը, երբ խնդրում ենք իր խոսքն ուղղել մարդկանց։

Ցուցահանդեսին ներկայացված է 18 կտավ և 7 քանդակ։ Այն կգործի մինչև դեկտեմբերի 29-ը։

Աննա Հարությունյան

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ,

կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին,

3-րդ կուրս