Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 2-ին Արցախում շարունակված ՀՅԴ Հայ դատի և հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը խոսել է խորհրդաժողովի աշխատանքների հիմնական ուղղությունների մասին.
«Հետպատերազմյան այս շրջանում կա ընդհանուր ընկճվածություն: Այդ ընկճվածությունը և՛ հայրենի զանգվածների մոտ է, և՛ զգալի է հատկապես Սփյուռքի պարագայում: Մեզ համար ընդունելի չէ այս երևույթը, և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայ դատի կառույցները, մեր բոլոր շարքերով ու համակիրներով աշխատելու ենք, որպեսզի դուրս գանք այդ հոգեբանական ընկճվածությունից: Մեզ համար այդ էջը փակված է:
Հիմա ժամանակն է հավելյալ թափով աշխատանքներին լծվելու և առաջ գնալու մեր չորս հիմնական նպատակների ուղղությամբ: Այդ չորս նպատակները Հայ դատի ոլորտում հետևյալ ձևով ենք սահմանում. առաջինը մեր հայրենիքի իրազեկման խնդիրն է, լոբբինգի հարցը, Հայաստանի հանրապետության պետականության ամրապնդման և միջազգային հեղինակության բարձրացման խնդիրը: Երկրորդը մեր շատ սիրելի Արցախի անկախության ճանաչման և որտեղ դա հնարավոր չէ, ինքնորոշման իրավունքի շեշտավորման խնդիրն է, նաև՝ Արցախի օժանդակության ծրարը: Երրորդը՝ Հայ դատի դասական օրակարգն է՝ Ցեղասպանության ճանաչման, հետևանքների վերացման և պահանջատիրության իմաստով: Չորրորդը՝ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիրն է, որտեղ էլ գտնվենք՝ հայապատկան հողերի վրա, թե տարբեր երկրներում: Կարևոր է նաև մեր երիտասարդության քաղաքականացման խնդիրը, անհրաժեշտ է, որ տարբեր երկրների մեր երիտասարդները մասնակցեն քաղաքական կյանքին, ու նաև փորձենք տեղ-տեղ «բերդը գրավել ներսից»:
Մեր խորհրդաժողովի օրակարգի առյուծի բաժինն Արցախն էր: Պատերազմից հետո մենք մշակել ենք հատուկ ուղեգիծ, երկու առցանց խորհրդաժողով ենք ունեցել: Նախորդ՝ 2020թ. խորհրդաժողովն էլ Արցախում կայացավ: Այն ժամանակ դեռևս կանխատեսելի չէր այն պատերազմը, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց ահաբեկիչ շրջանակներով սանձազերծեցին Արցախի և Հայաստանի նկատմամբ: Բայց այդ ժողովի ժամանակ մենք դրեցինք Արցախի համար տարվելիք աշխատանքների հիմքերը: Ուղեցույց ունեինք, բայց պատերազմից հետո այն թարմացնելու, ավելի նպատակահարմար դարձնելու, թիրախավորելու կարիք կա:
Այդ աշխատանքը սկսել ենք պատերազմից անմիջապես հետո, որովհետև ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո մենք մեր աշխատանքները չենք դադարեցրել, այլ պարզապես փոխել ենք թիրախներն ու շեշտադրումները: Իջել ենք հրապարակ՝ պաշտպանելու Արցախի շահերը՝ մեր շահերը: Մենք լավ գիտենք, թե մեր թշնամին ինչ հսկայական միջոցներ է օգտագործում, որի դեմ ունենք մեր բանակը: Հայ դատի ընկերներն ու ընկերուհիները ներկայացնում են հայ ժողովրդի երկրորդ բանակը: Եթե առաջինը մեր ժողովրդի ֆիզիկական պաշտպանությունն է ապահովում, Հայ դատի բանակըջհ նրա թիկունքն է, որ քաղաքական, դիվանագիտական և արտաքին հարաբերությունների ոլորտում նույնքան մեծ պատերազմի մեջ է աշխարհով մեկ:
Մենք ունենք նաև Արցախի բարեկամների ցանց, որն օրն օրի ընդարձակվում է: Միջին Արևելքում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Եվրոպայում ունենք այնպիսի ոչ հայ բարեկամներ, որոնք պատրաստ են Արցախի դատի կողքին կանգնել, հայտարարություններ անել, բանաձևեր ներկայացնել խորհրդարանում, իշխանության հետ գործակցել: Եվ մենք բավական մեծ հաջողությունների ենք հասել այս առումով:
Վերջերս Նոբելյան 4 մրցանակակիրներ հստակորեն Ադրբեջանը որպես ագրեսոր որակեցին: Համաշխարհային ընկալման մեջ Ադրբեջանն ինքն իրեն ներկայացնում է որպես իր հողերի վրա պատերազմ տարած պետություն և երբեք չի ընդունել Արցախի ինքնուրույն նկարագիրը: Դա փոխելու համար մենք դիմեցինք Նոբելյան մրցանակակիրներին, որոնք վերջերս այդ հայտարարությունը կատարեցին: Շուտով այդպիսի հայտարարություն կլինի նաև Կիպրոսում և նմանատիպ աշխատանքներ ենք տանում աշխարհով մեկ:
Հնարավոր եղավ կասեցնել մի քանի ռազմական աշխատանքներ՝ կապված մեր թշնամուն զինամթերք մատակարարելու հետ: Այդ ուղղությամբ լուրջ աշխատանք տարվեց: Կանադայում «Բարյաքթարի» մասեր տրամադրող ընկերությունը սնանկացավ, քանի որ մեր աշխատանքի արդյունքում Կանադայի կառավարությունը արգելեց այդ կտորների առաքումը Թուրքիա: մեծ պայքար ենք մղում այդ ուղղությամբ ԱՄՆ-ում, Իսրայելում: Նաև աշխարհով մեկ ներկայացնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հարձակողական քաղաքականաության իսկական դիմագիծը:
Մենք Հայ դատի հանձնախմբերի կողքին գործող ունենք հայերի իրավունքներով զբաղվող միություն, որը մասնագիտացած է Արցախի հարցի իրավական մասով: Այսօր դատեր ենք բացել գերիների հարցով և այդ ուղղությամբ աշխատում ենք ՀՀ-ի փաստաբանական ընկերություններից մեկի հետ: Նաև պատերազմական ոճիրների, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ենք արծարծում:
Արցախի առումով օրակարգի վերջին հարցը մեր այլազան հանձնախմբերի և գրասենյակների հարաբերություններն են ԱՀ իշխանության տարբեր օղակների, հիմնականում արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի օժանդակության ծրագրերը:
Խորհրդաժողովի ընթացքում քննարկումներ ունեցանք ՀՀ քաղաքականության, մեր տարվելիք աշխատանքի, Ջավախքի, Նախիջևանի, Միջին Արևելքի ճգնաժամի՝ մանավանդ լիբանանահայության և սիրիահայության խնդիրների և Թուրքիայի ու Արևմտյան Հայաստանի մեր դատի հետապնդման հարցերի մասին:
Կարևոր տեղ է հատկացվել Հայ դատի գրասենյակների աշխատանքը, քարոզչական, հաղորդակցական միջոցներն ավելի արդյունավետ դարձնելուն:
Քննարկված հարցերի մի մասը միշտ կա մեր օրակարգում, մի մասն էլ թելադրված էր վերջին երկու տարում տեղի ունեցած դեպքերի պատճառով: Մենք պիտի շարունակենք մեր քննարկումները, և համոզված եմ, որ շուտով կրկին կտեսնվենք Արցախում»: