Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Փյունիկ» ցուցասրահում տեղի է ունեցել նկարչուհի Անի Մուրադյանի (Animoor)-ի նկարների առաջին անհատական ցուցահանդես-վաճառքը։ Ցուցահանդեսի բացման առիթով Yerkir.am-ը զրուցել է նկարչուհու հետ:
-Ինչպե՞ս սկսեցիք ստեղծագործել, հատկապես ի՞նչ ժանրով եք նկարում։
-Նկարում եմ մանկուց, սովորել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, գրաֆիկ դիզայներ եմ։ Նկարելու հստակ ժանր չունեմ, կտավներումս հիմնականում գերակշռում է աբստրակտ ռեալիզմը։
-Քանի՞ աշխատանք ունեք, ցուցասրահում քանի՞սն են ներկայացված:
-Ունեմ 60 աշխատանք, ցուցասրահում ներկայացված են 25-ը։ Երևանում առաջին անհատական ցուցահանդեսն է, այլ ցուցահանդեսներ ունեցել եմ նաև Փարիզում, Մադրիդում, նաև մեկ օնլայն ցուցահանդես՝ Հունաստանում։
-Ձեր արվեստում ու՞մ դերը կառանձնացնեք, մասնագիտական ասպարեզում ձեզ համար ո՞վ է նշանակալի դեր ունեցել։
-Կառանձնացնեմ Հարություն Հակոբյանին, ով իմ դասախոսն է եղել։ Նա այնպիսի նկարիչ է ում կուզենայի նմանվել, նրա նման ստեղծագործել։
-Նկարելիս ի՞նչն է ձեզ ոգեշնչում, եւ ինչը խանգարում։
-Ոչինչ, ես նկարելու ընթացքում եմ ոգեշնչվում, իմ կտավն ինձ մեծ էներգիա է հաղորդում, իսկ խանգարող հանգամանքը շուրջս եղող մարդիկ կարող են լինել այդ պահին, քանի որ նկարելիս սիրում եմ միայնակ լինել։
-Որո՞նք են ձեր սիրելի կտավները։
-Տեխնիկական առումով կառանձնացնեմ մինիմալիստական ոճով նկարված լանդշաֆտներով երկու աշխատանքներս, որոնք նոր սկիզբ են իմ նկարչական գործունեության մեջ, դրանք, ինձ համար պարզության և անմիջականության վառ օրինակներ են։
Ո՞րն է նկարներում ձեր ասելիքը։
-Դիտողը ինքն է հասկանում, ամեն մի կտավ մի պատմություն ունի, իր ասելիքն ու իր շեշտադրումը, դիտողը միանգամից հասկանում է՝ ինչ է ուզում վերցնել կտավից։ Ես սիրում եմ դիտել նկարի ու դիտորդի «երկխոսությունը»։
Անժելա Սեդրակյան