կարևոր
5302 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-09 17:21
Քաղաքական

Կեղծ Խաղաղության օրակարգը մեզ տանելու է պատերազմի․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Փետրվարի 8-ին «Երկրի հյուրասրահը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին շրջանի հայաստանյան իրադարձություններին, մասնավորապես ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության առանձին դրսևորումներին` կապված հայ-ադրբաջանական տարօրինակ բանակցությունների, հայկական կողմի պարտվողական դիրքորոշումների, ամեն ինչ զիջելու պատրաստակամության, կեղծ օրակարգերով հանրության ուշադրությունը բուն գործընթացներից ու անվտանգության խնդիրներից շեղելու արդեն ավանդական դարձած գործելաոճի հետ:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման հարցին` Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ այդ փաստաթուղթը, դատելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների, ինչպես նաև միջազգային հանրության անդրադարձերից, մտահոգիչ է, որովհետև այն նախապատրաստվում է կեղծ օրակարգերով առաջ ընթացող բանակցությունների միջոցով:

«Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ որևէ պարտված պետություն, երբ բանակցում է ճնշումների և սպառնալիքների ներքո, չի կարող առաջնորդվել խաղաղությամբ: Եվ մենք, լավ ճանաչելով մեր թշնամիներին` Ադրբեջանին և Թուրքիային, գիտենք, որ երբ նրանք կարողանում են կորզել մի այսպես կոչված պատառ, սկսում են մտածել հաջորդ պատառի մասին: Սրա վկայությունն են Արցախի դատարկումից հետո Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ Ադրբեջանի նոր նկրտումները»,- նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը կեղծ օրակարգ է որակել նաև ՀՀ իշխանությունների` նոր սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությունները` հույս հայտնելով, որ այդ հարցով սահմանադրական հանրաքվե այնուամենայնիվ տեղի չի ունենա: Առաջին հերթին կընդվզի հենց ժողովուրդը, որովհետև նա այլևս տեսնում ու հասկանում է, թե ուր են տանում իրեն առաջարկվող փոփոխությունները` իրեն օտարելով սեփական պատմությունից և ինքնությունից:

Հաղորդման ընթացքում ընդարձակ անդրադարձ է կատարվել նաև Արցախի ու արցախահայության խախտված իրավունքների վերականգնման, Հայոց բանակի հզորացման, ինչպես նաև ռազմագերիների և ադրբեջանական բանտերում պահվող Արցախի ղեկավարների հետագա ճակատագրին առնչվող հարցերի: Խոսելով ռազմագերիների վերադարձի խնդրից` Հակոբ Տեր-Խաչատրուրյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները որոշակի քայլեր այդ ուղղությամբ իրականացնում են, բայց դրանք բավարար չեն առայժմ, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները, որոնք ստանձնել է միջազգային պայմանագրերով ու փաստաթղթերով: Նրա կարծիքով` Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո այդ հարցի հետ կապված ակտիվություն կնկատվի:

Մանրամասները՝ տեսանյութում