կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 14:35
Քաղաքական

Նախնական կալանք կիրառելու վերաբերյալ որոշումների բողոքարկման գործընթացը բավականին երկար է տևում, մինչդեռ կարևորագույն պահանջ կա՝ այդ հարցերը պետք է քննարկվեն անհապաղ․Ալվինա Գյուլումյան

ՍԴ-ն նախնական կալանքի վերաբերյալ կայացրել է որոշումներ, որոնք կարող էին ուղենիշային լինել։ Նախնական կալանքի առնչությամբ կա կարևորագույն պահանջ՝ կալանքի օրինականության վերաբերյալ հարցերը պետք է քննարկվեն անհապաղ, արագ։ Այս մասին ԱԺ-ում կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ աշխատանքային քննարկմանը հայտարարեց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։

 
 

Նրա խոսքով՝ նախնական կալանք կիրառելու վերաբերյալ որոշումների բողոքարկման գործընթացը բավականին երկար է տևում։

«Մեզ մոտ ինչ է տեղի ունենում՝ երբ կալանքի օրինականությունը վիճարկվում է, Վճռաբեկ դատարանը սովորական գործերի նման ունի 3 ամիս ժամկետ՝ այդ գործը քննության ընդունելու կամ չընդունելու համար։ Այդ ժամանակ կարող է նույնիսկ անձի՝ երկու ամսվա կալանքի ժամկետն ավարտվել, նա ազատ կարձակվի, բայց Վճռաբեկ դատարանը դեռ նոր պետք է քննարկի օրինականությունը և կարող է որոշում կայացնել ու անձին նորից կալանավորել»,-ասաց ՍԴ նախկին դատավորը։

 

Գյուլումյանը նշեց նաև, որ հիմնավոր կասկածի հիմքերի վերաբերյալ ՄԻԵԴ պրակտիկայում կան նախադեպային գործեր։ Ըստ նրա՝ պետք է ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք հիմքերը կրկնվում են։ «Եթե անձը մի քանի ամիս եղել է ազատության մեջ, որևէ ձևով ազդել է կամ չի ազդել, արդեն նշանակություն չունի, բայց նրա նախնական կալլանքը շարունակելու վերաբերյալ որոշում է կայացվում, այստեղ իսկապեսզկարելի է մտածել, որ միգուցե նախնական կալանքը կիրառվում է ոչ թե դրված նպատակներին հասնելու համար, այլ ուրիշ նպատակներ է հետապնդում»,-ասաց նա։