կարևոր
5110 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-24 14:22
Քաղաքական

Չեմ կարծում, որ լեգիտիմ Սահմանդրության խնդիր կա այսօր, ինչպես հայտարարում են․ Ալվինա Գյուլումյան

Չեմ կարծում, որ լեգիտիմ Սահմանդրության խնդիր կա այսօր, ինչպես հայտարարում են․ Ալվինա Գյուլումյան

Օրերս Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե՝ սահմանադրական փոփոխությունների։ Քաղաքագիտական, փորձագիտական շրջանակներ արձագանքեցին այս հայտարությանը՝ նշելով, որ նոր Սահմանադրությամբ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի պահանջը․ այն է՝  Սահմանդրությունից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը, որովհետև այնտեղ հիշատակում կա Արցախի մասին։ Սահմանադրագետների համոզմամբ էլ՝ օրվա իշխանությունը հնարավոր նոր Սահմանադրությամբ ոչնչացնելու է այն, ինչը, մեծ հաշվով, ազգային է։

Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ։

-Տիկին Գյուլումյան, Ձեր կարծիքով, այսօր իսկապե՞ս կա Սահմանադրությունը փոխելու հանրային պահանջ։

-Այդ ե՞րբ է հանրային պահանջ եղել, ամեն փոփոխության ժամանակ լինում է իշխող քաղաքական ուժի մոտեցում, այնպես չէ, որ հանրությունը դուրս է եկել փողոց ասում է՝ մեզ նոր սահամնադրություն է պետք և, ընդհանրապես, մեր սահմանադրական փոփոխությունների պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի անգամ հանրային պահանջ չի եղել որպես այդպիսին։

-Իսկ ո՞ր դեպքում կարող է փոխվել Սահանադրությունը․ կա՞ որևէ չափանիշ։

-Չեմ կարող այս պահին ասել, բայց, սովորաբար, եթե  գնում ես  Սահմանադրությունը փոխելուն, ուրեմն փոխում ես կառավարման ձևը, ինչ-որ լուրջ փոփոխություններ ես կատարում և եթե պետք է զուտ արվի դա, ինչպես ասվեց, առավել լեգիտիմ Սահմանադրություն ունենալու համար, չեմ կարծում, որ լեգիտիմ Սահմանդրության խնդիր այսօր դրված է։

-Սահմանաադրությունը փոխելով ի՞նչ խնդիր է ուզում լուծել Փաշինյանը։

-Չեմ կարող ասել կոնկրետ ինչ խնդիր է ուզում լուծել։

-Օրինակ քաղաքագետները, վերլուծաբանները, տարբեր շրջանակներ ահազանգում են, որ հնարավոր նոր Սահմանադրությամբ Փաշինյանը, պատկերավոր ասած, լուծարելու է պետությունը, թիրախում են հայտնվելու Եկեղեցին, ազգային խորհրդանիշները, Հայոց ցեղասպանության ճանաչումը, Սահմանադրության նախաբանը, հատկապես, որով հղում է կատարվում Անկախության հռչակագրին՝ Արցախի վերաբերյալ։

-Այդ բոլոր Ձեր ասածները չբացառելով ասեմ, որ Սահմանադրությունների նախաբանները փոխելն այդքան հեշտ բան չէ․ անգամ նախկին Սահմանադրության նախաբանը  նորմալ պետություններում համարվում է գործող և դրա մասին կան գիտական մոտեցումներ և ինչու չէ նաև մեր Սամանադրական դատարանը նախորդ տարի ոորոշում ընդունեց, որով Սահմանադրության նախաբանը համարեց մշտապես, այսպես ասած՝ փոփոխության ոչ ենթակա, այնպես որ այդ պարագայում ընդամենը մեկնաբանման խնդիր կարող է առաջանալ։ Ի վերջո, պետությունն անկախություն հռչակելով և անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունելով նպատակներ է հռչակել, որոնք ամրագրել է առաջին Սահմանադրության նախաբանում և այդ նպատակները ոչ ոք չի կարող ջնջել և զրոյից սկսել։

-Այսինքն՝ եթե անգամ նոր Սահմանադրություն ընդունվի այդ նախաբանը փոփոխման ենթակա չէ՞։

-Այդ նախաբանին միշտ կարելի է հղում անել, նախաբանը միշտ կարելի է վկայակոչել՝ ցանկացած իրավական հարցերի լուծման պարագայում։

-Տիկին Գյուլումյան, ամեն դեպքում, ռիսկային կողմեր տեսնո՞ւմ եք հնարավոր նոր Սահմանադրության դեպքում։

-Բնականաբար տեսնում եմ, թեև չեմ կարող կոնկրետացնել, բայց ցանկացած փոփոխություն իր ենթատեքստում ինչ-որ բաներ է ունենում, որն ի հայտ է գալիս կոնցեպցիան հրապարակելուց հետո։ Այսօր ուղղակի արտահայտություն է արվել և դրա շուրջ ենթադրություններն են կատարվում, բայց եթե գնա նման  փոփոխությունների, դրանից առաջ պետք է որոշակի հայեցակարգ մշակվի, նաև՝ մշակվեն ուղիները, թե ինչպես են պատրաստվում այդ փոփոխություները, այսինքն՝ կազմավորվելու է Սահմանադրական հանձնաժողով, թե  ովքեր են ընդգրկվելու, քաղաքական ինչպիսի ներկայացվածություն է ունենալու դրանք բոլորը հարցեր են, որ պետք է նախ դրանք լուծել և արդեն հայեցակարգից հետո ունենալով նախագիծ, նոր կարողանալ դատողություններ անել։

Հերմինե Զեյնալյան