կարևոր
2371 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-01 16:27
Հասարակություն

Հնարավոր է ապամոնտաժվի Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանը

Հնարավոր է ապամոնտաժվի Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանը

Թուրքական մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Քյոլնում թուրքական «Վաթան» կուսակցության մղած պայքարի հետևանքով հնարավոր է՝ ապամոնտաժվի տեղի Հայոց ցեղասպանության հուշարձանը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ «Վաթան» կուսակցության՝ Գերմանիայի ներկայացուցիչ Դենիզ Յըլդըրըմն իր ելույթում թուրքերենի շնորհավորել է Քյոլնի քաղաքապետարանի կայացրած որոշման կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։

Աղբյուրի համաձայն՝ մասնավորապես «Այդընլըք» պարբերականը գրում է, որ «Վաթան» կուսակցության ներկայացուցչության կոչը մեծ արձագանք է գտել տեղի թուրքական համայնքի կողմից, և Թուրքիայի Հանրապետության 100-րդ տարելիցի օրը՝ հոկտեմբերի 29-ին, Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանն ապամոնտաժելու ակցիա է իրականացվել, որն ապարդյուն չի անցել թուրքերի համար։

Քյոլնի քաղաքապետարանի կայացրած որոշմամբ՝ 2023 թ․ դեկտեմբերի 7-ին նախատեսվող քաղաքապետարանի խորհրդի ժողովում հայտարարվելու է հուշարձանն ապամոնտաժելու անհրաժեշտության մասին։ Մինչ օրս այդ հարցին հետամուտ են եղել Թուրքական միությունների նախաձեռնության հարթակը և «Վաթան» կուսակցության՝ Գերմանիայի ներկայացուցչությունը։

Դենիզ Յըլդըրըմը նաև հանդես է եկել Գերմանիայի թուրքական համայնքին ուղղված կոչով՝ խնդրելով, որ 2023 թ․ դեկտեմբերի 7-ին համայնքի ներկայացուցիչները հավաքվեն Քյոլնի քաղաքապետարանի մոտ և իրենց աջակցությունը հայտնեն Հայոց ցեղասպանության հուշարձանի ապամոնտաժման համար պայքարող թուրքական կազմակերպություններին, որպեսզի քաղաքապետարանի որոշումն անբեկանելի լինի։ https://www.aydinlik.com.tr/haber/kolndeki-iftira-aniti-kaldiriliyor-437110

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net