կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 18:54
Հասարակություն

Դատավորը պետք է կարողանա ոչ ասել իր շրջապատին անհրաժեշտության դեպքում. Ալվինա Գյուլումյան

Դատավորը պետք է կարողանա ոչ ասել իր շրջապատին անհրաժեշտության դեպքում. Ալվինա Գյուլումյան

Դատավորների միությունը խիստ կարևորում է դատարանների անկախությունը՝ համարելով այն սկզբունքային հարց: Այս մասին, Դատավորների միության ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, ՄԻԵԴ նախկին դատավոր, Դատավորների միության առաջին նախագահ Ալվինա Գյուլումյանը։

Նա հիշեցրեց՝ երբ ստեղծվեց միությունը երկրում, քաղաքական լարված իրավիճակ էր, ու նման դեպքերում սովորաբար դատարանները դառնում են խոցելի։ Միության ստեղծման նպատակն էր դատավորների ձայնը լսելի դարձնել իրենց վերաբերող քաղաքականության մշակման հարցերում, որոշակի ներդրում ունենալ դատարանների անկախության ամրապնդման հարցում։

Բանախոսը դատարանների անկախությունը համարում է ոչ թե արտոնություն դատավորների համար, այլ մարդու իրավունքների պաշտպանության, արդարության հաղթանակի անհրաժեշտ նախապայման. «Ցավոք սրտի, դատական անկախության երաշխավորումը գործնականում միշտ չէ, որ հեշտ է, և այդ սկզբունքի պահպանումն անգամ փխրուն է եվրոպական հարուստ ավանդույթներ ունեցող երկրներում։ Դրա մասին են վկայում Արևելյան Եվրոպայում վերջին տարիների զարգացումները՝ Հունգարիայում, Լեհաստանում, նախապատերազմյան Ուկրաինայում»,-ասաց Գյուլումյանը՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ կողմից շատ վճիռներ ճանաչվել են հակաօրինական այն հիմքով, որ ապահովված չի եղել արդար դատաքննության իրավունքը, անաչառությունը։

Նախկին դատավորն ասաց, քաղաքական, տնտեսական ճգնաժամերի ժամանակ դատական համակարգի անկախությունը դառնում է շատ խոցելի, առաջինի դեպքում փնտրվում են քավության նոխազներ, երկրորդի դեպքում կրճատվում են համակարգին հատկացվող ֆինանսական միջոցները։

«Դեռևս պետք է բացատրել, թե դատական անկախությունն ինչու է այդքան անհրաժեշտ։ Այն հրամայական է, քանի որ հաճախ դատավորներն իրենց ձեռքում են պահում մարդու ազատությունը, պատիվը, անվտանգությունը, նյութական շահերը։ Այս ամենի պաշտպանության համար անհրաժեշտ է, որ դատական իշխանությունն անկախ լինի ինչպես իշխանության մյուս թևերից, այնպես էլ ունենա ներքին անկախություն, դատավորը պետք է կարողանա ոչ ասել իր շրջապատին անհրաժեշտության դեպքում»,-ասաց Գյուլումյանը՝ ավելացնելով, որ ոչ միայն պետությանը, այլև դատավորներին է վստահված դատական անկախությունը խթանելու գործը։

Բանախոսն ընդգծեց դատական համակարգի անկախության գործում ԶԼՄ-ների դերը՝ ընդգծելով, որ մի ոչ պրոֆեսիոնալ լուսաբանումը կարող է ազդել ոչ միայն տվյալ գործը քննող դատավորի, այլև ուրիշ դատավորների անաչառության վրա։ Դատարանների անկախության վրա ազդող հաջորդ գործոնը քաղաքական կուսակցություններն են, խնդիրն առկա է նաև եվրոպական երկրներում։

Դատական անկախության պաշտպանության գործում դատավորների միության անելիքների մասին խոսելիս Ալվինա Գյուլումյանն ընդգծեց, պետք է բարձրացվի հանրային իրազեկումը, դատավորների միության անդամների միջև պետք է ապահովվի երկխոսություն, դատավորները պետք է կիսվեն խնդիրների մասին մտահոգություններով, նրանց համար պետք է իրականացվեն վերապատրաստման դասընթացներ, պետք է ապահովել փոխադարձ հարգանք օրենսդիր, գործադիր, դատական մարմինների միջև, պետք է բարձրացվի քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ։