կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-26 18:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 300․1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և և 79 հոդվածներին․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումները՝ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության որոշման հարցով՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հրապարակեց որոշումը․ 300․1 հոդվածը հակասում է ՀՀ Սահմանդրության 78-րդ և 79-րդ հոդվածներին։

Նշենք, որ հոդված 78-ը վերաբերում է համաչափության սկզբունքին և սահմանում․ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

Հոդված 79-ը վերաբերում է որոշակիության սկզբունքին և սահմանում․ «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հատուկ կարծիքով ՍԴ որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշել էր՝ եթե ՍԴ-ն այս հոդվածը ճանաչի հակասահմանադրական, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ այս հոդվածով հետապնդումը կդադարեցվի։ Նա պարզաբանել էր, որ իրենք վիճարկել են 300․1 հոդվածի հենց որոշակիության հարցը, քանի որ հստակ չէ՝ թեր Ռոբերտ Քոչարյանի որ արարքի համար են նրան սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ներկայացնում։

Մանրամասն՝ տեսանյութում․