Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրանտ Դինքի սպանության 17-րդ տարելիցը ոգեկոչել են Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում։ Հիշատակի միջոցառումների ժամանակ հրապարակվել է «Չենք մոռացել, չենք մոռանա» ուղերձը։
17 տարի է անցել «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից։ Սպանության տարելիցի առթիվ բազմաթիվ քաղաքներում տեղի ունեցած հայտարարություններով ու միջոցառումներով հարգվել է նրա հիշատակը։
ԻԶՄԻՐ (Զմյուռնիա-Ակունքի խմբ․)
Իզմիրի «Աշխատանքի և ժողովրդավարության ուժերը» Հրանտ Դինքի սպանության 17-րդ տարելիցի առթիվ «Alsancak Türkan Saylan» մշակութային կենտրոնի առջև մամուլի ասուլիսով ոգեկոչեցին Հրանտ Դինքի հիշատակը։
Հանրային աշխատողների արհմիությունների կոնֆեդերացիայի Իզմիրի մասնաճյուղերի հարթակի ժամանակավոր խոսնակ Բյուլենթ Քարաքաշը ընթերցելով մամուլի հաղորդագրությունը՝ նշեց․ «Մենք միասին ենք՝ ոգեկոչելու մեր եղբոր՝ Հրանտի հիշատակը և բարձրաձայնելու մեր արդարության պահանջը Թուրքիայի մութ հունվար ամսին, երբ սպանվեցին նաև Ուղուր Մումջուն, Մուամմեր Աքսոյը, Մեթին Գյոքթեփեն և Օնաթ Քութլարը»:
Քարաքաշն շեշտեց, որ իրենք երբեք չեն հրաժարվի արդարության փնտրտուքներից՝ «Մեր եղբայր Հրանտը դեռ պառկած է այդ մայթի վրա՝ սպիտակ ծածկոցի տակ։ Մեր վճռականությամբ հանցագործները կբացահայտվեն, խավարը կլուսավորվի, իսկ ճշմարտությունը թաքցնող հաստ պատը կիջնի։ Եվ այդ օրը մենք կբարձրացնենք մեր ընկերոջն իր պառկած տեղից, և նրա հիշատակի հետ միասին կկառուցենք մի երկիր, որտեղ մեկտեղ կապրենք խաղաղության մեջ, որտեղ կգործեն ժողովրդավարությունն ու իրավական պետությունը՝ իր բոլոր ինստիտուտներով ու կանոններով, որտեղ կտիրեն եղբայրությունն ու համերաշխությունը»։
ԱԴԱՆԱ
Ադանայի «Աշխատանքի և ժողովրդավարության ուժերը» Հրանտ Դինքի հիշատակին իրենց կազմակերպած միջոցառմանը արդարություն են պահանջել Հրանտի համար։
Մարդու իրավունքների ասոցիացիայի (ՄԻԱ) Ադանայի մասնաճյուղի ղեկավար Ազիզ Սարընը հայտարարել է, որ Հրանտ Դինքի սպանությունը 1915 թ․ Ցեղասպանության շարունակությունն է և հայտարարել, որ պետք է հրաժարվել անպատժելիության քաղաքականությունից մի երկրի համար, որտեղ հարկ է, որ տիրեն ազատությունն ու խաղաղությունը։ Սարընը հայտարարել է, որ Դինքը սպանվել է, քանի որ ցանկանում էր հայ ժողովրդին տեսնել որպես Թուրքիայի Հանրապետության հավասար քաղաքացիներ, որ «Ակօս»-ը օգնեց, որպեսզի հայկական իրականությունը բացահայտվի, իսկ Հրանտ Դինքն այդ խնդիրը լուծելու համար Թուրքիայում մարդկանց պատմում էր հայերի պատմությունը, Թուրքիայում հայ լինելու իրողությունները, որոնք իրենք չէինք կարող պատկերացնել։
Սարընն ասաց, որ հեռուստաալիքներով քննարկումների ծրագրերին մասնակցելը տեսանելի են դարձրել Հրանտ Դինքին․ «Ավելի շատ մարդիկ, հաճախ առաջին անգամ նրանից, լսեցին հայերի գոյության և նրանց հանդեպ ցուցաբերված խտրականության մասին։ Այս տեսանելիությունը կարևոր դեր խաղաց նրան թիրախային խաղատախտակի վրա դնելու գործում»։
Նշելով, որ չնայած անցած 17 տարիներին՝ սպանության հետևում կանգնած իրական մեղավորները և սպանության վրա աչք փակածները չեն բացահայտվել, Սարընն ասաց. «Մենք «ոչ» ենք ասում անպատժելիության քաղաքականությանը և կրկնում ենք մեր պահանջը․ Հրանտ Դինքի սպանության գործով արդյունավետ և համապարփակ հետաքննությունը պետք է անհապաղ ավարտվի, և արդարություն հաստատվի: Երբ մենք մեր երկիրը փրկենք այսօրվա խավար կլիմայից և այն վերածենք մի երկրի, որտեղ գերիշխում են համընդհանուր օրենքը, արդարությունը, ազատությունը և խաղաղությունը, որոշ չափով կկատարենք մեր պատասխանատվությունը Հրանտի և պատմության հանդեպ»։
ՀՐԱՆՏԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
Մարդու իրավունքների ասոցիացիայի (ՄԻԱ) Անկարայի մասնաճյուղը Հրանտ Դինքի մահվան տարելիցի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ Մարդու իրավունքների հուշարձանի մոտ։ Հայտարարությունն ընթերցել է ՄԻԱ-ի Անկարայի մասնաճյուղի նախագահ Ասլը Սարաչը։
Նշելով, որ սպանության մեղավորները դեռևս բացահայտված չեն, Սարաչն ընդգծել է. «Հասկանալի է, որ քաղաքական իշխանությունը համարձակություն չունի ստեղծելու ճշմարտության հանձնաժողով։ Թուրքիան հիմա պետք է հասկանա այս փաստը և հասկանա, որ այս քաղաքական ուժը մյուսների նման վերածվել է իր իշխանությունն օգտագործող ճնշող մեխանիզմի և դարձել ավտորիտար։ Որպես իրավապաշտպաններ՝ մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի դեռ մեր երկրում իրական առերեսում չի եղել անցյալի հետ»։
ՄԻԱ-ի նախագահ Հուսեյն Քյուչյուքբալաբանը, «DEM» կուսակցության պատգամավորներ Սեվիլայ Չելենքը և Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն նույնպես պաշտպանել են Մարդու իրավունքների հուշարձանի մոտ արված հայտարարությանը։
ՄԻԱ-ի Անկարայի մասնաճյուղի նախագահ Ասլը Սարաչը հայտարարության մեջ ասել է. «Լրագրող, մարդու իրավունքների պաշտպան, մեր ասոցիացիայի անդամ և մեր սիրելի ընկեր Հրանտ Դինքն սպանվել է 2007 թ․ հունվարի 19-ին։ Նրան ևս մեկ անգամ հիշում ենք սիրով, հարգանքով և երախտագիտությամբ։ Հրանտ Դինքին այս երկրի համակարգն ամեն առիթով սպառնում էր մահով` իր հայտարարությունների, ինքնության հարցի և համակարգի նկատմամբ իր դիրքորոշման պատճառով: Ցավոք, նրան սպանեցին, քանի որ սպառնալիքները չկարողացան կանխել։ Հրանտ Դինքը, պետությանն ու պետության պես մտածող, զգացող և նույն ալիքի երկարությունը արտացոլողների նյարդային վերջավորությունները շոշափող և մոբիլիզացրեց 1915 թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը պնդելու փոխարեն պաշտպանեց Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտությունն ու կարեւորությունը։ Առաջին անգամ որպես հայ, նա թուրք հասարակությանը պատմել է հայերի պատմական և ներկա գոյության, նրանց փորձի մասին, թե ինչ է նշանակում լինել հայ քաղաքացի Թուրքիայում, քարոզել է ժողովուրդների միջև երկխոսություն և մշտապես կոչեր արել հանրությանը և պետությանը, որպեսզի ժողովուրդները հասկանան միմյանց»:
Սարաչն ասաց․ «Նա հստակ բացատրեց իր խնդիրը։ Պետության մութ շրջանակները, որոնք աշխատում են հանցավոր կազմակերպությունների հետ, արձագանքում էին ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ Հրանտի՝ ժողովուրդների մեկմեկու հասկանալու կոչին. նրան չհանդուրժեցին»։
«ԴԻՆՔՆ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՐՈՍ ԷՐ»
Նշելով, որ Հրանտի հիմնադրած «Ակօս»-ը փարոս է ծառայում այս երկրում ապրող քաղաքացիների համար՝ հասկանալու և հասնելու հայկական իրականությանը, Սարաչն ասաց. « «Ակօսը» նոր հարթություն բացեց: Մարդիկ, ավելի ու ավելի շատ մարդիկ էին մեզ պատմում Թուրքիայում հայերի պատմության, Թուրքիայում հայ լինելու աներևակայելի իրողությունների մասին։ Սպանության իրական մեղավորները, կոճակը սեղմողները, ճանապարհին ամեն ինչից տեղյակները, այս ջարդը թույլ տվողները և աչք փակողները չդատվեցին․ նրանք պաշտպանված էին և պաշտպանված են անպատժելիության զրահով, որն ի սկզբանե եղել է և կա Թուրքիայում: Նշենք նաև, որ վերջերս ազատ է արձակվել նաև Օգյուն Սամասթը, ով այս սպանության մեջ օգտագործվեց որպես մարդասպան»։
«ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՉԵՆ (ԿԱՐՈՂ) ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ»
Սարաչը նշեց, որ չնայած Դինքի սպանությունից անցել է 17 տարի՝ մեղավորները դեռևս չեն բացահայտվել․ «Պատճառը, թե ինչու են մեղավորները պաշտպանված, այս հարցով անկախ, արդյունավետ և բազմակողմանի քննություն չկատարելն է, այսինքն՝ իրականացվող անպատժելիության քաղաքականությունը։ Որպես իրավապաշտպաններ՝ մենք «Ո՛չ» ենք ասում անպատժելիության քաղաքականությանը։ Կրկնում ենք Դինքի սպանության գործով արդյունավետ և համապարփակ հետաքննության մեր պահանջը»։
«ՈՐՊԵՍ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ՝ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԱՌԵՐԵՍՈՒՄ»
Սարաչն ասաց, որ Թուրքիան, որպես մեկ ամբողջություն, պետք է առերեսվի անցյալի հետ և այդ նպատակով ստեղծի ճշմարտության հանձնաժողով․ «Մենք կարծում ենք, որ հազարավոր չբացահայտված սպանություններ, ներառյալ Հրանտ Դինքի սպանությունը, կարող են բացահայտվել միայն ճշմարտության հանձնաժողովի միջոցով։ Սակայն հասկանալի է, որ քաղաքական իշխանությունը համարձակություն չունի ստեղծելու ճշմարտության հանձնաժողով։ Թուրքիան հիմա պետք է հասկանա այս փաստը և հասկանա, որ այս քաղաքական իշխանությունը մյուսների պես վերածվել է իր իշխանությունն օգտագործող ճնշող մեխանիզմի և դարձել ավտորիտար։ Որպես իրավապաշտպաններ՝ շարունակելու ենք մեր պայքարը, քանի դեռ մեր երկրում իրական առերեսում չի եղել անցյալի հետ։ Հրանտ Դինքի սպանության 17-րդ տարելիցը ևս մեկ անգամ ոգեկոչում ենք սիրով և հարգանքով…»։
ՄԻԱ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻ ՔԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ
ՄԻԱ-ն Հրանտ Դինքի հիշատակը ոգեկոչել է բազմաթիվ քաղաքներում տեղի ունեցած մամլո հաղորդագրություններով։ Մերսինում, Հաթայում, Ուրֆայում, Մալաթիայում և Իզմիրում արված հայտարարություններում «17 տարի անցավ առանց կասկածի տակ դնելու խավարը, որը ստեղծել է մարդասպաններին։ Այս դատը չի փակվել», և «Հրանտ Դինքին չենք մոռացել, չենք մոռանա» նշանաբաններով պաստառներ են տարվել։ «Հակառակ ֆաշիզմին՝ եղբայրս ես, Հրա՛նտ», «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը» և «Հրանտին մի՛ մոռացիր, մի՛ մոռացրու» կարգախոսներն են հնչել։
Հայտարարություններում նշվում էր, որ Հրանտ Դինքի մեղավորները չեն պատժվել՝ չնայած անցած 17 տարին․ «Իրական հանցագործները՝ կոճակը սեղմողները, ճանապարհին ամեն ինչից տեղյակները, ճանապարհը տվողները, աչք փակողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել։ Նրանք պաշտպանված են եղել և պաշտպանված են անպատժելիության զրահով, որն ի սկզբանե եղել է և կա Թուրքիայում: Նշենք նաեւ, որ վերջերս ազատ է արձակվել նաեւ Օգյուն Սամասթը, ով այս սպանության մեջ օգտագործվել է որպես մարդասպան։ Նրան, երբեմն բացահայտ, երբեմն էլ քողարկված՝ Թուրքիայի ամենաբարձրից մինչև ամենացածր մակարդակների լիազոր կառույցների կողմից և ընդգրկված հասարակության զգալի հատվածի կողմից արտահայտվող թուրք-հայկական թշնամանքն ու ռասիզմը, ֆաշիզմը սպանեցին: Ինչպես ասել ենք այն ժամանակից ի վեր՝ մենք մեր բոլոր ջանքերում և յուրաքանչյուր պայքարում, որը մղելու ենք ռասիզմի, լինչի, խտրականության և ատելության յուրաքանչյուր օրինակի դեմ, մեր կողքին կզգանք Հրանտ Դինքին և նրա հետ կմղենք մեր պայքարը»։
https://www.evrensel.net/haber/508523/hrant-dink-pek-cok-kentte-anildi-unutmadik-unutmayacagiz
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net