կարևոր
4246 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-17 11:31
Քաղաքական

Ինչո՞ւ և ինչպե՞ս «Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» դարձավ ընտրովի դասըթաց

Ինչո՞ւ և ինչպե՞ս «Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» դարձավ ընտրովի դասըթաց

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին՝ ապրիլի 15-ին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ 1.5 մլն հայ նահատակների անուն-ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ 

«Կարող է միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ։ Մինչև հիմա ինչի՞ մեր երկիրը այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվում։ Դա կարևոր է նաև հետագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,– ասել էր նա։

Ցեղասպանագետները փաստեցին, որ ՔՊ-ական պատգամավորի այս աննախադեպ հայտարարությունը ուղղակիորեն արտահայտում է թուրքական մոտեցումները, այսինքն՝ մինչ օրս միայն թուրքական կողմն է կասկածի տակ առել Հայոց ցեղասպանության իրողությունն ու զոհերի թվաքանակը, իսկ այսօր արդեն դա արվում է Փաշինյանի իշխանության ձեռամբ:

Yerkir.am հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, անդրադառնալով նշված հայտարարությանը, նշեց. «Կան բազմաթիվ դժվարություններ կապված նյութերի հավաքագրման հետ: Այստեղ խնդիր ունենք հենց ճիշտ թվերի հետ: Ու նաև այն հանգամանքի, որ այդ անվանական տվյալները ցեղասպանության տարիներին ոչնչացվել են»:

Արդյո՞ք 1,5 մլն անմեղ զոհերի անունները պարտադիր նախապայման են, որ հաստատվի՝ ցեղասպանություն եղե՞լ է: Ըստ տիկին Գզոյանի՝ ցեղասպանության հանցագործությունը թվերի մասին չէ, և նշանակություն չունի՝ որքան մարդ է մահացել, այստեղ ամենակարևորը կանխամտածվածությունն է:

Անդրադառնալով թանգարանի գործունեությանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ թանգարանում գործում է մի բաժին, որը կոչվում է «Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժին»։ Այն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է արցախցիների հանդեպ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ուսումնասիրությամբ և անգլալեզու տարբեր տպագրությունների հրապարակմամբ:

«Բաժինը բացելուն պես մենք  շեշտադրումը դրեցինք անգլալեզու տպագրությունների վրա, որպեսզի կարողանանք ամբողջ աշխարհին մեր պատմությունը ներկայացնել: Կազմակերպել ենք նաև գիտաժողով, որտեղ խոսել ենք նաև Արցախի մասին»,- ասաց   նա:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը փաստեց նաև, որ Հայոց ցեղասպանության մասին փորձում են իրազեկել հանրությանը համացանցի միջոցով, միջազգային ամսագրերում հոդվածներ հրապարակելով և այլն:  Այժմ արդեն դպրոցներում, որպես ընտրովի դասըթաց, ներդրված է «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» առարկան:  

«Մենք միջազգային գիտաժողով էինք  կազմակերպել`«Հայոց ցեղասպանության կրթության հարցերը 21-րդ դարում», որից հետո դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն՝ առաջարկելով «Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» իբրև առանձին առարկա մտցնել ծրագրում: Նախարարությունը հաստատել է այդ առարկան որպես ընտրովի դասըթաց։ Մենք արդեն սկսել ենք ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկի նախապատրաստական աշխատանքները, և ես կարծում եմ, որ այս ձեռնարկի շնորհիվ ավելի շատ դպրոցներ կվերցնեն և կդասավանդեն այս առարկան», - եզրափակեց Էդիտա Գզոյանը:

 

Մանե Տիգրանյան

ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին,

3-րդ կուրս