Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորս էլ գիտենք, որ ռազմական գործողությունների դադարեցման գործում գլխավոր դերակատարը Ռուսաստանն է` հակառակ այս խաղերին և հայտարարություններին: Բայց նաև պետք չէ թերագնահատել Ֆրանսիայի թափած ճիգը` հարցը ՄԱԿ-ի խորհուրդ տանելով: Դա ողջունելի է: Մենք միշտ էլ ասել ենք, որ գնահատելով հանդերձ Ռուսաստանի ունեցած կարևոր դերակատարութունը, որից ցանկանում ենք, որ ավելի վճռական լինի և մի քիչ ավելի իրապաշտ լինի Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ, բայց նաև ասել ենք, որ Մինսկի համանախագահող երկրները հատուկ պարտականությամբ և ներդրմամբ, թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան, պետք է այսպիսի իրավիճակներում հայանպաստ դիրքորոշումներ որդեգրեն: Այդ պահով ողջունելի է, բայց նրանց վերագրել պատերազմի դադարում մի քիչ չափազանցված է. այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
«Որքան էլ հայանպաստ կեցվածքներ են ունեցել փելոսիները, ֆրանքպալոնները, ջեքիսպիրները եւ մյուսները, որ եկան, նրանց հետ շատ հարցերով համագործակցել ենք, մանավանդ Արցախի օժանդակության, Հայաստանի պաշտպանության, ցեղասպանության ճանաչման հարցերով, սակայն երբ եկել են այս տարածաշրջան, իրենց պատվիրակության ղեկավարը ԱՄՆ շահերն էր պաշտպանում, եւ այդ շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, հատկապես այն մասը, որը վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին:
Հայ-իրանական հարաբերությունները մեր ամենակարեւոր օղակն են, որովհետեւ Իրանն ամենից ճիշտ վերաբերմունքն ունի ՀՀ սահմանների ու Ադրբեջանի նկրտումների նկատմամբ, իսկ ՌԴ պարագայում, ԱՄՆ-ն փորձում է օգտվելով Արեւմուտք-Ռուսաստան բախումից, նաեւ փորձում է իր ազդեցությունը տարածել այս տարածաշրջանում»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու տեսակետին, Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց. «Այս պահին ժամանակը չէ այդպիսի հարցադրման շուրջ հանգամանորեն մտածելու, բայց անհրաժեշտ է ամեն տեսակի ճնշում բանեցնել ՀԱՊԿ-ի վրա, որպեսզի ինքը կարողանա իր դերը իսկապես ստանձնել, ինչպես նաեւ Ռուսաստանն իր դերը ստանձնի: Որովհետեռւ հստակորեն նշված է, որ եթե հարցը վերաբերում է Հայաստանի սահմաններին եւ տարածքային ամբողջականությանը, այդտեղ պարտականություններ ունեն մեր գործընկերները:
Այդ պատճառով կարծում եմ, որ Հայաստանի տկարությունից, ներկա խառնաշփոթ իրավիճակից օգտվելով, հնարավորություն է ստեղծվել, այսպես կոչված, ուղղություն փոխելու, բայց մենք չենք կարծում, որ դա որեւէ դրական ազդեցություն կբերի Հայաստանի համար»:
Անդրադառնալով Թուրքիայի արձագանքին` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցի և հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, դաշնակցական գործիչը նշեց, որ Թուրքիան կարողանում է լավ օգտագործել Արևմուտքի և Արևելքի մեջ կապերը և առավելագույն իր շահերն առաջ տանել, իսկ այդ շահերի մեջ է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: «Այդ ուղղությամբ, կարծում եմ, որ ԱՄՆ-ն սկզբունքային որոշում է կայացրել, որին ընդվզել է Թուրքիան, բայց կարծում եմ, որ սա մեծ խաղի մեջ մեծ ազդեցություն չի ունենա: Բուն խնդիրը այլ ռազմավարական հարցերն են, որոնց վերաբերյալ կան լուրջ հարցեր, որոնք եթե չլուծվեն, ապագայում կարող են տանել լուրջ առճակատման և խզման», - նշել է Տեր-Խաչատուրյանը: