կարևոր
3418 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 15:36
Հասարակություն

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են նաև Էսքիշեհիրում

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են նաև Էսքիշեհիրում

2007 թ․ հունվարի 19-ին Ստամբուլում թուրք ազգայնականների կողմից սպանված «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակն այս տարի ոգեկոչվել է նաև Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հիմնվելով Հայոց ցեղասպանության մասին գրքերի հեղինակ թուրք պատմաբան Սաիդ Չեթինօղլուի փոխանցած տեղեկությունների վրա։

Աղբյուրի համաձայն՝ միջոցառումը կազմակերպվել է «Էսքիշեհիրի Աշխատանքի և ժողովրդավարության ուժեր» կազմակերպության կողմից։ Հիշատակի արարողության ընթացքում շեշտվել է, թե «քանի դեռ այս մթության մեջ Թուրքիայում չեն առերեսվել ցեղասպան մտածելակերպի հետ, մի օր հերթը կհասնի բոլորին»։

«Արդարություն բոլորի համար, արդարություն Հրանտի համար» խորագրի ներքո կազմակերպված միջոցառման շրջանակներում ընդունվել է նաև հայտարարություն, որն ընթերցել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)՝ Էսքիշեհիրում նահանգային համանախագահ Շյուքրիյե Էրջանը։

Վերջինս ընդգծելով, թե ինչպես Գաբրիել Գարսիա Մարկեսի «Կարմիր երկուշաբթի» վեպում է նկարագրված, այս սպանության մասին դեռ ամիսներ առաջ են տեղեկացված եղել, հավելել է․ «Զենքին էին վարժեցնում, և մինչև իսկ հայտնի էր, թե ով է ձգանը քաշելու»։

Բանախոսը նաև շեշտել է․ «Հրանտին սպանելու մասին վճիռը վաղուց էր կայացվել։ Մնացել էին ծրագրի մանրամասները։ Սպանության օրն ու ժամն անգամ ծրագրված էին՝ հունվարի 19, ժամը 15։00, այսինքն՝ 1915»։

Էրջանը նշել է նաև, որ «Դինքը, սոցիալիստ լինելով, «սրտային կապ» էր ստեղծել հայ և թուրք ժողովուրդների միջև՝ նրանց պատմական նախապաշարմունքների դեմ պայքարելով, իսկ դա անընդունելի էր տիրապետողների համար»։

«Կանխամտածված կերպով իրագործված պետական ոճրագործություն»

Դատական գործընթացին ևս անդրադարձած Էրջանը հայտնել է, որ այն «աբսուրդ կերպով է ավարտվել, որը մինչև իսկ անգրագետներին չէր կարող մոլորեցնել»։

Բանախոսը նաև հավելել է․ «Հրանտ Դինքի սպանության գործում ոչ մի կետ մութ չի մնացել։ Այս սպանությունը պատմության մեջ է անցել որպես կանխանտածված կերպով իրագործված պետական ոճրագործություն։ Եւ թեև փորձում են մեղքը բարդել միայն մի հրահրողի, մի կատարողի և մի քանի գյուլենական ոստիկանի վրա, սակայն համայն աշխարհը գիտի այդ գաղտնիքի մասին։ Քանի դեռ այս մթության մեջ Թուրքիայում չեն առերեսվել ցեղասպան մտածելակերպի հետ, մի օր հերթը կհասնի բոլորին։ Ցեղասպանությունը շարունակվում է։ Նույն ճակատագրին են արժանանում ոչ միայն հայերը, ասորիները, քաղդեացիները, նեստորականները, եզդիները, պոնտոսցի, պոլսեցի և Էգեյան շրջանի հույները, հրեաները, այլ նաև՝ «հավասար քաղաքացիական իրավունքներ» պահանջող քրդերն ու ալևիները»։

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net