կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-07 22:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քյոլնում Հայոց Ցեղասպանության հուշարձանը քանդել են Թուրքիայի հետ ՀՀ իշխանության սիրախաղի պատճառով․ Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը քանդելու երևույթին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այն իշխանությունը, ով սիրախաղ է սկսել Թուրքիայի հետ, ով հրաժարվել է մեր անժամանցելի իրավունքների պաշտպանությունից, պատասխանը սա է լինելու՝ ասաց նա։

Սա մի հանցավոր գործընթաց է, նշեց Սաղաթելյանը, որ սրանց մնալու պարագայում շարունակվելու է։

«Հարյուր տարուց ավելի մեր ժողովուրդը զրկանքների, պայքարի, համահայկական պահանջատիրության գնով Ցեղասպանության միջազգային երթը շարունակել է ամբողջ աշխարհում։ Բազմաթիվ պետություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, դատապարտել դա, բայց այսօրվա իշխանության քաղաքականության հետևանքով աշխարհում սկսվում է նոր պրոցես, որը պետք է կանխել։ Մեկ անգամ ևս այս հրապարակից ասեմ՝  օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․ հայ ժողովրդի կամքն այստեղ է՝ Ֆրանսիայի հրապարակում, Ցեղասպանության միջազգային դատապարտումը այլընտրանք չունի»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Այսօր ավտոերթով Վանաձոր գնալուց ու այնտեղ հանրահավաք անցկացնելուց հետո Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ մարզերի բնակչության դժգոհությանը համայնքների խոշորացումից։

«Սրանց դուրս վռնդելուց հետո ամբողջությամբ կվերանայենք համայնքների խոշորացման գործընթացը»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Վաղվա ծրագրի մասին նա ասաց․

Առավոտյան ժամը 9։30 ավտոերթը շարժվելու է այս անգամ Գյումրի․ ժամը 13։00 Գյումրիում տեղի կունենա հանրահավաք։

Ժամը 17։00 Երևանի Ֆրանսիայի հրապարակում տիրելու է Արցախի շունչը․ արցախցիները Արցախի ավանդույթով մշակութային միջոցառում են անցկացնելու։

Վաղը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք չի լինելու։

Մեծ հանրահավաք է լինելու մյուս օրը՝ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրության օրը․ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ժամը 17։00-ին մեծ հանրահավաքի են հրավիրված մեր բոլոր հայրենակիցները։

Մանրամասն՝ տեսանյութում․