Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարդու իրավունքների միության՝ Դիարբեքիրի մասնաճյուղն ակցիա է կազմակերպել, որի շրջանակներում հարգել են նաև Դանիել Վարուժանի հիշատակը։ Akunq.net-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ ակցիայի մասնակիցները հավաքվել են Դիարբեքիր նահանգի Ռեզան (Բաղլար) գավառում գտնվող Քոշույոլու այգու՝ կյանքի իրավունքը խորհրդանշող հուշակոթողի մոտ և բարձրացրել Թուրքիայում անհետ կորած անձանց, այդ թվում՝ արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ճակատագրի հարցը։ Նրանց կողմից ցուցադրված լուսանկարների շարքում տեղ է գտել նաև 1915 թ․ Դանիել Վարուժանի պատկերը։
Մարդու իրավունքների միության՝ Դիարբեքիրի մասնաճյուղի Անհետ կորածների հարցով հանձնաժողովի անդամ Ֆըրաթ Աքդենիզը, «Չենք մոռացել, չենք մոռանալու» շեշտելով, ներկայացրել է Դանիել Վարուժանի պատմությունը։ Նա մասնավորապես հայտնել է, որ Վարուժանը գտնվել է 1915 թ․ ձերբակալված անձանց մեջ, Վարուժանին նախ տարել են մոտակա ոստիկանական տեղամաս, ապա՝ փոխադրել կենտրոնական կալանատուն։
Աքդենիզը նաև նշել է․ «1915 թ․ ապրիլի 25-ին առանց ձերբակալվածներին որևէ տեղեկություն տալու՝ Հայդարփաշա կայարանից նրանց մասնավոր գնացքով ուղարկել են Անկարա։ 158 հոգանոց խումբը տարվել է Չանքըրը, իսկ 92 հոգանոցը՝ Այաշ։ Կալանավորված այդ անձանցից 174-ը ներկայում մի գերեզմանաքար անգամ չունի»։
Աքդենիզը նաև հավելել է, որ ապրիլի 24-ին Ստամբուլում ձերբակալված այդ դեմքերից մեկն էլ եղել է «չքավորության, ճակատի քրտինքի, աշխատանքի, սիրո և հայրենասիրության երգիչ» Դանիել Վարուժանը։ Ելույթի վերջում բանախոսը հակիրճ ներկայացրել է Դանիել Վարուժանի կենսագրությունը։
Թարգմանեց Մելինե Անումյանը