կարևոր
4165 դիտում, 8 ամիս առաջ - 2024-01-10 13:37
Հասարակություն

Ինչո՞ւ Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանը վեճի առարկա դարձավ

Ինչո՞ւ Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանը վեճի առարկա դարձավ

Հայոց ցեղասպանությունը հիշելու և հիշեցնելու համար 2018 թ. Քյոլնի ամենահայտնի վայրում հուշարձան կանգնեցվեց՝ հետևում Հռենոս գետը, իսկ դեմ-դիմաց՝ Գերմանիայի նախկին կայսր Վիլհելմ II-ի արձանը՝ ձիու վրա նստած։ Մի խումբ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Իլիաս Գևորգ Ույարի նախաձեռնությամբ՝ «Ցեղասպանության հիշատակի նախաձեռնության» ղեկավարությամբ կանգնեցված այս հուշարձանն առաջին իսկ օրից քննարկման առարկա դարձավ։

Հուշարձանը, որի կանգնեցման թույլտվությունը նախկինում միայն ապրիլի 24-ին տրվեց, գրեթե ամեն տարի ապամոնտաժվում էր և հաջորդ ապրիլի 24-ին նորից տեղադրվում նույն տեղում։ Երկու գերմանացի քանդակագործների կողմից կառուցված այս հուշարձանը չի ապամոնտաժվել միայն 2023 թ․ ապրիլի 24-ից։ Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ այն կմնա այնտեղ, որտեղ գտնվում է։

Շրջակայքում այլ հուշարձաններ էլ կան

Հուշարձանի՝ «Այս ցավը բոլորինս է» գրության անմիջապես կողքին, կարելի է տեսնել Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար, ինչպես նաև այլ հուշարձաններ՝ ի հիշատակ Հոլոքոստի ժամանակ զոհված գնչուների և Հռենոս գետի ափին սպանված ԼԳԲՏ+ մարդկանց։ Նա ասում է, որ մինչև գնչուների և ԼԳԲՏԻ+ մարդկանց հիշատակին կառուցվելիք հուշարձանների համար թույլտվություն ստանալը հուշաքարերը դրվել են առանց թույլտվության, և հավելում է, որ Հայոց ցեղասպանության հուշարձանի դեպքում նույնպես դա արվել է առանց պաշտոնական թույլտվության։

Ըստ Իլիաս Գևորգ Ույարի, հուշարձանների համար թույլտվությունները ստացվել են դրանց տեղադրումից հետո։ Նշելով, որ Հոլոքոստն ամբողջ աշխարհում ճանաչվելուց հետո պաշտոնական թույլտվություններ տրվում են կամ խոչընդոտներ չեն ստեղծվում, Ույարը կարծում է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո նույն ընթացակարգը պետք է գործի խնդրո առարկա հուշարձանի նկատմամբ։ Դիմում է ներկայացվել դատարան՝ հուշարձանն իր ներկայիս տեղում մշտապես ​​պահելու համար, և գործընթացը շարունակվում է։ Ույարը գրեթե համոզված է, որ այս գործընթացը մի քանի տարի անց էլ չի ավարտվի։

Համայնքապետարանները հաստատել են

Իլիաս Գևորգ Ույարը հայտնեց, որ Քյոլն շրջանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ որոշել է ամրացնել հուշարձանը, և Քյոլնի քաղաքապետարանը ևս նման որոշում է ընդունել։ Սակայն նա նշեց, որ քաղաքապետարանը վարում է բյուրոկրատական ​​խոչընդոտներով իրենց ահաբեկելու քաղաքականություն։ Ույարն իր անհանգստությունը հայտնեց անցյալ ամիս հուշարձանը կրկին ապամոնտաժելու լուրերի առնչությամբ և ասեց, որ այդ լուրն անհիմն է՝ ընդգծելով. «Նայե՛ք լուսանկարներին․ մարդիկ արդեն շապիկներ են հագել»։

Նշելով, որ հուշարձանի մեջ վիրավորական բան չկա՝ Ույարը շեշտում է, որ հուշարձանը հիմնականում թիրախավորվում է ռասիստ և ազգայնական թուրքերի կողմից։ Մյուս կողմից, Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ցեղասպանության հարցում այդ շրջանի գերմանացի պաշտոնյաների ունեցած դերի ընդգծումը ստիպեց որոշ ուսուցիչների սեփական նախաձեռնությամբ բացատրել 1915 թ․ պատմությունը, թեև այն ներառված չէր պաշտոնական դասագրքերում: Ույարն ասում է, որ որոշ դպրոցների ուսուցիչներ իրենց աշակերտների հետ հավաքվում են հուշարձանի շուրջ և բաց դաս անցկացնում այնտեղ։

Հուշարձանի կարևորությունը

Թեև քաղաքի հայկական գերեզմանատանը Ցեղասպանության հիշատակին խաչքար է դրվել, Ույարն ասում է, որ այդ հուշարձանը և՛ քաղաքից հեռու է, և՛ այնպիսի վայրում է, ուր միայն հայերն են այցելում․ «Այս հուշարձանը կառուցելուց առաջ մենք մեծ ուշադրություն դարձրինք նաև դրա գտնվելու վայրին։ Գերեզմանատան հուշարձանը գրեթե բացառապես հայերի կողմից է նկատվում: Մենք ցանկանում էինք և՛ հեռու մնալ կրոնական խորհրդանիշից, և՛ ուշադրություն դարձնել, որ այն տեսնեն ու ճանաչեն ոչ միայն հայերը, այլև գերմանացիները և այլք։ Մեզ համար շատ կարևոր է, որ այն տեսանելի լինի։ Հիմա էքսկուրսավարները այս հուշարձանն ավելացրել են իրենց ցանկում և զբոսաշրջիկներին նույնպես ցույց են տալիս այս վայրը»։

Ապագան դեռ անհայտ է

Իլիաս Գևորգ Ույարը արժևորում է այս հուշարձանի մեկ այլ նշանակություն՝ օրինակ ծառայելու առումով։ Ըստ Ույարի, Քյոլնի հուշարձանի պաշտոնական թույլտվությունը ստանալուց հետո այլ հուշարձաններ շատ ավելի հեշտությամբ կարող են տեղադրվել ուրիշ քաղաքներում։ Ույարը նաև նշում է, որ արձագանքը չի եղել միայն ծայրահեղ աջ ազգայնականների կողմից, այլ տեղ-տեղ գերմանացիները ևս դեմ են եղել հուշարձանին՝ քաղաքական պատճառներով։ Ույարի խոսքով՝ գերմանացիների առարկության պատճառն այն է, որ Հոլոքոստը կկորցնի իր առանձնահատկությունը։ Սակայն Իլիաս Գևորգ Ույարն ասում է, որ այս զգայունությունն անտեղի է, քանզի Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություն անցկացվում է Իսրայելի Հայֆայում ևս, և երկրի որոշ համալսարաններ ուսումնասիրություններ են կատարում և դասախոսություններ են անցկացնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Նշելով, որ իրենք չեն ապամոնտաժելու հուշարձանը, թեև ճնշումների տակ են, Իլյաս Ույարը չգիտի, թե հետագայում ինչ է պատահելու։ Ույարը հայտնելով, որ իրենք կապի մեջ են Քյոլնի շրջանի ղեկավարության հետ և հարցը քննարկել են անձամբ քաղաքապետի հետ, մյուս կողմից ծիծաղելի է համարում, որ շրջանի համայնքապետարանի որոշումից հետո հավաքված մարզային համայնքապետարանը թույլ է տվել, որ հուշարձանը մնա տեղում, և հայտարարում է, որ շարունակելու են պայքարը հուշարձանը մշտապես ցուցադրելու համար։

Բայց կարծես թե Քյոլնի՝ Հայոց ցեղասպանության հուշարձանն առաջիկա մի քանի ապրիլի 24-ի ևս կշարունակի օրակարգային մնալ:

https://www.agos.com.tr/tr/yazi/29654/kolndeki-ermeni-soykirimi-aniti-neden-tartisma-konusu-oldu

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net